Category: Vardan Voskanyan

  • Տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է Իրանին ԱՄՆ ռազմական հարվածների հն…

    Տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է Իրանին ԱՄՆ ռազմական հարվածների հնարավորությունը։
    Ոչ ոք չի կարող կանխատեսել Թրամփի հնարավոր որոշումները, բայց երկու կարևոր հանգամանք ուշադրությունից կարծես, թե դուրս են մնում։
    Նախ՝ ԱՄՆ նախագահն առայժմ չի հայտարարել, թե խաղաղ ցուցարարների շրջանում եղել են անվտանգության ուժերի կողմից սպանվածներ, իսկ իրանական կողմը քարոզչական տիրույթում փաստեր է հրապարակում առ այն, որ խաղաղ ցուցարարների մեջ ներթափանցել են նաև զինված անկարգություններ հրահրողներ, որոնց նկատմամբ էլ եղել է շատ կոշտ արձագանք։
    Երկրորդը՝ երեկ Թեհրան էր ժամանել Օմանի արտաքին գործերի նախարարը, և բոլորին հայտնի է, որ Վաշինգտոն-Թեհրան միջնորդավորված պաշտոնական շփումները տեղի են ունենում հենց Օմանի միջոցով, ուստի չնայած մինչև օմանցի իր գործընկերոջ ժամանումը Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել էր, թե տեղյակ չէ Օմանի միջոցով ԱՄՆ-ից հնարավոր ուղերձի փոխանցման մասին, չի բացառվում, որ նման ուղերձ եղել է, և զարգացումները կախված են նաև Վաշինգտոն-Թեհրան անուղղակի շփումներից։
    Արևմտյան ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելն Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ը, ուստի Նեթանյահուի կողմից սադրանքի հնարավորությունը թվում է, թե նվազ է։
    Ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե իրադրությունն ինչպես կզարգանա, որովհետև նախագահ Թրամփն, ամենայն հավանականությամբ, դեռևս որևէ վերջնական որոշում չունի, մինչդեռ կողմերի միջև հռետորաբանական պատերազմը շարունակվում է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին ծավալելու անհնազանդության գործողություննե…

    Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին ծավալելու անհնազանդության գործողություններ, զբաղեցնելու իրանական քաղաքների փողոցները և մնալու դրանցում, անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը։
    Ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ լայնածավալ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև նույնպես չեն գրանցվել։
    Երեկ Իրանի բանակը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել անվտանգության ուժերին հասարակական կարգի ապահովման գործում, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել։
    Իրանական վտարանդի ընդդիմադիր ուժերից շատերը հանրային տիրույթում ակտիվորեն քննադատում են Իրանի գահընկեց շահի որդուն բողոքի գործողությունների առաջնորդությունը «մոնոպոլացնելու» փորձերի և տեղեկատվական ուռճացված աջակցության միջոցով դրանց հեռակա «կազմակերպիչ» և «ղեկավար» ներկայանալու համար։
    Իրանում համացանցը մնում է անջատված, պարբերաբար դրան հասանելիություն են ստանում միայն իրանական լրատվամիջոցները՝ որոնք տարածում են պաշտոնական տեղեկատվություն։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսու…

    Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսուհանդերձ, Իրանում շարունակվել են անկարգություններն ու բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։
    Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։
    ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ անգամ խոսել է այն մասին, որ սպանությունների դեպքում ծանր հարված կհասցնի Իրանին։
    Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակը տարածել է այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարություն, որով դատապարտել է Իրանի իշխանություններին։ Սա ցուցիչ է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում դուրս մնալ Իրանի շուրջ զարգացումների գործընթացից։
    Իրանի գահընկեց շահի որդին տեսաուղերձով դիմել է ցուցարարներին գրավելու փողոցներ և շուրջօրյա մնալու դրանցում՝ խոստանալով վերադառնալ և լինել ցուցարարների կողքին։ Ակնհայտ է, որ վերջինս ցանկանում է իրեն ներկայացնել ցույցերի հիմնական առաջնորդ և ստանալ նաև ԱՄՆ նախագահի աջակցությունը, ինչը դժգոհություն է հարուցում իրանական սփյուռքի այլ ընդդիմադիր ուժերի շրջանում։
    Համացանցն Իրանում անջատված է, սակայն իրանական լրատվամիջոցները պարբերաբար ստանում են հասանելիություն դրան՝ նյութեր և տեղեկատվություն տարածելու նպատակով։
    Իրավիճակն, ընդհանուր առմամբ, ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումն…

    Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումների ընթացքում հրկիզվել և վնասվել են բանկեր, հիվանդանոցներ, խանութներ, ոստիկանական և հրշեջ մեքենաներ։ Բախումները եղել են իրապես աննախադեպ՝ թե՛ ցուցարարների շարքերում եղած արմատական անձանց և թե՛ անվտանգության ուժերի կողմից կիրառվել է նաև հրազեն։
    Այս պահի դրությամբ այսօր տեղի ունեցած միայն մեկ ցույցի վերաբերյալ տեղեկություն կա։ Իրանի ծայր հարավարևելյան, մեծամասամբ սուննի բելուջներով բնակեցված Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել հիմնականում խաղաղ քայլերթ։ Իրանի որևէ այլ բնակավայրում բողոքի գործողության մասին այս պահի դրությամբ հաստատված տեղեկատվություն չկա։
    Իրանի հոգևոր առաջնորդը բավական խիստ տոնայնությամբ հանրային ելույթ է ունեցել՝ քննադատելով ԱՄՆ-ին և կոշտ արձագանքելով խռովարարներին։ Սա, ըստ էության, թե՛ Իրանի ներսում և թե՛ արտաքին դերակատարներին ուժի և վստահությսն ցուցադրության ելույթ էր, քանի որ Մերձավոր Արևելքում թույլերին չեն ներում։
    Իրանի գահընկեց շահի որդին «X» սոցիալական ցանցում աջակցության խնդրանքով դիմել է երեկ նրան հանդիպելուց հրաժարված ԱՄՆ նախագահ Թրամփին, ինչը իրանական որոշ ոչ իշխանական շրջանակների կողմից գնահատվել է՝ որպես առաջինի թուլության նշան։
    Իրանում համատարած կերպով անջատվել է համացանցը, ինչը զգալիորեն զրկել է արտաքին դերակատարներին գործընթացների վրա քարոզչական և այլ բնույթի ազդեցությունից։
    Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ իր երկրի վրա արտաքին ռազմական հարձակման դեպքում կլինի համարժեք պատասխան։
    Հակաիրանական քարոզչությանը միացել է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան։
    Մինչ այսօր նկատելիորեն պասիվ դիրքորոշմամբ աչքի ընկած եվրոպական պաշտոնյաները հերթապահ քննադատական խոսքերով են հանդես եկել Իրանի իշխանության հասցեին։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվ…

    Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով։
    Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, իսկ մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց և սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։
    Իրավիճակն այս առավոտի դրությամբ դուրս չի եկել պետական մարմինների կառավարելիությունից, չնայած նկատելի ռիսկեր առկա են։
    Դատելով առկա տեղեկատվությունից՝ որևէ շենք կամ առավել ևս բնակավայր չի անցել ցուցարարների վերահսկողության տակ։
    Արտաքին դերակատարներից Իրանի ներկայիս իրավիճակի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։
    Ոչ միայն, սակայն հիմնականում իսրայելական կողմը քարոզչական բոլոր խողովակներով և Իրանի ներսում ունեցած ցանցի միջոցով փորձում է առայժմ առանց հստակ առաջնորդության բողոքի գործողությունների առաջնորդությունը ստանձնել տալ Իրանի գահընկեց շահի որդուն, ինչին նա դեմ չէ, սակայն ունի խիստ սահմանափակ ռեսուրսներ։ Բողոքի մասնակիցների առանձին խմբերի կողմից վերջինիս անունը հնչեցվում է, բայց, դիցուք, քրդաբնակ շրջանների ցուցարարները հրաժարվում են իրենց բողոքն ասոցացնել տվյալ անձի հետ։
    ԱՄՆ նախագահ Թրսմփի վերջին հարցազրուցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։ Ըստ Թրամփի՝ բողոքի գործողությունների ընթացքում որոշ մարդիկ սպանվել են ոչ թե իրավապահ մարմինների կողմից, այլ խուճապային հրմշտոցների հետևանքով։ Նման հայտարարություններն, ըստ էության, մանևրի լայն դաշտ են թողնում Թրամփի վարչակարգի համար պայմանավորվելու Իրանի ներկայիս իշխանության հետ, մինչդեռ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության։
    Իրանի համար այժմյան ամենամեծ ռիսկը ոչ թե արմատական տրամադրություններով ցուցարարների գործոնն է, այլ տնտեսական վիճակը՝ հատկապես արտարժույթի շուկան և անվերահսկելի գնաճը, որը ազդում է ահռելի քանակությամբ մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ առաջ բերելով բնական դժգոհություն։
    Միևնույն ժամանակ տնտեսական տևական ճգնաժամի ամենամեծ վտանգն այն է, որ այն բողոքը տեղափոխում է առանձին սոցիալ-տնտեսական պահանջների տիրույթից դեպի ամբողջ գաղափարախոսության և կենսակերպի մերժում, ինչը չափազանց բարդացնում է ցանկացած փոխզիջում, ուստի տնտեսական հարցերի օպերատիվ լուծումները պետք է ուղեկցվեն աստիճանական, բայց լայնածավալ լրջագույն բարեփոխումներով։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Միքայել Միքայելյանի պես բազմաթիվ մարդիկ վառ են պահում այն հավատը, որ ազգային մեր…

    Միքայել Միքայելյանի պես բազմաթիվ մարդիկ վառ են պահում այն հավատը, որ ազգային մեր արժանապատվությունը վերականգնվելու է։
    «Ազատություն» ռադիկոայանին Միքայելն ասել է՝ «Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքը ավելի գերադասելի են, քան ինչ-որ պատիժներ գումարի տեսքով»:
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին փոխանցած՝

    «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ»

    նախադասությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում վիրավորական «միտք» է։
    Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման դասական նմուշ է, քանի որ՝
    1. Հայաստանի ներսում՝ որպես այն ներկայացնող, «սահմանվում» են երկու առանձին սուբյեկտներ՝ կառավարություն և ժողովուրդ, ինչի «տրամաբանությամբ» ստացվում է, որ կառավարությունը լիարժեք լեգիտիմություն չունի ներկայացնելու և չի ներկայացնում իրենից տարբեր և առանձին սուբյեկտ դիտարկվող ժողովրդին, ուստի խաղաղությունը կառուցվում է հայաստանյան երկու սուբյեկտների հետ։
    2. Երբ արտաքին՝ այն էլ թշնամական պետության բարձրաստիճան պաշտոնյան, շրջանցելով Հայաստանի պետական կառուցակարգերը և դրանք ներկայացնող պաշտոնյաներին, փորձում է «բարի քեռու» դիրքերից խոսել Հայաստանի ժողովրդի հետ, դա, մեղմ ասած, ուղիդ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և ճնշում պետական մարմինների վրա։ Ի դեպ, սա արդեն երկրորդ նման դեպքն է նույն անձի կողմից քաղհասարակության ներկայացուցիչների միջոցով գրեթե նույնանման «ուղերձի» փոխանցումից հետո։
    3. Բացահայտորեն փորձ է կատարվում խաղաղության հաստատումը ներկայացնել ոչ թե երկկողմ, այլ միակողմանի գործընթաց, որտեղ միակ կամ հիմնական՝ այլն էլ «բարի», դերակատարը հենց Բաքվի բարբարոսական վարչախումբն է, որը և որոշում է, թե ինչ սուբյեկտների հետ պետք է առանձին-առանձին կառուցի այդ խաղաղությունը։
    Հետևաբար, խնդրո առարկա նախադասությունը ոչ թե խաղաղասիրական հայտարարություն է, այլ հիբրիդային հարձակման հստակ օրինակ, որի միջոցով, ըստ էության, կասկածի է ենթարկվում Հայաստանի պետական կառուցակարգերի լեգիտիմությունը, միջամտություն է տեղի ունենում Հայաստանի ներքին գործերին, խթանվում ներհայաստանյան պառակտում, և ի վերջո՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը նաև միջազգային հանրության աչքում ներկայանում է՝ որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Երբ նայում ես Իրանի հազարամյակների պատմությանը, ապա հուժկու ապստամբությունները և…

    Երբ նայում ես Իրանի հազարամյակների պատմությանը, ապա հուժկու ապստամբությունները և բողոքի ու անհնազանդության գործողություններն այս հինավուրց երկրի համար սովորական երևույթներն են և, ըստ էության, չեն համարվում արտառոց։
    Իհարկե, ոչինչ բացառել չի կարելի, որովհետե սցենարները միշտ լինում են բազմազան, բայց տնտեսական պատճառներով բռնկված, այժմ արդեն բավական խայտաբղետ մասնակիցների կազմ ունեցող ներկայիս բողոքի ալիքը ևս համակարգային առումով լուրջ արդյունք գրանցելու ունակ չէ, քանի որ իրանական վերնախավերում չկա պառակտում, բռնկումները տեղային են և սահմանափակ, չկա բողոքի միասնական կառավարման կենտրոն, կան բողոքի զգացական կարգախոսներ, բայց չկա համակարգված ծրագիր, բողոքին կա բավական հուժկու արտաքին քարոզչական աջակցություն՝ մասնավորապես, ԱՄՆ նախագահի սպառնալից գրառման մակարդակով, որը սակայն «երկսայրի սուր է», քանի որ հասարակության առավել գիտակից հատվածն այն դիտարկում է Իրանի նկատմամբ արտաքին միջամտություն և փաստացի հարձակում, ինչը հանգեցնում է ներքաղաքական և ներհասարակական համախմբման։
    Խոշոր հաշվով, հազարամյակների ընթացքում Իրանի խնդիրը եղել է ոչ թե այն, որ այս երկիրն ունեցել է անկայուն պետականություն, այլ, որ չափազանց երկար ժամանակ այն եղել է կայուն, սակայն առանց նորացման։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումների…

    Մեր տարածաշրջանին և նաև գրեթե ուղղակիորեն մեզ առնչվող դեկտեմբերյան զարգացումներից մեկը ևս մեզանում որևէ ուշադրության չարժանացավ։
    Խոսքը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Հորդանան և Օման այցի մասին է։
    Դրա մեզ առավել հետաքրքրող հատվածը, բնականաբար, առնչվում է այցի հակաթուրքական բաղադրիչին, որը շաղկապված է Հնդկաստանի ավելի խոշոր և հեռագնա շահերի հետ։
    Հորդանանը «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք» հնդկական տրանսպորտային հանգույցի կարևոր խաղացող է, իսկ այդ հանգույցն ուղղակի մրցակցության մեջ է լինելու թուրքական «Միջին Միջանցքի» հետ։ Ծրագիրը, սակայն, շրջանցում է Իրանը և նաև ներառում Իսրայելը, ուստի ունենք բավական բարդ տարածաշրջանային շահերի համընկնման և բախման համակարգ, որն առնչվում է Հայաստանին։
    Օմանի հետ առևտրային համաձայնագիրը Հնդկաստանին հնարավորություն է տալիս հատկապես տարեկան միլիոնավոր դոլարների հասնող ծավալների մարմարի երկկողմ առևտրում աստիճանաբար թուլացնել Թուրքիայի դիրքերը՝ այն փոխարինելով Օմանից ներկրվող քարով։
    Սա տեղավորվում է դեռևս այս տարվա գարնանը Հնդկաստանում թուրքական ապրանքների և ծառայությունների բոյկոտի քաղաքականության մեջ, որը պայմանավորված է Հնդկաստանի դեմ Պակիստանին թուրքական աջակցությամբ։
    Այս բոյկոտի շրջանակներում հենց հնդիկ գործարարների նախաձեռնությամբ արդեն իսկ նկատելիորեն կրճատվել էին թուրքական մարմարի ներկրումները, իսկ եկող տարվանից գործընթացը կստանա փաստացի համակարգային բնույթ՝ զգալիորեն փոխարինելով թուրքական մարմարն օմանականով, ինչի արդյունքում էրդողանական վարչախումբը կզրկվի միլիոնավոր դոլարների եկամտից։
    Այնպես որ, մեր տարածաշրջանում շատ դինամիկ իրավիճակ է, որի ամբողջական պատկերը և դրա արագ կերպափոխումները պետք է վերլուծել ու հասկանալ և դրանից բխող քայլեր ձեռնարկել հենց կառուցակարգային մակարդակով, այլ ոչ թե պարփակվել Բաքվի և Անկարայի վարչախմբերի, իբր, «հավերժական անսասանության» մասին կարծրատիպի շրջանակներում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Մեր տարածաշրջանում կամ դրան առնչվող գործընթացներում տեղի են ունենում զարգացումնե…

    Մեր տարածաշրջանում կամ դրան առնչվող գործընթացներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք գրեթե աննկատ են մնում մեզանում, սակայն կարևոր են տարածաշրջանային մեծ խճապատկերը հասկանալու առումով։
    Մասնավորապես, ընդամենը օրեր առաջ վերջնականացված սպառազինության թանկարժեք պայմանագիրը Պակիստանի և «Լիբիայի Ազգային Բանակի» միջև ուղղակիորեն շոշափում է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի թվացյալ անամպ ապագան։
    Բանն այն է, որ համեմատաբար նորաստեղծ այս դաշինքի անդամ Պակիստանն իր պատմության ընթացքում ամենամեծ ծավալի՝ գրեթե 4,5 միլիարդ դոլարի, սպառազինություն է մատակարարելու Լիբիայում Էրդողանական վարչախմբի հակառակորդ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գրեթե 80-հազարանոց բանակին, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Լիբիայում Տրիպոլիի «կենտրոնական» թուրքամետ և Բենգազիի հակաթուրքական ուժերի միջև՝ դառնալով հակասության լուրջ կետ Անկարայի և Իսլամաբադի միջև։
    Եթե հաշվի առնենք նաև այն, որ ըստ չհաստատված տեղեկատվության՝ այս գործարքի ոչ միայն կնքահայրը, այլ նաև ծածուկ ֆինանսավորողը Սաուդյան Արաբիան է, իսկ դրան աջակցողը նաև Եգիպտոսը, ապա էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է փաստացի հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan