ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավ…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունը կախված է ինչպես ԵՄ ընդլայնման քաղաքականությունից, այնպես էլ Հայաստանի ժողովրդի որոշումից։ ՀՀ կառավարության ռազմավարական նպատակն է երկրի և ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելը։
Փաշինյանն այս մասին ասել է Radio France International-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի վերջնական նպատակը ԵՄ անդամակցությունն է, և ինչ ժամկետներում այն կարող է իրականանալ։
Վարչապետը հիշեցրել է, որ 2025 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ ընդունվել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ անդամակցել ցանկացող երկրի ցանկությունը բավարար չէ․ Եվրամիությունը նույնպես պետք է որոշում կայացնի իր ընդլայնման վերաբերյալ։
«Մեր նպատակն այն է, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա որոշել՝ Հայաստանը մնա Եվրասիակա՞ն տնտեսական միության անդամ, լինի Եվրոպակա՞ն միության անդամ, թե չլինի ոչ Եվրոպական միության, ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ընդ որում՝ ամեն դեպքում մենք Հայաստանի Հանրապետությունը բարեփոխելու ենք Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցմամբ»,– նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի ԵՄ անդամակցությանը, հարցը կրկին կախված կլինի երկու կողմերից՝ Եվրամիության՝ Հայաստանին ընդունելու պատրաստակամությունից և Հայաստանի ժողովրդի քվեարկությունից։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն ունենալը Հայաստանի համար օգտակար կլինի նույնիսկ այն դեպքում, եթե երկիրը ԵՄ անդամ չդառնա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով