💬 Հաշվի առնելով Միութենական պետության կազմ մտնելու շուրջ ծավալված քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը երևի թե ստիպված լինի ևս մեկ հոդված հրապարակել և ավելի մանրամասնել, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանը ընդունի Ռուսաստանի առաջարկը և մտնի Միութենական պետության կազմ։
Ռուս — ուկրաինական պատերազմը առաջիկա ամիսներին չի կանգնելու, ավելին՝ արևմտյան և ռուսական աղբյուրներն արդեն խոսում են մի քանի տարի ձգվելիք պատերազմի մասին, իսկ ի՞նչ է սա նշանակելու։ Արդյո՞ք դուք մտածում եք, որ Հայաստանը մտնելու է Միութենական պետության կազմ և կողքից հետևի, թե ինչպես են ռուսները կռվում Ուկրաինայում։ Իհարկե ոչ։ Չեչենների, դաղստանցիների և մյուսների հետ հավասար Հայաստանում և Արցախում ինչքան տղամարդ գտնեն տանելու են ռազմաճակատ։ Այս պահին, գուցե, սա ծիծաղ առաջացնի շատերի մոտ, սակայն եթե խնդիրներն ավելի խորքային դիտարկենք, ապա կհասկանանք, որ անվտանգության փոխարեն Հայաստանը ստանալու է մի նոր պատերազմ, ընդ որում՝ պատերազմ ոչ սեփական հողի, ոչ էլ սեփական ազգի համար։
Հեռատեսությունը վատ բան չէ, մանավանդ քաղաքականության մեջ: Եթե շատերը դեռ մնացել են Սովետի տակ ու մտածում են, թե նոր Սովետ են ստանալու, պետությունից տներ են ստանալու, ապա նրանց շատ մեծ հիասթափություն է սպասվում։ Ռուսաստանն իր քայլերով կարող էր անել այնպես, որ Հայաստանն այսօր ինքնակամ որոշեր մտնել Միութենական պետության կազմ, դա անում են լավ դաշնակից լինելով, պարտավորությունները պատշաճ կատարելով, սակայն եթե դա չի արվել, ապա Ռուսաստանը Հայաստանին Միութենական պետություն պարտադրելու միայն մեկ ճանապարհ ունի՝ ուժի կիրառում։
Չենք ուզու՞մ կռվել հանուն Հայաստանի, ուրեմն պարտադրելու են կռվել հանուն Ռուսաստանի՝ ընդդեմ ուկրաինացիների։