Դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական «…

⚡️⚡️⚡️Դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական «Azertag» գործակալությունը հրապարակել է թվով 24 նյութ (մյուս լրատվական աղբյուրներին չեմ անդրադառնում), որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։
Նյութերի վերլուծությունը տալիս է հետևյալ պատկերը՝
📍 «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում կազմակերպվում են գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, երիտասարդական ճամբարներ և ցուցահանդեսներ։ «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» ներկայացվում է որպես հիմնական «ազգային նպատակ»։ Սրա մասին ուղիղ տեքստով խոսում են պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
📍 Իլհամ Ալիևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թեման մշտապես ներկայացնում են որպես «իրավական, պատմական և բարոյական պարտավորություն»՝ այն ներառելով ուսումնական ծրագրերում, ֆոլկլորային հետազոտություններում, արվեստում և հասարակական դիսկուրսում՝ Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջները «օրինաչափ» ու «բնական» դարձնելու համար։
📍 Արվեստի, գրականության և պատմական գիտությունների միջոցով «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացվում է որպես ադրբեջանցիների նախնիների հայրենիք։ Ժողովրդական բանահյուսության հավաքածուները, նկարչական մրցույթները և վիրտուալ ցուցահանդեսները շեշտադրում են հայկական տարածքների «պատկանելիությունը ադրբեջանցիներին», ենթադրյալ «ադրբեջանական» մշակութային վայրերի ոչնչացումն ու տեղահանությունները՝ հայերին ներկայացնելով որպես «բռնազավթիչներ» և «ցեղասպաններ»։ Մշակութային թեմաների ներքո առաջ են քաշվում անթաքույց տարածքային պահանջներ։
📍 Ադրբեջանը հղում է կատարում միջազգային իրավունքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին և մարդու իրավունքների շրջանակներին՝ վերադարձի «իրավունքը» պաշտպանելու համար՝ Հայաստանին վերագրելով կոլեկտիվ պատասխանատվություն ենթադրյալ հանցագործությունների և ավերածությունների համար։ Սա ներկայացվում է որպես արդարադատության հարց՝ նպատակ ունենալով միջազգային մակարդակով օրինականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահանջները՝ միաժամանակ կապելով պատմությունը ժամանակակից դիվանագիտության և պատերազմից հետո բանակցությունների հետ։ Չեն խորշում այս ամենի մեջ ներառել նաև Թրամփի անունը և օգոստոսի 8-ի հռչակագրերը։
📍 Ամենավտանգավորն, ըստ իս՝
Երիտասարդական ծրագրերի, սեմինարների և համայնքային նախաձեռնությունների միջոցով ադրբեջանական պետության նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում ձևավորել հստակ մտածելակերպ, ըստ որի ՀՀ-ն «պատմական ադրբեջանական հող է», որը «խլվել է իրենցից»։ Սա ապագա տարածքային պահանջները երիտասարդության մոբիլիզացիայի միջոցով առաջ տանելու հստակ ձեռագիր է։
🔥Սա Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հստակ զավթողական ծրագիր է։ Այն չունի որևէ պատմական, քաղաքական, աշխարհագրական հիմք։ Դրա տարածման մասշտաբները ադրբեջանական պետական համակարգի կողմից անպատկերացնելի են։ Սա հնարավոր է կանխել միայն աշխատելով։ Այսօրվա չաշխատելու համար մենք վաղը շատ թանկ գին ենք վճարելու։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով