Category: Armen Press

  • Մոլդովան պետք է շարունակի ներդրումներ կատարել իր պաշտպանական կարողությունների ամ…

    Մոլդովան պետք է շարունակի ներդրումներ կատարել իր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում և համապատասխանի Եվրամիության քաղաքականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի համատեքստում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն «Մոլդովա 1» հանրային հեռուստաալիքի եթերում՝ Կոպանկա բնակավայրի մոտ անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպից հետո։
    Խոսնակը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի ֆոնին, և որ Մոլդովան, որպես հակամարտության մեջ գտնվող երկրի հարևան պետություն, պետք է պատրաստ լինի նման իրավիճակների։

    «Մեր անմիջական հարևանությամբ մենք ունենք լայնածավալ պատերազմ՝ բոլոր այն վայրագություններով, որոնք կարող է բերել պատերազմը։ Սա, հավանաբար, ամենասարսափելի պատերազմներից մեկն է, քանի որ մենք տեսնում ենք, թե որքան են զարգացել տեղեկատվական տեխնոլոգիաները և ինչպես է փոխվել պատերազմի դեմքը։ Դժբախտաբար, այս միջադեպերը կրկնվում են», — ասել է Իգոր Գրոսուն։

    Միջադեպերի համար նա մեղադրել է Ռուսաստանին։
    Անդրադառնալով Կոպանկա բնակավայրի մոտ հայտնաբերված անօդաչու թռչող սարքին՝ Գրոսուն մանրամասնել է, որ այն վտանգ էր ներկայացնում, քանի որ զինված էր պայթուցիկ նյութերով։

  • Հայաստանում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հ…

    Հայաստանում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հանրային վայրերում, պետական և մասնավոր կազմակերպությունների շենքերում ու շինություններում տեղադրվող կողմնորոշիչ ցուցանակների միասնական բովանդակությունն ու պահանջները։
    Համապատասխան հրամանի նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիս…

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։
    Արմեն Գրիգորյանը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։
    Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։
  • Ի նշանավորումն ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ավելի քան 20-…

    Ի նշանավորումն ARARAT հայկական կոնյակի և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ավելի քան 20-ամյա համագործակցության՝ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հյուրընկալեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը՝ փառատոնի հիմնադիրներին և միջազգային հյուրերին։
    Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացան ARARAT հայկական կոնյակի արժեքահեն պատմությանը, վարպետության ավանդույթներին, ինչպես նաև անդրադարձան բազմամյա համագործակցության հիշարժան դրվագներին։
    ARARAT-ի և «Ոսկե ծիրան»-ի համագործակցության այս տարվա դրվագը դարձավ ARARAT թանգարանում հատուկ տակառի հիմնադրումը։ Այն խորհրդանշում է ավելի քան երկու տասնամյակ համատեղ ստեղծված մշակութային ժառանգությունը, գործընկերության ամրությունն ու այն արժեքները, որոնք տարիներ շարունակ միավորել են երկու խորհրդանշական հայկական բրենդներին։  
    Այցը շարունակվեց ARARAT թանգարանի գանձարանում, որտեղ հյուրերին ներկայացվեց ARARAT հայկական կոնյակի տարեգիրը՝ 1902 թվականի նմուշներից մինչ մեր օրեր։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարա…

    Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է Հայաստանի վերաբերյալ գնահատման հինգերորդ փուլի համապատասխանության զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը բավարար է կատարել ներկայացված 22 հանձնարարականներից վեցը։
    Մնացած հանձնարարականներից 15-ը կատարվել են մասամբ, իսկ մեկը՝ չի կատարվել։ Զեկույցն ընդունվել է հունիսի 8-12-ը Ստրասբուրգում կայացած ԳՐԵԿՈ-ի 103-րդ լիագումար նիստում և հրապարակվել հուլիսի 16-ին։
    Բավարար կատարված են համարվել հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակին, ոստիկանության հաղորդակցությանն ու թափանցիկությանը, հակակոռուպցիոն աշխատանքային ծրագրին, ոստիկանների վարքագծի կանոնագրքին և վերապատրաստմանը, ինչպես նաև ոստիկանների կողմից թույլ տրված լուրջ հակաիրավական գործողությունների անկախ քննությանը վերաբերող հանձնարարականները։
    ԳՐԵԿՈ-ն բարձրագույն գործադիր մարմինների մասով ողջունել է Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ պաշտոնատար անձանց վարքագծի կարգավորման, արարողակարգային ծախսերին վերաբերող գնումների թափանցիկության, քաղաքացիական հասարակության մասնակցության, լոբբինգի, շահերի բախման կանխարգելման և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեսուրսների ավելացման ուղղությամբ։
    «Ընդհանուր առմամբ, թեև գրեթե բոլոր հանձնարարականների լիարժեք կատարման համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք, այնուամենայնիվ, ԳՐԵԿՈ-ն խրախուսում է Հայաստանին շարունակել ջանքեր գործադրել և վստահ է, որ նախատեսված միջոցառումների իրականացումը կամրապնդի դրա հակակոռուպցիոն շրջանակը»,- նշված է զեկույցում։
    Իրավապահ մարմինների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն արձանագրել է նշանակալի առաջընթաց՝ հատկապես ոստիկանության գործունեության թափանցիկության, հաղորդակցության, հակակոռուպցիոն ծրագրերի, ծառայողների վերապատրաստման և ոստիկանների իրավախախտումների քննության ոլորտներում։
    Միաժամանակ արձանագրվել է, որ ոստիկանությունում կանանց ներկայացվածությունը, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, շարունակում է մնալ ցածր։ 2025 թվականին ոստիկանության ղեկավար պաշտոններում կանանց մասնաբաժինը կազմել է 5,8 տոկոս, իսկ ոստիկանությունում ընդհանուր առմամբ՝ 8,7 տոկոս։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակ…

    Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ:
    ««Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը 2008 թվականից սկսած՝  տրավերտինի և կավի արդյունահանման նպատակով Լիազոր մարմնից ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն, որի կոորդինատներում ընդգրկվել են Արարատի մարզի համայնքներում գտնվող տարբեր նպատակային նշանակության հողամասեր:
    Այնուհետև Ընկերությունը, տարեկան վարձավճարները և գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու նպատակով, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում»,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
    Դատախազը, հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հուլիսի 16-ին հաղորդում է ներկայացրել իրավասու քննչական մարմին:
    «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության կողմից նախաձեռնված ուսումնասիրությունները շարունակվում են:
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազու…

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
    Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝
    •75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
    •42 տրանսպորտային միջոց.
    •38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
    •105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:
  • Կապարակնիքների հարցը այդպես էլ չլուծեցինք. ՀՀ փոխվարչապետը ԵՄ արտահանումների մաս…

    Կապարակնիքների հարցը այդպես էլ չլուծեցինք. ՀՀ փոխվարչապետը ԵՄ արտահանումների մասին
    https://www.youtube.com/watch?v=MEfCWiYOUaI
  • Նախարարը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը 2026 թվականի մայիսի 26-ին Երևանո…

    Նախարարը հիշեցրեց, որ շրջանակային համաձայնագիրը 2026 թվականի մայիսի 26-ին Երևանում նախաստորագրվել է իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, ապա ստորագրվել հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում և հունիսի 4-ին՝ Երևանում։

    «Փարատելով հնարավոր հարցերը՝ ասեմ, որ միջազգային պրակտիկայում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այսպիսի ոչ համաժամանակյա, հեռավար պայմանագրերի ստորագրումը նախատեսված է և ընդունված պրակտիկա է»,- ընդգծեց Միրզոյանը։

    ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ համաձայնագրի ստորագրմանը նախորդել են ևս երկու կարևոր փաստաթղթեր՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հռչակագիրը, ինչպես նաև 2026 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղարի և Հայաստանի ԱԳ նախարարի ստորագրած՝ TRIPP-ի իրականացման շրջանակը սահմանող փաստաթուղթը։

    «Այս միջպետական շրջանակային համաձայնագիրն ավելի է մանրամասնում համաձայնեցված դետալները, ուղղությունները և լիովին համահունչ է նշածս երկու փաստաթղթերին։ Սա ինչո՞ւ եմ շեշտում․ որովհետև և՛ օգոստոսի 8-ի հռչակագրի պարագայում, և՛ հունվարի 13-ի՝ իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթի պարագայում եղան որոշակի շահարկումներ այն մասին, որ, ի վերջո, միջպետական համաձայնագիրը կարող է պարունակել նշված փաստաթղթերին ոչ համահունչ դրույթներ։ Եվ ահա, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված, արձանագրված, ամրագրված և ստորագրված սկզբունքներին, այլև բուն շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և՛ օգոստոսի 8-ի, և՛ հունվարի 13-ի փաստաթղթերին»,- ասաց Միրզոյանը։

    ԱԳ նախարարի խոսքով՝ TRIPP-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետերերի միջև պայմանագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը։
    Շրջանակային համաձայնագրով Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն տրանսպորտային փոխադրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի զարգացման միջոցով նպաստել Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը։

    «Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային փոխադրումների զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել և ամրապնդել Հարավային Կովկասում խաղաղությունը, հաստատված կայունությունը, ժողովուրդների և պետությունների զարգացումը։ Սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում»,- նշեց Միրզոյանը։

    Համաձայնագրով Հայաստանը և ԱՄՆ-ն կհիմնադրեն TRIPP զարգացման ընկերությունը։ Այն Հայաստանի տարածքում տարբեր գոտիներում առանձին նախագծերի իրականացման համար կկարողանա հիմնել հատուկ նշանակության ընկերություններ և ներգրավել այլ գործընկերների։
    Միրզոյանը վստահեցրեց՝ ամբողջ գործընթացը, TRIPP զարգացման ընկերությունը և հետագա գործունեությունն ամբողջությամբ իրականացվելու են Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։
    TRIPP զարգացման ընկերությունը համապատասխան գոտիներում կստանա հողօգտագործման և կառուցապատման իրավունք՝ նախնական 49 տարի ժամկետով։ Այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։
    49 տարվա ավարտից հետո կողմերի համաձայնությամբ համագործակցությունը հնարավոր կլինի երկարաձգել ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի բաժնեմասը 26 տոկոսից կհասցվի 49 տոկոսի։

    «Ժամկետի երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության 26 տոկոս բաժնեմասը կմեծացվի և կհասցվի 49 տոկոսի։ Ժամկետի երկարացման պարագայում 49 տոկոս բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլի, ներդրման կամ պարտավորության ստանձնելու անհրաժեշտություն չի ունենա»,- ասաց Միրզոյանը։

    ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը կպահպանի լիարժեք ինքնիշխանությունն ու իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և Հայաստանի տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։

    «Հայաստանն իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համահունչ կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն վերահսկողություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։ Ինչպես նկատում եք, թվարկածն ամբողջովին ծածկում է և կարող է փարատել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք անկեղծորեն կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի հանրության շրջանում, և այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել վերջին ամիսների ընթացքում»,- ընդգծեց Միրզոյանը։

    Նա հավելեց, որ որոշ գործառույթների իրականացման համար կարող է կիրառվել «ֆրոնտ օֆիս–բեք օֆիս» աշխատանքի բաժանման սկզբունքը, իսկ ֆրոնտ օֆիսի աշխատանքներում կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։

    «Այս գործառույթների իրականացման համար կարող է սահմանվել ֆրոնտ օֆիս–բեք օֆիս սկզբունքով աշխատանքի բաժանում, և այդ ֆրոնտ օֆիսի համար կարող են ներգրավվել մասնավոր օպերատորներ։ Սա մի պրակտիկա է, որը Հայաստանի Հանրապետությունում արդեն կա, և որի մանրամասները նաև նշված են հունվարի 13-ի՝ TRIPP-ի իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում»,- եզրափակեց ԱԳ նախարարը։

    Սկսում ենք TRIPP-ի շուրջ ռազմավարական համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. ԱԳ նախարար https://youtu.be/mu5lZ_1aT1Q?si=9Oor72J_rG86IsQ7
  • Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող, ԱՄՆ և Իրանի քաղա…

    Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող, ԱՄՆ և Իրանի քաղաքացի հանդիսացող Դենա Քարարիին հեռանալ Իսլամական Հանրապետությունից։ Այդ մասին X-ում հայտնել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը։