Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ն…

Ո՞րն է ԱՄՆ-ի հետ հարաբերվելու ընդդիմության բանաձևը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «ներդրում» բառը օգտագործե՞լ է, թե՞ ոչ դա քաղաքական առումով այն գլխավոր հարցը չէ, որի շուրջ պետք է ծավալվեն քննարկումները, սակայն երեկվանից Հայաստանում բանավեճերը ծավալվել են հենց այս հարցի շուրջ, սակայն կա ավելի էական հարց, որի շուրջ պետք է լինի քննարկում գոնե քաղաքական-վերլուծական շրջանակներում։
Մեր տարածաշրջանում վերջին 6 տարում ստեղծվել են նոր իրողություններ, փոփոխության է ենթարկվել ուժային բալանսը ու ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ու, ընդհանրապես, ԱՄՆ-ի հետաքրքրությունները (շատ կամ քիչ) այս տարածաշրջանում պայմանավորված են այդ իրողություններով կամ, գուցե, ավելի տեղին կլինի ասել՝ բխում են այդ իրողություններից։
Իշխանությունները ու անձամբ Փաշինյանը ԱՄՆ-ի հետ հարաբերվելու իր տեսլականն ու պատկերացումները ունի ու, ըստ այդմ, ձեռնարկում է քայլեր՝ Հայաստանի շահերից շատ կամ քիչ բխող։ Ընդդիմությունը, այսինքն, այն ուժերը, որոնք իշխանության գալու իրատեսական հավակնություններ ու հնարավորություն ունեն, իրենք ևս պետք է ԱՄՆ-ի ու Թրամփի վարչակազմի հետ հարաբերվելու սեփական տեսլականն ու պատկերացումները ունենան ու գործեն ըստ այդմ, առնվազն հանրությանը ներկայացնեն իրենց պատկերացումները ու համագործակցության ձևաչափը ներկայիս ԱՄՆ-ի հետ՝ տարածաշրջանի ներկայիս իրողություններում։
Այն Հարավային Կովկասը, որը կա այսօր, տարբերվում է նրանից, ինչ կար մինչև 2020 թվականը ու սա պետք է ընդունել։ Ընդդիմության կողմից քննարկման թեման պետք է չլինի Վենսի կողմից «ներդրում» բառը օգտագործել կամ չօգտագործելը, այլ պետք է լինի այն, թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի շահերից բխող համագործակցությունը ու աշխատանքը ԱՄՆ-ի հետ։
Իսկ տարածաշրջան Վենսի կատարած այցին, ստորագրված փաստաթղթերին ու ձեռք բերված պայմանավորվածություններին վերլուծական առումով ավելի նպատակահարմար կլինի անդրադառնալ, երբ ավարտվի նրա այցը Բաքու ու մենք տեսնենք ընդհանուր պատկերը։
Հ․Գ․ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչի համար մենք շնորհակալ ենք ԱՄՆ փոխնախագահին։
🇺🇸🇦🇲 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: @armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով