Category: Vardan Voskanyan

  • Իրան-ԱՄն հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց …

    Իրան-ԱՄն հարաբերություններում ռազմական սցենարը շրջանցելու դեռևս շատ թույլ, բայց որոշ հույսեր են ի հայտ գալիս։
    Ակնհայտ է, որ Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան գրեթե անկասկած միտված է եղել հենց Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդական առաքելությանը և հավանաբար հենց նրա միջոցով է բանակցությունների վերաբերյալ փոխանցվել իրանական այն ուղերձը, որի մասին խոսել է նախագահ Թրամփը։
    Այսօր բանակցությունների հնարավորության մասին հանրային դաշտում խոսել է նաև Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ իր երկիրը պատրաստ է թե՛ բանակցության, թե՛ պատերազմի։
    Առավել ուշագրավ էր, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակի պարզաբանումն այն մասին, որ դեռևս առկա է նաև Արաղչի-Վիթֆոք ուղիղ հաղորդակցության խողովակը, որը սակայն կարծես թե չի օգտագործվել։
    Այս ամենին զուգահեռ, միջնորդական առաքելության հարցում Օմանի հետ որոշակի մրցակցություն է նկատվում Եգիպտոսի, Իրաքի և Թուրքիայի կողմից։
    Նման չափազանց բարդ իրավիճակները, մարտահրավերների հետ միասին, նաև հնարավորության այն պատուհաններից են, որով Հայաստանը կարող է փորձել սպասարկել իր ազգային շահը, որից ամենևին չի բխում ԱՄՆ-Իրան ռազմական բախումը, թեկուզ չերևացող դիվանագիտության հատվածում հանդես գալով միջնորդական առաքելությամբ, ինչի հաջողության դեպքում Երևանը կարող է նշանակալիորեն բարելավել և անհամեմատ ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գո…

    Չնայած այն հանգամանքին, որ երեկ գիշեր Իրանում նույնպես տեղի են ունեցել բողոքի գործողություններ, սակայն դրանց մասնակիցների թիվը և արձանագրված բռնությունն անհամեմատ ավելի նվազ է եղել։ Սա դեռևս ցուցիչ չէ, թե բողոքի բարձրակետն անցել է, և ամեն ինչ պարզ կլինի առաջիկա հինգշաբթի-ուրբաթ՝ հանգստյան օրերին։
    Իրանում հայտարարվել է եռօրյա սուգ բախումների ընթացքում երկկողմ զոհերի պատճառով։
    Այժմ առավել կարևոր է թվում ոչ թե Իրանի ներսում բողոքի գործողությունների հանգամանքը, քանի որ իշխանությունները հիմնականում դրանք բերել են կառավարելիության դաշտ, այլ ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը։
    Երեկ ինքը՝ Թրամփը, Վաշինգտոն վերադառնալիս կրկին խոսել է այդ մասին, հաստատելով, որ վերջնական որոշում չունի և քննարկվում են մի քանի տարբերակներ։
    Ակնհայտ է սակայն, որ որոշումը պետք է, որ ուղղակի կապ ունենա նաև Իրանի ներսում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև Իրան-ԱՄՆ միջնորդավորված շփումների հետ, որոնք դատելով անուղղակի ազդանշաններից առկա են։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել այդ երկրի ազգային հեռարձակողի…

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել այդ երկրի ազգային հեռարձակողին, նշելով՝
    🔹 Մեր պարտականությունն է լուծել խնդիրները և փարատել ժողովրդի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ պարտավոր ենք թույլ չտալ, որ անկարգություններ իրականացնողները խաթարեն երկրի անդորրը։ Ուստի ընտանիքներին խնդրում ենք թույլ չտալ, որ իրենց զավակները ներգրավվեն ահաբեկիչների և անկարգություններ հրահրողների խռովարար գործողությունների մեջ։
    🔹 Թշնամին մեր երկիր է ներմուծել պատրաստություն անցած ահաբեկիչների, որոնք նաև հրկիզումներ և սպանություններ են կատարել։ Անկարգություններ իրականացնողները և խռովարարները բողոքող ժողովուրդը չեն․ մենք լսում ենք բողոքողների խոսքը և նրանց խնդիրները լուծելու համար գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը։
    🔹 Մեր նպատակն է առկա ռեսուրսներն արդար կերպով բաշխել բոլոր իրանցիների միջև՝ անկախ նրանից, թե նրանք որ կուսակցությանը, էթնիկական կամ ռասայական խմբին են պատկանում, կամ թե որ նահանգից են, ինչ բարբառով կամ լեզվով են խոսում։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է Իրանին ԱՄՆ ռազմական հարվածների հն…

    Տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն քննարկվում է Իրանին ԱՄՆ ռազմական հարվածների հնարավորությունը։
    Ոչ ոք չի կարող կանխատեսել Թրամփի հնարավոր որոշումները, բայց երկու կարևոր հանգամանք ուշադրությունից կարծես, թե դուրս են մնում։
    Նախ՝ ԱՄՆ նախագահն առայժմ չի հայտարարել, թե խաղաղ ցուցարարների շրջանում եղել են անվտանգության ուժերի կողմից սպանվածներ, իսկ իրանական կողմը քարոզչական տիրույթում փաստեր է հրապարակում առ այն, որ խաղաղ ցուցարարների մեջ ներթափանցել են նաև զինված անկարգություններ հրահրողներ, որոնց նկատմամբ էլ եղել է շատ կոշտ արձագանք։
    Երկրորդը՝ երեկ Թեհրան էր ժամանել Օմանի արտաքին գործերի նախարարը, և բոլորին հայտնի է, որ Վաշինգտոն-Թեհրան միջնորդավորված պաշտոնական շփումները տեղի են ունենում հենց Օմանի միջոցով, ուստի չնայած մինչև օմանցի իր գործընկերոջ ժամանումը Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել էր, թե տեղյակ չէ Օմանի միջոցով ԱՄՆ-ից հնարավոր ուղերձի փոխանցման մասին, չի բացառվում, որ նման ուղերձ եղել է, և զարգացումները կախված են նաև Վաշինգտոն-Թեհրան անուղղակի շփումներից։
    Արևմտյան ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Իսրայելն Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ը, ուստի Նեթանյահուի կողմից սադրանքի հնարավորությունը թվում է, թե նվազ է։
    Ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, թե իրադրությունն ինչպես կզարգանա, որովհետև նախագահ Թրամփն, ամենայն հավանականությամբ, դեռևս որևէ վերջնական որոշում չունի, մինչդեռ կողմերի միջև հռետորաբանական պատերազմը շարունակվում է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին ծավալելու անհնազանդության գործողություննե…

    Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին ծավալելու անհնազանդության գործողություններ, զբաղեցնելու իրանական քաղաքների փողոցները և մնալու դրանցում, անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը։
    Ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ լայնածավալ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև նույնպես չեն գրանցվել։
    Երեկ Իրանի բանակը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել անվտանգության ուժերին հասարակական կարգի ապահովման գործում, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել։
    Իրանական վտարանդի ընդդիմադիր ուժերից շատերը հանրային տիրույթում ակտիվորեն քննադատում են Իրանի գահընկեց շահի որդուն բողոքի գործողությունների առաջնորդությունը «մոնոպոլացնելու» փորձերի և տեղեկատվական ուռճացված աջակցության միջոցով դրանց հեռակա «կազմակերպիչ» և «ղեկավար» ներկայանալու համար։
    Իրանում համացանցը մնում է անջատված, պարբերաբար դրան հասանելիություն են ստանում միայն իրանական լրատվամիջոցները՝ որոնք տարածում են պաշտոնական տեղեկատվություն։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսու…

    Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսուհանդերձ, Իրանում շարունակվել են անկարգություններն ու բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։
    Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։
    ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ անգամ խոսել է այն մասին, որ սպանությունների դեպքում ծանր հարված կհասցնի Իրանին։
    Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակը տարածել է այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարություն, որով դատապարտել է Իրանի իշխանություններին։ Սա ցուցիչ է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում դուրս մնալ Իրանի շուրջ զարգացումների գործընթացից։
    Իրանի գահընկեց շահի որդին տեսաուղերձով դիմել է ցուցարարներին գրավելու փողոցներ և շուրջօրյա մնալու դրանցում՝ խոստանալով վերադառնալ և լինել ցուցարարների կողքին։ Ակնհայտ է, որ վերջինս ցանկանում է իրեն ներկայացնել ցույցերի հիմնական առաջնորդ և ստանալ նաև ԱՄՆ նախագահի աջակցությունը, ինչը դժգոհություն է հարուցում իրանական սփյուռքի այլ ընդդիմադիր ուժերի շրջանում։
    Համացանցն Իրանում անջատված է, սակայն իրանական լրատվամիջոցները պարբերաբար ստանում են հասանելիություն դրան՝ նյութեր և տեղեկատվություն տարածելու նպատակով։
    Իրավիճակն, ընդհանուր առմամբ, ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումն…

    Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ երեկ գիշեր Իրանի տարբեր քաղաքներում բախումների ընթացքում հրկիզվել և վնասվել են բանկեր, հիվանդանոցներ, խանութներ, ոստիկանական և հրշեջ մեքենաներ։ Բախումները եղել են իրապես աննախադեպ՝ թե՛ ցուցարարների շարքերում եղած արմատական անձանց և թե՛ անվտանգության ուժերի կողմից կիրառվել է նաև հրազեն։
    Այս պահի դրությամբ այսօր տեղի ունեցած միայն մեկ ցույցի վերաբերյալ տեղեկություն կա։ Իրանի ծայր հարավարևելյան, մեծամասամբ սուննի բելուջներով բնակեցված Զահեդան քաղաքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունեցել հիմնականում խաղաղ քայլերթ։ Իրանի որևէ այլ բնակավայրում բողոքի գործողության մասին այս պահի դրությամբ հաստատված տեղեկատվություն չկա։
    Իրանի հոգևոր առաջնորդը բավական խիստ տոնայնությամբ հանրային ելույթ է ունեցել՝ քննադատելով ԱՄՆ-ին և կոշտ արձագանքելով խռովարարներին։ Սա, ըստ էության, թե՛ Իրանի ներսում և թե՛ արտաքին դերակատարներին ուժի և վստահությսն ցուցադրության ելույթ էր, քանի որ Մերձավոր Արևելքում թույլերին չեն ներում։
    Իրանի գահընկեց շահի որդին «X» սոցիալական ցանցում աջակցության խնդրանքով դիմել է երեկ նրան հանդիպելուց հրաժարված ԱՄՆ նախագահ Թրամփին, ինչը իրանական որոշ ոչ իշխանական շրջանակների կողմից գնահատվել է՝ որպես առաջինի թուլության նշան։
    Իրանում համատարած կերպով անջատվել է համացանցը, ինչը զգալիորեն զրկել է արտաքին դերակատարներին գործընթացների վրա քարոզչական և այլ բնույթի ազդեցությունից։
    Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ իր երկրի վրա արտաքին ռազմական հարձակման դեպքում կլինի համարժեք պատասխան։
    Հակաիրանական քարոզչությանը միացել է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան։
    Մինչ այսօր նկատելիորեն պասիվ դիրքորոշմամբ աչքի ընկած եվրոպական պաշտոնյաները հերթապահ քննադատական խոսքերով են հանդես եկել Իրանի իշխանության հասցեին։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվ…

    Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով։
    Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, իսկ մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց և սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։
    Իրավիճակն այս առավոտի դրությամբ դուրս չի եկել պետական մարմինների կառավարելիությունից, չնայած նկատելի ռիսկեր առկա են։
    Դատելով առկա տեղեկատվությունից՝ որևէ շենք կամ առավել ևս բնակավայր չի անցել ցուցարարների վերահսկողության տակ։
    Արտաքին դերակատարներից Իրանի ներկայիս իրավիճակի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։
    Ոչ միայն, սակայն հիմնականում իսրայելական կողմը քարոզչական բոլոր խողովակներով և Իրանի ներսում ունեցած ցանցի միջոցով փորձում է առայժմ առանց հստակ առաջնորդության բողոքի գործողությունների առաջնորդությունը ստանձնել տալ Իրանի գահընկեց շահի որդուն, ինչին նա դեմ չէ, սակայն ունի խիստ սահմանափակ ռեսուրսներ։ Բողոքի մասնակիցների առանձին խմբերի կողմից վերջինիս անունը հնչեցվում է, բայց, դիցուք, քրդաբնակ շրջանների ցուցարարները հրաժարվում են իրենց բողոքն ասոցացնել տվյալ անձի հետ։
    ԱՄՆ նախագահ Թրսմփի վերջին հարցազրուցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։ Ըստ Թրամփի՝ բողոքի գործողությունների ընթացքում որոշ մարդիկ սպանվել են ոչ թե իրավապահ մարմինների կողմից, այլ խուճապային հրմշտոցների հետևանքով։ Նման հայտարարություններն, ըստ էության, մանևրի լայն դաշտ են թողնում Թրամփի վարչակարգի համար պայմանավորվելու Իրանի ներկայիս իշխանության հետ, մինչդեռ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության։
    Իրանի համար այժմյան ամենամեծ ռիսկը ոչ թե արմատական տրամադրություններով ցուցարարների գործոնն է, այլ տնտեսական վիճակը՝ հատկապես արտարժույթի շուկան և անվերահսկելի գնաճը, որը ազդում է ահռելի քանակությամբ մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ առաջ բերելով բնական դժգոհություն։
    Միևնույն ժամանակ տնտեսական տևական ճգնաժամի ամենամեծ վտանգն այն է, որ այն բողոքը տեղափոխում է առանձին սոցիալ-տնտեսական պահանջների տիրույթից դեպի ամբողջ գաղափարախոսության և կենսակերպի մերժում, ինչը չափազանց բարդացնում է ցանկացած փոխզիջում, ուստի տնտեսական հարցերի օպերատիվ լուծումները պետք է ուղեկցվեն աստիճանական, բայց լայնածավալ լրջագույն բարեփոխումներով։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Միքայել Միքայելյանի պես բազմաթիվ մարդիկ վառ են պահում այն հավատը, որ ազգային մեր…

    Միքայել Միքայելյանի պես բազմաթիվ մարդիկ վառ են պահում այն հավատը, որ ազգային մեր արժանապատվությունը վերականգնվելու է։
    «Ազատություն» ռադիկոայանին Միքայելն ասել է՝ «Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքը ավելի գերադասելի են, քան ինչ-որ պատիժներ գումարի տեսքով»:
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի օգնական կոչվող Հիքմեթ Հաջիևի կողմից ամերիկյան «The Washington Times» պարբերականին փոխանցած՝

    «Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի հետ»

    նախադասությունը քարոզչական առումով խիստ վտանգավոր, իսկ զգացական մակարդակում վիրավորական «միտք» է։
    Առաջին հայացքից «խաղաղասիրական» թվացող այս նախադասությունն իրականում հենց քողարկված հիբրիդային հարձակման դասական նմուշ է, քանի որ՝
    1. Հայաստանի ներսում՝ որպես այն ներկայացնող, «սահմանվում» են երկու առանձին սուբյեկտներ՝ կառավարություն և ժողովուրդ, ինչի «տրամաբանությամբ» ստացվում է, որ կառավարությունը լիարժեք լեգիտիմություն չունի ներկայացնելու և չի ներկայացնում իրենից տարբեր և առանձին սուբյեկտ դիտարկվող ժողովրդին, ուստի խաղաղությունը կառուցվում է հայաստանյան երկու սուբյեկտների հետ։
    2. Երբ արտաքին՝ այն էլ թշնամական պետության բարձրաստիճան պաշտոնյան, շրջանցելով Հայաստանի պետական կառուցակարգերը և դրանք ներկայացնող պաշտոնյաներին, փորձում է «բարի քեռու» դիրքերից խոսել Հայաստանի ժողովրդի հետ, դա, մեղմ ասած, ուղիդ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և ճնշում պետական մարմինների վրա։ Ի դեպ, սա արդեն երկրորդ նման դեպքն է նույն անձի կողմից քաղհասարակության ներկայացուցիչների միջոցով գրեթե նույնանման «ուղերձի» փոխանցումից հետո։
    3. Բացահայտորեն փորձ է կատարվում խաղաղության հաստատումը ներկայացնել ոչ թե երկկողմ, այլ միակողմանի գործընթաց, որտեղ միակ կամ հիմնական՝ այլն էլ «բարի», դերակատարը հենց Բաքվի բարբարոսական վարչախումբն է, որը և որոշում է, թե ինչ սուբյեկտների հետ պետք է առանձին-առանձին կառուցի այդ խաղաղությունը։
    Հետևաբար, խնդրո առարկա նախադասությունը ոչ թե խաղաղասիրական հայտարարություն է, այլ հիբրիդային հարձակման հստակ օրինակ, որի միջոցով, ըստ էության, կասկածի է ենթարկվում Հայաստանի պետական կառուցակարգերի լեգիտիմությունը, միջամտություն է տեղի ունենում Հայաստանի ներքին գործերին, խթանվում ներհայաստանյան պառակտում, և ի վերջո՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը նաև միջազգային հանրության աչքում ներկայանում է՝ որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan