Author: Suren Surenyants

  • Անկախության հռչակագիրը 36 տարեկան էԱյսօր մենք նշում ենք մեր նորագույն պատմության…

    Անկախության հռչակագիրը 36 տարեկան է
    Այսօր մենք նշում ենք մեր նորագույն պատմության ամենաֆունդամենտալ փաստաթղթերից մեկի՝ Անկախության հռչակագրի 36-ամյակը։ Սա պարզապես իրավական ակտ չէր․ սա մեր ժողովրդի կամքի, համազգային շարժման և ազատության ձգտման քաղաքական հաղթանակն էր։
    1988-ի շարժումը, որն իր շուրջ համախմբեց ամբողջ հայ ժողովրդին, իր քաղաքական մարմնավորումը ստացավ հենց այս Հռչակագրում։ Այն դարձավ համազգային կոնսենսուսի արձանագրություն, դարձավ հիմք, որի վրա կառուցվեց մեր Երրորդ Հանրապետությունը։
    Հռչակագիրը մեզ հուշում է պարզ ճշմարտություն․ Հայաստանի անկախությունը ծնվել է ոչ թե դրսի ուժերի շնորհիվ, այլ մեր ժողովրդի միասնականության ու պայքարի արդյունքում։ Հենց այդ փաստաթղթում են ամփոփված մեր պետականության հիմնասյուները՝ անկախություն, ինքնիշխանություն և ազատություն։
    Սակայն այսօր մենք ականատես ենք դառնում փորձերի՝ այդ հիմքերը խարխլելու։ Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի պահանջով, պատրաստվում են Հռչակագրին հղումը հեռացնել Սահմանադրության նախաբանից։ Սա նշանակում է՝ պետականության խորհրդանիշը ջնջել մեր պետական իրավունքի հիմքից։ Դա վտանգավոր է ոչ միայն պատմական հիշողության, այլև ազգային անվտանգության համար։
    Անկախության հռչակագիրը պետք է մնա մեր Սահմանադրության սրտում, որովհետև այն մեր ժողովրդի քաղաքական ու պատմական ինքնության անբաժանելի մասն է։ Այն մեր ազատության մանֆեստն է և այնպիսի արժեք, որից հրաժարվելն նշանակում է հրաժարվել հենց Հայաստանի Հանրապետության գաղափարից։
    Այսօր, 36 տարի անց, մեր պարտականությունն է պաշտպանել ոչ միայն մեր սահմանները, այլև մեր պետականության հիմնադիր փաստաթուղթը, մեր անկախության մանդատը։
    Շնորհավորում եմ բոլորիս այս լուսավոր տարեդարձի կապակցությամբ։ Թող մեր հավատարիմ մնալը Անկախության հռչակագրի արժեքներին լինի այն ուժը, որը կապահովի Հայաստանի ապագան՝ որպես ազատ, ինքնիշխան և արժանապատիվ պետություն։

  • Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջմ…

    ‼️ Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կրկին օրակարգ է բերել անկլավների հարցը։ Ըստ նրա՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Տիգրանաշենը (Քյարքի) և Տավուշի մարզի անկլավները՝ Բարխուդարլուն ու Յուխարի Ասկիպարան՝ Ադրբեջանի։ Փաշինյանը նաև հիշեցրել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին՝ ընդգծելով, որ տարածքային վեճերը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ։
    Փաշինյանի երեկվա հայտարարությունը, սակայն, նորություն չէ։ Անկլավների վերաբերյալ նման մոտեցում նա արտահայտել էր նաև նախընտրական շրջանում։ Հետևաբար, գործ ունենք ոչ թե իրավիճակային հայտարարության կամ քաղաքական իմպրովիզացիայի, այլ հետևողականորեն առաջ մղվող քաղաքական գծի հետ։
    Ավելին՝ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա տրամաբանության պայմաններում անկլավների հարցի հայտնվելն օրակարգում միանգամայն կանխատեսելի էր։
    Խնդիրն այլ է՝ ի՞նչ սկզբունքով է լուծվելու այդ հարցը։
    Եթե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել Տիգրանաշենի և Տավուշի մարզի անկլավների նկատմամբ փաստացի վերահսկողությունից, ապա բնական հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենալու նույն պահին Արծվաշենի հետ։ Կա՞ համաձայնություն, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն միաժամանակ։ Կա՞ն հստակ և փոխադարձ պարտավորություններ։ Եվ, վերջապես, ո՞վ ու ինչպե՞ս է երաշխավորելու դրանց կատարումը։
    Այս հարցերի հրապարակային պատասխաններն առայժմ չկան։
    Հենց այստեղ է միակողմանի զիջման հիմնական վտանգը։ Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության հանձնումը կոնկրետ և, ըստ էության, անշրջելի գործողություն է։ Մինչդեռ Արծվաշենի վերադարձի քաղաքական ակնկալիքը, եթե այն ամրագրված չէ համարժեք, միաժամանակյա և երաշխավորված մեխանիզմով, բոլորովին այլ հարթության հարց է։ Պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել «մենք մեր քայլը կանենք, հետո կտեսնենք՝ Ադրբեջանն ինչ կանի» սկզբունքով։
    Խնդիրն ունի նաև ռազմավարական չափում։
    Տիգրանաշենը գտնվում է Հայաստան–Իրան կարևորագույն ճանապարհային ուղղության վրա։ Այդ տարածքի նկատմամբ վերահսկողության փոփոխությունն անմիջականորեն առնչվելու է Հայաստանի հարավային հաղորդակցություններին, բեռնափոխադրումներին և, ընդհանրապես, Իրանի հետ կապի անվտանգությանը։ Տավուշի մարզի անկլավների պարագայում ևս հարցը միայն մի քանի բնակավայրերի կամ հողակտորների մասին չէ։ Դրանց աշխարհագրական դիրքն անմիջականորեն կապված է Հայաստանի հյուսիսարևելյան ճանապարհների, սահմանամերձ բնակավայրերի և անվտանգային ենթակառուցվածքների հետ։
    Արծվաշենը Հայաստանի տարածք է, և դրա վերադարձը, բնականաբար, բխում է մեր պետության օրինական շահերից։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ կարելի է մեխանիկորեն ռազմավարական հավասարության նշան դնել Արծվաշենի և Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անկլավային տարածքների միջև։ Պետությունները տարածքային հարցերում առաջնորդվում են ոչ միայն քարտեզի վրա քառակուսի կիլոմետրերի հաշվարկով, այլև ճանապարհների, հաղորդակցությունների, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության և հնարավոր ռազմավարական հետևանքների գնահատմամբ։
    Առավել խնդրահարույց է այն քաղաքական համատեքստը, որում ծավալվում է այս քննարկումը։ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածներ։ Եվ այստեղ առաջանում է թերևս ամենակարևոր քաղաքական հարցը․ ինչո՞ւ է Փաշինյանը պատրաստ քննարկելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնումը, եթե զուգահեռաբար, նույն օրակարգում և նույն հստակությամբ չի դրվում Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը ։
    Հենց այստեղ պետք է գործի փոխադարձության սկզբունքը։
    Չի կարող սահմանազատման մի հատվածում գործել քարտեզի անվերապահ տրամաբանությունը, իսկ մյուս հատվածում՝ Հայաստանի տարածքների վերադարձը մնալ ապագայի անորոշության մշուշում։
    Եթե հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, ապա այն պետք է հավասարապես և միաժամանակ գործի երկու պետությունների դեպքում։ Հակառակ պարագայում սահմանազատումը Հայաստանի համար կարող է վերածվել ոչ թե հավասարակշռված գործընթացի, այլ հերթական միակողմանի զիջումների շղթայի։
    Առանձին ուշադրության է արժանի նաև պաշտոնական բառապաշարը։ Փաշինյանը Տիգրանաշենը հիշատակում է ադրբեջանական՝ «Քյարքի» անվամբ։
    Տարածքային վեճերում տերմինաբանությունը սկզբունքային նշանակություն ունի։ Երբ պետության ղեկավարը սեփական երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքի մասին խոսելիս օգտագործում է հակառակ կողմի տեղանվանական բառապաշարը, դա առնվազն հանրային և քաղաքական ընկալումների աստիճանական փոփոխության խնդիր է առաջացնում։
    Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում։
    Առաջին տարբերակը՝ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն է․ Արծվաշենը փաստացի մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի անկլավները՝ Հայաստանի։ Սա, իհարկե, վերջնական իրավական լուծում չէ, սակայն առնվազն թույլ է տալիս չստեղծել ճանապարհային, հաղորդակցային և անվտանգային նոր ռիսկեր։
    Երկրորդ տարբերակը՝ անկլավների հարցի լուծումը հետաձգելն է՝ այն կապելով իրական և ինստիտուցիոնալ խաղաղության ձևավորման հետ։ Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները հասնեն այնպիսի մակարդակի, որ սահմանը լինի անվտանգ, հաղորդակցությունները՝ երաշխավորված, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը կախված չլինի քաղաքական կոնյունկտուրայից, հնարավոր կլինի վերադառնալ նաև այս բարդ խնդրին։
    Այսօր նման միջավայր ակնհայտորեն գոյություն չունի։
    Ուստի հարցն այն չէ՝ պե՞տք է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը։
    Անշուշտ, պետք է։
    Հարցն այն է, թե ինչ պայմաններում, ինչ սկզբունքներով և ինչ երաշխիքներով է իրականացվում այդ գործընթացը։
    Եթե Հայաստանը հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, մինչդեռ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձը չի իրականացվում նույն պահին և չի ամրագրվում նույնքան հստակ ու պարտադիր մեխանիզմներով, ապա նման գործընթացը դժվար է անվանել հավասարակշռված սահմանազատում։
    Խաղաղությունը չի կարող կառուցվել մի կողմի կոնկրետ ու անշրջելի զիջումների և մյուս կողմի ապագա հնարավոր քայլերի վրա։
    Սահմանազատումը կարող է խաղաղության գործիք դառնալ միայն այն դեպքում, երբ գործում են երեք պարզ սկզբունք՝ փոխադարձություն, գործողությունների միաժամանակյա իրականացում և անվտանգության հստակ երաշխիքներ։
    Հակառակ դեպքում վտանգ կա, որ անկլավների խնդիրը լուծելու փոխարեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության նոր ռիսկերը պարզապես կտեղափոխվեն Հայաստանի ներս՝ էսկալացիայի նոր վտանգով։

  • «Պաշտոնական գաղափարախոսությունից»՝ մինչև Ալեքսանդրապոլի ստվերըՕգոստոսի 20-ին կառ…

    ⚡️⚡️⚡️«Պաշտոնական գաղափարախոսությունից»՝ մինչև Ալեքսանդրապոլի ստվերը
    Օգոստոսի 20-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը, հայտարարել է, որ հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ դառնալով Հայաստանի Հանրապետության «պաշտոնական գաղափարախոսություն»։ Դրան հաջորդել է մեկ այլ ուշագրավ արձանագրում․ Հայաստանը, ըստ Փաշինյանի, թևակոխում է իր պատմության նոր փուլ՝ Չորրորդ հանրապետություն։
    Տարբերությունը, նրա ձևակերպմամբ, սկզբունքային է․ Երրորդ հանրապետությունն առաջին իսկ օրվանից հիմնադրվել է «կոնֆլիկտի ու հակամարտության տրամաբանությամբ», մինչդեռ Չորրորդը ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։
    Այս ձևակերպումների հետևում նշմարվում է Հայաստանի պետականության, նրա պատմական շարունակականության և ազգային ինքնության վերաիմաստավորման մի հայեցակարգ, որն առնվազն մի քանի սկզբունքային հարց է առաջացնում։
    Առաջինը հենց «պաշտոնական գաղափարախոսություն» հասկացությունն է։
    Ժողովրդավարական պետությունում ընտրություններում հաղթանակը քաղաքական ուժին տալիս է երկիրը կառավարելու մանդատ, ոչ թե սեփական աշխարհայացքը պետական գաղափարախոսության վերածելու իրավունք։ Ընտրողը կառավարություն է ընտրում, ոչ թե հրաժարվում է գաղափարական բազմակարծությունից։
    Իշխող ուժի գաղափարախոսությունը պետության գաղափարախոսություն հռչակելը վտանգավոր սահմանագիծ է։ Այդ տրամաբանությամբ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն կառավարում է պետությունը, այլև հավակնում է սահմանել Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի «ճիշտ» ընկալումը։ Սա արդեն գաղափարական մենաշնորհի, ավտորիտարիզմի հաստատման վտանգավոր ճանապարհ է։
    Երկրորդ խնդիրը՝ Երրորդ հանրապետության ամբողջ պատմաքաղաքական ժառանգությունը «կոնֆլիկտի տրամաբանությամբ» բնութագրելու փորձն է։
    Երրորդ հանրապետությունը ծնվել է Խորհրդային Միության փլուզման, Հայաստանի անկախության վերականգնման, ազգային ինքնորոշման և անվտանգության համար պայքարի պատմական համատեքստում։ Ղարաբաղյան շարժումն այդ գործընթացի կարևորագույն բաղադրիչներից էր, սակայն Երրորդ հանրապետության ծննդյան հիմքերը դրանով չի սահմանափակվում։
    1991 թվականից ձևավորվել են Հայաստանի պետական ինստիտուտները, սահմանադրական համակարգը, բանակը, դիվանագիտական ծառայությունը և միջազգային հարաբերությունների համակարգը։ Խոսքը Հայաստանի անկախ պետականության ավելի քան երեք տասնամյակի պատմության մասին է։
    Երբ այդ ամբողջ ժամանակաշրջանը ներկայացվում է որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք, պատմական ռևիզիայի են ենթարկվում ոչ միայն Ղարաբաղյան շարժումը, այլև Երրորդ հանրապետության քաղաքական հիմքերը, պատմությունը։
    Ավելին՝ այս ձևակերպումը վտանգավոր կերպով մոտենում է պաշտոնական Բաքվի այն նարատիվին, որով հայ-ադրբեջանական հակամարտության ծագման և պատերազմի պատասխանատվությունը միակողմանիորեն վերագրվում է հայկական կողմին։
    Ղարաբաղյան շարժումը պարզապես «պատմական արդարության վերականգնման» վերացական գաղափարի դրսևորում չէր։ Այն ինքնորոշման, անվտանգության, իսկ հետագայում նաև ֆիզիկական գոյության, ինքնապաշտպանության համար պայքար էր։ Այդ պատմությունը «կոնֆլիկտի տրամաբանության» մեջ տեղավորելը նշանակում է սեփական պետականության ձևավորման հիմքերը վերագնահատել հակառակորդի քաղաքական բառապաշարի շրջանակում։
    Երրորդ խնդիրը՝ նման վերաիմաստավորման արտաքին քաղաքական հետևանքներն են։
    Երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ նախորդ հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի» վրա, իսկ նորը կոչված է հաղթահարելու այդ ժառանգությունը, դա կարող է ընկալվել որպես պատրաստակամություն՝ վերանայելու ոչ միայն անցյալի քաղաքական գնահատականները, այլև դրանցից բխող պետական ու իրավական դիրքորոշումները։
    Այս մոտեցումն ընդլայնում է Ադրբեջանի և Թուրքիայի առավելապաշտական պահանջների քաղաքական տարածքը։ Եթե հայկական կողմն ինքն է ապալեգիտիմացնում իր նախորդ պետական-քաղաքական հայեցակարգը, հակառակորդի համար բնականաբար առաջանում է հարց՝ ո՞րն է հաջորդ սահմանը, որը Հայաստանը պատրաստ է զիջել։
    Հենց այստեղ է նշմարվում Ալեքսանդրապոլի պատմական ստվերը։
    Խոսքն, իհարկե, 1920 և 2026 թվականների մեխանիկական նույնացման մասին չէ։ Սակայն Ալեքսանդրապոլի պատմական փորձը հիշեցնում է մի պարզ օրինաչափություն․ պարտությունից հետո սեփական պետական դիրքերի հետևողական նսեմացումը հակառակորդի պահանջները չի մեղմացնում, այլ կարող է խրախուսել նորերը։
    1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը պարտված և ծայրահեղ թուլացած Հայաստանի նկատմամբ պարտադրված քաղաքական իրողության խորհրդանիշ դարձավ։ Դրա պատմական դասն այն է, որ պարտությունից հետո սեփական իրավունքների, պետական ինքնության և պատմական հիմքերի շարունակական նահանջը խաղաղություն չի երաշխավորում։ Հակառակորդը դրանում կարող է տեսնել ոչ թե «խաղաղության տրամաբանություն», այլ թուլություն և հետագա զիջումների պատրաստակամություն։
    Եվ այստեղ առաջանում է թերևս ամենակարևոր հարցը․ ի՞նչ է, ի վերջո, Չորրորդ հանրապետությունը։
    Հանրապետությունների փոփոխությունը սովորաբար ենթադրում է պետական կամ սահմանադրական կարգի հիմնարար վերափոխում։ Հայաստանի դեպքում, սակայն, ի՞նչ իրավաքաղաքական իրողություն է փոխվել, որպեսզի Երրորդ հանրապետությունը համարվի ավարտված, իսկ Չորրորդը՝ սկսված։
    Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գործել պետական նույն իրավահաջորդության շրջանակում, պահպանվում են պետական ինստիտուտները, միջազգային իրավասուբյեկտությունն ու սահմանադրական կարգի շարունակականությունը։ Հետևաբար, «Չորրորդ հանրապետությունն» այս պահին նախևառաջ քաղաքական-գաղափարական կոնստրուկտ է, ոչ թե ձևավորված իրավական իրողություն։
    Եթե «Չորրորդ հանրապետությունը» նշանակում է ավելի արդյունավետ, ժողովրդավարական, անվտանգ և զարգացած պետություն, ապա դրա կառուցման համար Երրորդ հանրապետությունն ապալեգիտիմացնելու անհրաժեշտություն չկա։ Նոր որակի պետություն կարելի է կառուցել՝ զարգացնելով նախորդի ձեռքբերումները, շտկելով սխալները և պահպանելով պետականության շարունակականությունը։
    Բայց եթե Չորրորդ հանրապետության գաղափարը կառուցվում է այն կանխադրույթի վրա, որ Երրորդ հանրապետությունն իր հիմքով սխալ էր, որովհետև ծնվել էր «կոնֆլիկտի տրամաբանությունից», ապա խոսքն արդեն ոչ թե պետականության զարգացման, այլ նրա պատմական հիմքերի վերախմբագրման մասին է։
    Պետությունը չի կարող յուրաքանչյուր քաղաքական պարտությունից կամ իշխանափոխությունից հետո նոր հանրապետություն սկսել՝ նախորդը հռչակելով պատմական սխալ։
    Պետականությունը հենց շարունակականությունն է՝ իր հաղթանակներով ու պարտություններով, ձեռքբերումներով ու սխալներով։
    Այս իմաստով Փաշինյանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է՝ հեռուն գնացող հետևանքներով:
    «Պաշտոնական գաղափարախոսության» հռչակումը, Երրորդ հանրապետության պատմական հիմքերի վերաիմաստավորումը և Չորրորդ հանրապետության իրավաքաղաքական անորոշությունը միասին կարող են վերածվել քաղաքական ու պատմական ինքնաժխտման ծրագրի։
    Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց գաղափարական բազմակարծության, իսկ պետությունը՝ առանց պատմական շարունակականության։
    Պատմության նոր էջ բացելու և սեփական պատմությունը ջնջելու միջև հսկայական տարբերություն կա։ Եթե «Չորրորդ հանրապետության» հիմքում դրվում է սեփական պետական անցյալի մերժումը, ապա այն կարող է դառնալ ոչ թե նոր հանրապետության սկիզբ, այլ Ալեքսանդրապոլի տրամաբանության վերադարձ՝ արդեն XXI դարում։
    Եվ այդ դեպքում գլխավոր հարցը շատ ավելի ֆունդամենտալ է լինելու՝ ի՞նչ է մնալու Հայաստանի Հանրապետությունից այդ վերաձևակերպումների ավարտին։

  • Հարցազրույց 24TV-ինhttps://youtu.be/z4lEZUMdcOY?si=u0uxHCLmbCLwpWbDՌուսները կացի…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/z4lEZUMdcOY?si=u0uxHCLmbCLwpWbD

    Ռուսները կացինը գործի են դրել, ԱԽՔ փոխելով հարցը չի լուծվի, կոնկրետ քայլեր են Փաշինյանից պահանջում

    ՔՊ-ն պուպուշիկ Ազգային ժողով է ուզում ունենալ, դրսում ինչ ուզենան՝ անեն, բայց պատերից ներս քաղաքակրթություն խաղան, ռեպրեսիաները թուլացրե՛ք, հետո բարեկրթություն պահանջեք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական…

  • Հարցազրույց հարգելի Անժելա Թովմասյանինhttps://www.youtube.com/live/V_1CeXuP5pk?s…

    Հարցազրույց հարգելի Անժելա Թովմասյանին
    https://www.youtube.com/live/V_1CeXuP5pk?si=ot1PLkcJo2GJZvMz

    #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց

    🚩Բաժանորդագրվե՛ք Telegram ալիքին. https://t.me/hayeliakumb
    Պաշտոնական Կայք — https://hayeli.am/
    Facebook: https://www.facebook.com/hayeliclub/
    Telegram: https://t.me/+PcfjvKj4PzJhMzI0
    Tiktok: https://www.tiktok.com/@hayeli_official
    Viber: https://cutt.ly/5wn8sJBS…

  • Ժամը 22-ից հետևեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկմանը։https://www.youtube.com…

    Ժամը 22-ից հետևեք Իմնեմնիմի պոդքաստի հերթական թողարկմանը։
    https://www.youtube.com/live/3xCCTpp6gx0?si=bgp8gg_1uLPqWixN

    Live. Թքող ԱԽՔ-ը, Ալիևի հրահանգներին սպասող Նիկոլը, եկեղեցու դեմ արշավը․ «Իմնեմնիմի» փոդքասթ 303

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Իշխանության ներսում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մոտիվների մասին զրուց…

    Իշխանության ներսում տեղի ունեցող կադրային փոփոխությունների մոտիվների մասին զրուցել եմ Euromedia24-ի տաղավարում:
    https://youtu.be/jxx0l0eQW7A?si=SQ5OxFTUWUnIjJSj

    Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն

    #Euromedia24
    Euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com
    #Euromedia24 #euromedia24
    #Euromedia24 #Եվրոմեդիա24 #Հայաստան #լուրեր #նորություններ…

  • Հարցազրույց Երկիր մեդիա-ինhttps://youtu.be/auLEVx3NHlU?si=qZz7k7U7KPywfWy-Ադրբեջ…

    Հարցազրույց Երկիր մեդիա-ին
    https://youtu.be/auLEVx3NHlU?si=qZz7k7U7KPywfWy-

    Ադրբեջանի էներգահամակարգին միացված Վրաստանում տոտալ հոսանքազրկումներ են. «Երկրի հարցը»

    «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    🔸Website: https://yerkirmedia.am/
    🔸Facebook: https://www.facebook.com/Yerkirmedia/
    🔸Telegram: https://t.me/yerkirmedia_am…

  • Հարցազրույց Politik-ի տաղավարում https://youtu.be/Zwp4gu7a0n4?si=uFWqxC3tqEB5q6h…

    Հարցազրույց Politik-ի տաղավարում
    https://youtu.be/Zwp4gu7a0n4?si=uFWqxC3tqEB5q6h_

    «Խելոք մնացեք, թե չէ ծեծ կուտեք»․ ընդդիմությունն ընդունել է ՔՊ-ի առաջարկը

    Աջակցեք ազատ խոսքը Patreon-ում https://www.patreon.com/c/politikam #politik #news #Armenia
    Պաշտոնական Կայք — http://politik.am/
    Facebook: https://www.facebook.com/politikyou/
    Telegram: https://t.me/politiknews