Category: Armen Press

  • Իրանի կողմից երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամեն…

    Իրանի կողմից երկրի գերագույն առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդի Մոջթաբա Խամենեիի նշանակման ֆոնին Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը կոչ է արել բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին՝ իրադրության հետագա սրումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
    «Սա (խմբ.՝ Մոջթաբա Խամենեիի նշանակումը) իրանական կողմից կայացված որոշում է՝ համաձայն երկրի սահմանադրության»,- հայտարարել է խոսնակը։
    Նա հավելել է, որ «Չինաստանը դեմ է ցանկացած պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտելուն»։
    Խոսնակը նաև շեշտել է, որ Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը «պետք է հարգվեն»։
  • Թեհրանից աղտոտված օդի՝ Հայաստան ներթափանցման վտանգ չկաՀայաստանի Հանրապետության «…

    ❗️Թեհրանից աղտոտված օդի՝ Հայաստան ներթափանցման վտանգ չկա
    Հայաստանի Հանրապետության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ն Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական մոնիթորինգ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ «թթվային թունավոր անձրևների հետ» կապված որոշ հրապարակումներին՝ Կենտրոնից հայտնում են, որ մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։
    Միաժամանակ, մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։

    «Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։
    Հավելենք նաև, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան»,– ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»–ի տարածած հաղորդագրության մեջ։

    Ընդգծվում է, որ կառույցի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի։

    «Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը»,– եզրափակվում է հաղորդագրությունը։

  • Իրանը որևէ առնչություն չունի Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա անցյալ շաբաթ իրա…

    Իրանը որևէ առնչություն չունի Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա անցյալ շաբաթ իրականացված գրոհների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
    Նա նշել է, որ «Իրանի տարածքից որևէ հարձակում չի սկսվել» այդ երկրների վրա։
    Բաղային նաև նշել է, որ հարձակումներից մի քանիսը կարող էին «բեմադրված» լինել։
    «Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ թշնամին կարող է որոշակի հարձակումներ կազմակերպել՝ մեր և այլ երկրների միջև սեպ խրելու համար», — հավելել է դիվանագետը։
  • Եվրոպայում գազի գինը գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց…

    Եվրոպայում գազի գինը գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց
  • Բելգիայի Լիեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում: Ոչ ոք չի տ…

    Բելգիայի Լիեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել սինագոգի մերձակայքում: Ոչ ոք չի տուժել, սակայն շենքը նյութական վնաս է կրել:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Belga լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
    Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես չորսին, սինագոգի առջև. կոտրվել են շենքի ապակիները, պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։
    Գործակալության տեղեկատվության համաձայն՝ սինագոգի դիմացի փողոցը փակ է, ընթանում է հետաքննություն։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին Իրանի կողմից նշանակվել …

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է, որ Մոջթաբա Խամենեին Իրանի կողմից նշանակվել է երկրի նոր գերագույն առաջնորդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
    Հաղորդավար Բրայան Քիլմիդը հայտարարել է, որ նոր առաջնորդի ընտրության մասին հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և նա իրեն ասել է. «Ես դժգոհ եմ»։
    Քիլմիդը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։
  • Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե …

    Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

    «Իրանը շարունակում է իր ագրեսիան՝ հիմնվելով որևէ փաստական ​​հիմքից զուրկ անհեթեթ պատրվակների վրա», — հայտարարել է թագավորության ԱԳ նախարարությունը։

    Էր Ռիադում նշել են, որ իրանական կողմը չի իրականացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դադարեցրել է հարձակումները Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։
    Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իրանական գրոհները նշանակում են «հետագա սրացում, որը լուրջ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում»։
    Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 9-ի առավոտյան երկրի զինված ուժերը ոչնչացրել են Շայբա խոշոր նավթահանքը թիրախավորող երկու անօդաչու թռչող սարք։
    Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից հրթիռային և դրոնային հարձակման պատճառով աշխատել են ՀՕՊ համակարգերը, լսվել են պայթյուններ։
    Կատարի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է մարտի 9-ի վաղ առավոտյան հրթիռային գրոհի մասին։
    Միևնույն ժամանակ The Associated Press-ը, հղում անելով անվտանգության ծառայության իրազեկ աղբյուրի, հաղորդել է, որ Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 9-ի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել, երբ այն մոտենում էր Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող «Վիկտորիա» ավիաբազային։
    Իր հերթին, Բահրեյնը հայտարարել է իրանական անօդաչուի գրոհի հետևանքով 32 վիրավորի մասին։

  • ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույ…

    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը:
    Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է՝ հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը, ապօրինի մուտք գործել բնակարան՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն:
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ մարտի 9-ին, ա…

    ❗️Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ մարտի 9-ին, առավոտյան ժամերին Դենիզլի նահանգի Բուլդան շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 7-10 կմ խորության վրա, և ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։
    Նախնական տեղեկություններով՝ այս պահին մարդկային զոհեր կամ նյութական լուրջ վնասներ չեն արձանագրվել, իսկ երկրաշարժը տևել է մոտ 10-15 վայրկյան։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ են պահում, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։
  • Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության,…

    Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավի, որն, ըստ ԱՄՆ հետախուզության, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

    ««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից։ Հետախուզության տվյալներով՝ այն շարժվում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղով Խաղաղ օվկիանոսի արևելքում և ներգրավված էր թմրամաքսանենգության գործողություններում։ Գործողության ընթացքում սպանվել է վեց թմրաահաբեկիչ տղամարդ։ ԱՄՆ զինծառայողներից ոչ մեկը չի տուժել», — ասվում է SOUTHCOM-ի հաղորդագրության մեջ։

    2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն 45 հարված է հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում նավերի, որոնցով, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութեր էին տեղափոխվում։ Հարվածների հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է 157 մարդ։