Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնո…

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հայաստանյան որոշ մեդիա ռեսուրսներում ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունների մասին մեկնաբանությունները էականորեն ուռճացված են։
Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր՝ վերջերս Իրան կատարած այցի ընթացքում հաջողվե՞լ է ԹՐԻՓՓ նախագծի շուրջ  իրանական կողմի մտահոգությունները փարատել։

«Այն մեկնաբանությունները, այն սոուսը, որով ներկայացվում են Իրանի մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ հայաստանյան որոշ մեդիառեսուրսներում, եթե չասեմ էականորեն հեռու են իրականությունից, կարող եմ ասել էականորեն ուռճացված են։ Իրանական կողմում կան հարցեր, այդ հարցերին պատասխաններ տրվել են, իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։
Օրինակ, իրանական կողմը հարցնում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն ԹՐԻՓՓ-ի երկայնքով։ Չի լինելու, մարդիկ հարցնում են, ասում ենք՝ չի լինելու, թղթերը այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք, իրենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու…իրենք էլ կպնելու են, չէ, այդ երկաթուղային ցանցը կարողանալու են օգտագործել։ Դասագրքային ճշմարտություն է, որ երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղ երկուսի հարաբերություններում, միայն բարդացնելու է այն երկուսի կյանքը։ Մարդիկ հարցեր են ունեցել, այդ հարցերին պարբերաբար տրվել են պատասխաններ, ընդ որում, այնպես չէ, որ ես այս անգամ գնացել եմ ու ինձ այց հարցն են տվել, որովհետև այդ հարցը տրվել է մեկ տարի առաջ և այդ հարցը պարզաբանվել է։ Ես գնացել եմ և ինձ ասել են՝ եթե այսպես է, լավ…»,- մանրամասնել  է ՀՀ ԱԳՄԱ նախարարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով