«Առաջիկայում պատերազմ չի լինի, բայց ողջամիտ ժամկետում կլինի» Լուսինե Հովհաննիսյ…

«Առաջիկայում պատերազմ չի լինի, բայց ողջամիտ ժամկետում կլինի» Լուսինե Հովհաննիսյան
Երեկ միասին փորձեցինք հասկանալ «առաջիկա» բառի իմաստը և փորձ արեցինք իմանալ «ողջամիտ ժամկետ» արտահայտության թվաբանական համարժեքը։
Դեպքը պատահեց կեսօրին, երբ մեր ինքնիշխան հանրապետության,- որի սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ պատմական-մատմական բաներ կան մեջը,- երբ մեր ինքնիշխան հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը անցնում էր, մեկ էլ լրագրողները շրջապատեցին պետին։ ԳՇ պետը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Նիկոլայի նման ասաց․ «А я как раз к вам направлялся»։
Դրանից հետո էր, որ լրագրողները հարցրին ԳՇ պետին։ Չէ, չգուշակեցիք, Ջերմուկի ադրբեջանցիների մասին չէ խոսքը, որոնք սովից մեռել են։ Լրագրողները հարցրին ԳՇ պետին՝ առաջիկայում պատերազմ կլինի՞։
ԳՇ պետն էլ, թե՝ առաջիկայում ինչ եք հասկանում։ Նկատի ուներ՝ առաջիկա ասելով ինչ եք հասկանում։
Լրագրողն էլ թե՝ COP 29-ից հետո։
Այստեղ, Հայերենի բացատրական բառարանում «առաջիկա» բառի բացատրությունների շարքում ի թիվս՝ մոտ ապագայում լինելիք, կատարվելիք, տեղի ունենալիք, մոտավոր ապագա, մոտ ժամանակները բացատրությունների ավելացավ ևս մեկը՝ COP 29-ից հետո։
ԳՇ պետը «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Նիկոլայի հանգույն «приедет наверное завтра, а может послезавтра»-ի ոճով և ճշտությամբ պատասախնեց․ «COP 29-ից հետո հնարավոր է լինի մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, չորս, հինգ, վեց, ինը ամիս»։ Եվ, իրոք, նոյեմբերի 29-ից հետո, հա էլ հետո է, հետո՝ ե՞րբ։
Այստեղ էր, որ լրագրողը մաթեմատիկական ճշտություն մտցրեց քննարկվող նյութի մեջ և ԳՇ պետին հուշեց, թե՝ «ողջամիտ ժամկետում»։
ԳՇ պետը կարկամեց մի քիչ, հետո էլի «Հարսնացուն հյուսիսից»-ի Նիկոլայի նման, որն ի պատասխան Երվանդի ֆրանսերենի՝ ասում է «ты меня своим французским не пугай, знаешь», պատասխանեց․
– ԳՇ պետը չի գնահատում նման իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ։
Բա՞, իսկ դուք վախենում էիք։
Այստեղ էր, որ լրագրողը չհանդարտվելով, նորից զայրացրեց ԳՇ պետին, ու հարցրեց՝ բա, որ պատերազմ չի լինելու, ինչու է Արարատ Միրզոյանը ասում՝ լինելու է։ Եվ ԳՇ պետը պատասխանեց․
– Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է մեկ, երկու ամիս, այլ ձեր ասած ողջամիտ ժամկետը, որը կարող է գերազանցել վեց ամիսը, մեկ տարին։
Ֆուհ։ Հոգիներս դուրս եկավ։ Մենք էլ վախենում էինք անկապ։
Պարզվեց՝ ի՞նչ․ առաջիկայում պատերազմ չի լինելու․ առաջիկան COP 29-ից հետոն է, COP 29-ից հետո՝ ողջամիտ ժամկետներում։ Այստեղ կարևորը ներգոյական հոլովը բացառական հոլովից տարբերելն է։
Ուրեմն, պատերազմ լինելու է, այլ ոչ թե մեկ, երկու ամսից, այլ՝ ողջամիտ ժամկետից հետո։
Իսկ եթե չհասկացաք «ողջամիտ» ժամկետ արտահայատության թվաբանական համարժեքը, ես մեղավոր չեմ, իմը պատմելն էր։

«Առաջիկայում պատերազմ չի լինի, բայց ողջամիտ ժամկետում կլինի» – CIVILNET

Երեկ միասին փորձեցինք հասկանալ «առաջիկա» բառի իմաստը և փորձ արեցինք իմանալ «ողջամիտ ժամկետ» արտահայտության թվաբանական համարժեքը։ Դեպքը պատահեց կեսօրին, երբ մեր ինքնիշխան հանրապետության,- որի սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ պատմական-մատմական բաներ…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *