Category: Vardan Voskanyan

  • Ինչպես արդեն գրել եմ, Իրանում այս պատերազմը դիտարկում են ոչ միայն որպես բարդագու…

    Ինչպես արդեն գրել եմ, Իրանում այս պատերազմը դիտարկում են ոչ միայն որպես բարդագույն մարտահրավեր, այլ նաև հնարավորություն այդ երկրի համար հետպատերազմական պայմանների առումով։
    Այս համատեքստում Հորմուզի նեղուցը դիտարկվում է չափազանց կարևոր գործոն։ Եթե մինչև այսօր Իրանի ներսում գրեթե բացառապես փորձագիտական մակարդակում էր խոսվում նեղուցով նավարկության պայմանները հօգուտ Թեհրանի փոփոխելու մասին, ապա այսօր այդ մասին հայտարարել է նաև Իրանի ԱԳ նախարար Արաղչին։
    Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է, որ Հորմուզի նեղուցի և դրանով անցման կարգավորումները պետք է գծագրվեն այնպես, որպեսզի դրանք գործեն՝ ապահովելու խաղաղ նավարկությունը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի շահերը։
    Շատ դիվանագիտական այս ձևակերպման տակ Իրանում ակներևաբար հասկանում են Հորմուզի նեղուցի կառավարումը և անվտանգության ապահովումը ստանձնելը հետպատերազմական Մերձավոր Արևելքում, ինչը հենց այս պահին էլ փաստացի իրականացվում է Թեհրանի կողմից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական պետական «IRNA» գործակալության ռուսալեզու ալիքը շատ հետաքրքիր ձևակերպում…

    Իրանական պետական «IRNA» գործակալության ռուսալեզու ալիքը շատ հետաքրքիր ձևակերպումով է տարածել Իրանի ԱԳ նախարար Արաղչիի՝ Բաքվի վարչախմբի արտգործնախարարի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը։
    Ըստ դրա՝ Արաղչիին «վճռականորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք տրամադրող յուրաքանչյուր երկիր Իրանի համար դառնում է օրինական թիրախ»:
    Պարզ է, որ սա Բաքվի վարչախմբին ուղղված, ըստ էության, անթաքույց զգուշացում է, քանի որ Հարավային Կովկասի երկրներից միայն արհեստածին Ադրբեջանն է, որ ունի դաշնակցային հարաբերություններ Իսրայելի հետ նաև ռազմատեխնիկական ոլորտում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրա…

    Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ։
    Այդ համակարգում ապակենտրոնացման մակարդակն անհրաժեշտության դեպքում այնքան է բարձրացվում, որ որոշում ընդունող ոչ մի անձի չեզոքացում դրա կենսագործունեության վրա չի ազդում կամ գրեթե չի ազդում, մինչև նոր գործչի նշանակումը։
    Սա գործնականում ապացուցվել է նաև այս պատերազմի սկզբից ի վեր, սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք, որն արմատացած է արդեն կրոնական գաղափարախոսության մեջ և հնարավորություն է տալիս արագ կադրային փոխարինումներ իրականացնել։
    Շիայական դավանանքում կա اجل [աջալ] «սահմանված ժամանակ, ժամկետ» մեկ բառով բնութագրվող մի հավատալիք, ըստ որի՝ յուրաքանչյուր մարդու կյանքի համար կա Աստծո կողմից ի սկզբանե սահմանված ժամկետ, որն ափոփոխելի է, և եթե այդ ժամկետը չի լրացել, ապա մահվան սպառնալիք չկա, նույնիսկ եթե մարդն ամենավտանգավոր փորձության մեջ է, իսկ եթե այն լրացել է, ապա մահն անխուսափելի է նույնիսկ ամենաանվտանգ պայմաններում։
    Ֆատալիստական այս հավատալիքն օգնում է հաղթահարել մահվան հանդեպ վախը և գործել անվեհեր ցանկացած իրավիճակում նաև հավատացյալ ռազմաքաղաքական գործչին։
    Ի դեպ, նշված բառը կա նաև խոսակցական հայերենում՝ «Աջալն էկել ա, մաջալ չի տալի» ասույթում, որը նշանակում է «Կյանքի ժամկետի ավարտը եկել է և այլևս ժամանակ չի տալիս»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Բրիտանական «BBC»-ի պարսկերեն ծառայության թղթակիցը Թել-Ավիվից հայտնել է, որ Իսրայ…

    Բրիտանական «BBC»-ի պարսկերեն ծառայության թղթակիցը Թել-Ավիվից հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել։
    Թիրախավորվել են Երուսաղեմի արևելյան և արևմտյան հատվածները, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակի և այդ երկրի խորհրդարանի մոտակայքը։
    Հասցված կոնկրետ վնասների մասին տեղեկատվություն չի հաղորդվել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համ…

    Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համար։
    Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ։
    Այս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն նախատեսում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, որ դա հնարավոր կլինի։
    Իրանի պատկերացրած այդ ստատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը՝ ցույց տալով, որ հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները կարող են բարեկեցիկ և անվտանգ զարգանալ միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն կունենա նաև Իրանը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ ն…

    Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ նաև, դատելով ԱՄՆ-Եվրոպա հակասություններից, նաև այս երկու կենտրոնների միջև հարաբերությունները։
    Այդ հարաբերությունների ռազմական հատվածը ուղղակիորեն վերաբերում է ՆԱՏՕ-ին, որի անդամ եվրոպական ոչ մի պետություն, չնայած, ԱՄՆ-ի նախագահի կոչին և բավական կոշտ քննադատությանը, չի ցանկանում ներքաշվել Իրանի դեմ պատերազմում։
    Ողջ աշխարհն այժմ, ըստ էության, գտնվում է խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի փուլում, և այդ տեղաշարժերից մեկը մեր անմիջական հարևանությամբ է տեղի ունենում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր արդեն որերորդ անգամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտար…

    Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր արդեն որերորդ անգամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարում է, որ իրանցիները ցանկանում եմ բանակցել, իսկ երեկ ընդհանրապես նշեց, որ իրենք խոսում են Իրանի հետ։
    Մինչդեռ իրանական կողմը մի քանի մակարդակներով պաշտոնապես հայտարարում է, որ ոչ միայն չի բանակցում ԱՄՆ-ի հետ, այլ նաև չի էլ պատրաստվում դա անել։
    Ընդ որում, Թեհրանը պնդում է, որ նույնիսկ համաձայն չէ հրադադարի, եթե դրանից հետո չեն բավարարվելու իրանական երեք նախապայմանները՝ Իրանի լիարժեք միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում, տնտեսական պատժամիջոցների ամբողջական չեղարկում, պատերազմի ընթացքում Իրանին հասցված վնասի լիակատար փոխհատուցում կամ, այլ խոսքերով, ռազմատուգանքի վճարում։
    Իրանական մեկ այլ նախապայման էլ իրականում գոյություն ունի, որն ուղիղ չի բարձրաձայնվում, սակայն, ըստ էության, այժմ, փաստացիորեն, իրականացվում է, և դա Հորմուզի նեղուցի ամբողջական կառավարումն է Իրանի կողմից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ստացել եմ Իրանում ՀԱԵ Ատրպատականի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի գրասենյակի հա…

    Ստացել եմ Իրանում ՀԱԵ Ատրպատականի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի գրասենյակի հաղորդագրությունը, որն ամբողջությամբ զետեղում եմ այս ալիքում։
    ԱՊԱՀՈՎԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծւած պատերազմի առաջին օրւանից, նախագահութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Գրիգոր Արք. Չիֆթճեանի, Թեմական խորհուրդը, ինչպէս նաեւ Ուրմիոյ Գործակալական խորհուրդը նախազգուշական քայլերի ձեռնարկեցին, նախ դադարեցնելով ե’ւ Թաւրիզիում ե’ւ Ուրմիայում եկեղեցական արարողութիւնները եւ ազգային նախապէս որոշւած ձեռնարկները, ապահովական առումով։
    Նշենք, որ երկու քաղաքների հայոց Ազգային դպրոցները համացանցով շարունակում են իրենց դասաւանդութիւնները։
    Թեմական խորհուրդը ցուցաբերելով նաեւ շտաբի անձնւէր պատրաստակամութիւնը, միշտ հետաքրքրւում է այն պայթումների հետեւանքով, երբ հայկական շրջանների մօտակայքում են տեղի ունենում։
    Նշենք, որ Ազգային առաջնորդարանը պատերազմի սկզբից մինչեւ օրս, չի դադարեցրել իր աշխատանքը։
    Ցարդ մօտակայ ուժեղ պայթումներից ցնցւած պատուհանների ապակիներից բացի այլ վնասներ չի կրել համայնքը, մանաւանդ 10 Մարտ 2026֊ի միջօրէին Թաւրիզի բանակատեղիում տեղի ունեցած օդանաւային հարւածների ընթացքում։
    Ի դէպ ասենք նաեւ, որ հակառակ ապահովական ներկայ անբաղձալի դրութեան, Թեմիս Մելիք Թանգեան թանգարանի բարեզարդման աշխատանքները չեն դադարեցւել, մաղթելով որ պատերազմի բաղձալի դադարից յետոյ կը վերաբացւեն դռները, եւ դրա յարկի տակ կը հիւրընկալւեն բոլոր այցելուները։
    Յայտնենք նաեւ, որ Սրբազան հայրը եւ Թեմական խորհուրդը մնայուն կապի մէջ են Թեմի վանքերի պահապանների հետ, ստուգելու հնադարեայ վանքերի իրավիճակը, որոնք ցարդ անվնաս են եւ մնայուն հսկողութեան ներքոյ։
    Առաջնորդ Սրբազանը իր յարատեւ աղօթքով զօրակցում է Թեմիս բոլոր զաւակներին, Աստծուց խնդրելով անփորձանք պահպանել համայն Իրանի ժողովրդին, որոնց շարքին մանաւանդ հայ ժողովրդի թանկագին զաւակներին։
    ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
    ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Պարսից ծոցի իրանական Խարգ կղզին վերջերս հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնու…

    Պարսից ծոցի իրանական Խարգ կղզին վերջերս հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ի հրթիռակոծման պատճառով։
    Մինչդեռ քչերը գիտեն, որ 2007թ. այստեղ ճանապարհի կառուցման ժամանակ գտնվել է հին պարսկերեն սեպագիր արձանագրություն Աքեմենյանների շրջանից։
    Կարճ արձանագրությունը կղզում ստորգետնյա ջրային համակարգի կառուցման մասին էր, և «այս հողը երջանիկ էր», որ արձանագրությունը թողած, ցավոք, անհայտ անձը, այստեղ ջուր բերեց։
    2008թ. արձանագրությունը ենթարկվել էր վանդալիզմի՝ զգալիորեն վնասվելով։
    #դարձիր_իրանագետ
    🆔 @vardan_voskanyan

  • Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, որպեսզի հերքի իր սպանված լինելու մասին լուրերը, ա…

    Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, որպեսզի հերքի իր սպանված լինելու մասին լուրերը, այսօր սուրճ խմեց տեսախցիկի առջև։
    Խնդիրն այն է, որ, որքանով հիշում եմ, սա առաջին դեպքն էր, երբ իրանական ապատեղեկատվական քարոզչությունն այնքան արդյունավետ աշխատեց, որ, փաստացիորեն, ստիպեց Իսրայելի վարչապետին գնալ այսօրվա քայլին։
    Արդեն վաղուց պատերազմները ոչ միայն մարտադաշտում են վարվում, այլ նաև՝ քարոզչական տիրույթում, որը ոչ պակաս կարևոր է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan