Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն…

❗️Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։
📌 Այս առումով, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային գործընթացների համատեքստում ստեղծվող հնարավորություններն ու Հայաստանի երկաթուղիների մրցակցային, ինչպես նաև միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրված դարձնելուն ուղղված քայլերը։ Մտքեր են փոխանակվել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի ու դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ։
🚂 Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով