Երբ ես էի ԲՈՒՀ ընդունվում, իմ ֆակուլտետում ուսման վարձը մոտ 500 հազար դրամ էր, հիմա նույն ֆակուլտետի վարձն արդեն 900 հազար դրամից ավել է ու ամեն տարի աճում է, մյուս ֆակուլտետներում ևս միջին վարձը արդեն 800 — 900 հազար դրամ է ու սա իսկապես լուրջ բեռ է մարդկանց համար, որովհետև մենք այս երկրում ենք ապրում ու գիտենք, որ շատ մարդիկ ուղղակի չունեն այս վարձը տալու հնարավորություն, չնայած ունեն շատ տաղանդավոր և խելացի երեխաներ։
Ցանկացած ուսանող գիտի, զգացել է, թե ուսման վարձը ինչ բեռ է դառնում իր ու իր ընտանիքի համար։ Ինքս ուսանող ժամանակ աշխատել եմ, որպեսզի օգնեմ ծնողներիս վճարել ուսմանս վարձը, ինչպես շատ ուսանողներ ու կոնկրետ տղաների պարագայում բանակից վերադառնալուց հետո ուղղակի չի ստացվում տեսնել ծնողի չարչարանքը, անընդհատ տանից գումար վերցնել, գնալ դասի ու փորձում ես գտնել ցանկացած աշխատանք, որ գոնե քո «ձեռքի ծախսը» դու հոգաս ու դա ազդում է նաև քո ուսման որակի վրա, որովհետև շատ բաներ սկսում ես չհասցնել, բացեր են մնում։
Շատ կարևոր եմ համարում, որ անվճար բարձրագույն կրթության դրույթը շատ է շրջանառվում այս նախընտրական փուլում ու գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերն այս կամ այն չափով դա ընդգրկել են իրենց ծրագրում։ Կենացային տրամաբանությունից դուրս ինձ համար կոնկրետ բովանդակային ծրագիրը ներկայացրել է «Հայաստան» դաշինքը, մասնավորապես, Աննա Գրիգորյանն է հենց այս հարցով զբաղվում, ինքն էլ հենց կրթության ոլորտի մասնագետ է։ Ու խոսքը նրա մասին չէ, որ ԲՈՒՀ-ի դռները բացվի բոլորի առաջ, հատուկ ընդունելության մեխանիզմ կգործի, որ մարդիկ գիտելիքը ունենալու, քննությունը հանձնելու դեպքում ստանան այդ անվճար ուսումը ստանալու հնարավորությունը ու չմտածեն, թե որտեղից վարձը հայթհայթեն։ Վարձերը կսուբսիդավորվեն պետության կողմից ու բյուջեում այդ գումարները հաստատ կգտնվեն։
Սա իսկապես կարևոր հարց է ու կուզեի, որ բացի քաղաքական հարցերից, մարդիկ նման ծրագրային դրույթներին ևս ուշադրություն դարձնեին։ Ի դեպ, եթե հարցեր ունեք, ավելի մանրամասն կցանկանաք ինչ-որ բան իմանալ, կարող եք գրել մեկնաբանություններում, վստահ եմ՝ Աննան ինքն էլ սիրով կպատասխանի բոլոր հարցերին։ Նաև Ձեր կարծիքն է կարևոր այս ծրագրի հետ կապված, դա էլ կխնդրեմ գրեք, որովհետև բոլորդ էլ կամ եղել եք ուսանող կամ տանը ունեք ուսանող:
Photo
Թողնել պատասխան