Մի քանի հարց Արամ ՎարդևանյանինՆախորդ շաբաթ ներկայացվեց Սամվել Կարապետյանի կուսակ…

Մի քանի հարց Արամ Վարդևանյանին
Նախորդ շաբաթ ներկայացվեց Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որի ղեկավար մարմնում, այսինքն, top 5-ում մենք տեսանք նաև Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանի անունը, որը նախորդ ընտրություններին մասնակցել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով։
Մինչև բուն հարցերը ձևակերպելը, 2 հստակ բան ֆիքսենք․
1․ Քաղաքականության մեջ թիմ փոխելը խնդրահարույց է, եթե չկա հստակ բացատրություն։
2․ Ես ուզում եմ, որ Սամվել Կարապետյանն ու իր թիմը քաղաքականության մեջ հաջողեն, դրա համար գտնում եմ, որ բոլոր այս քննարկումները մենք պետք է ունենանք հրապարակային դաշտում։ Եթե կան հարցեր, եկեք բաց խոսենք դրանց մասին։
Հիմա ձևակերպեմ հարցերը, որոնց պատասխանները ես ցանկանում եմ ստանալ հարգարժան Արամ Վարդևանյանից, ոչ թե փաստաբան Արամ Վարդևանյանից, այլ քաղաքական գործիչ Արամ Վարդևանյանից, քանի որ ինքը այս «թեմայի տակ» մտել է արդեն որպես քաղաքական գործիչ։
1․ Արամ ջան, «Հայաստան» դաշինքով պատգամավոր դառնալուց հետո ի՞նչն է եղել մանդատը վայր դնելու պատճառը։ Արդյո՞ք եղել են տարաձայնություններ, քաղաքական հակասություններ այդ թիմի հետ։ Պաշտոնական հայտարարության մեջ զուտ նշված է, որ ցանկանում ես վերադառնալ փաստաբանական գործունեության։ Այսինքն, ինչ-որ պահից ճիշտ չես համարել շարունակել քաղաքական պայքարը որպես ընդդիմադիր պատգամավոր։
2․ Այժմ դու ընտրություններին մասնակցում ես արդեն Սամվել Կարապետյանի թիմի կազմում։ Որևէ խնդիր այստեղ չկա, ես չեմ փորձում հակադրել Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին, բայց եթե այն ժամանակ որոշում ես կայացրել դուրս գալ քաղաքական պայքարից, ապա ի՞նչն է քեզ այժմ ստիպել քաղաքական պայքարի մեջ մտնել արդեն Սամվել Կարապետյանի հետ։ Ի՞նչն է եղել քո որոշման հիմքում, որը ստիպել է քեզ կրկին մտնել ընտրական ցուցակ, արդեն մեկ այլ ընդդիմադիր ուժի կազմում։
3․ Եթե Սամվել Կարապետյանը չկարողանա վերցնել իշխանությունը, դու պատկերացնու՞մ ես քեզ որպես ընդդիմադիր պատգամավոր, թե՞ նորից վայր ես դնելու մանդատդ ու վերադառնաս փաստաբանական գործունեության։
Որպես քաղաքական գործընթացներին հետևող ու որոշակի լսարան ունեցող մարդ՝ ինձ համար կարևոր է, թե ովքեր են գտնվում Սամվել Կարապետյանի կողքին, որպեսզի ես իմանամ՝ այդ մարդիկ Կարապետյանի կողքին մնացո՞ղ են, թե՞ կեսից գնացող են ու ես գտնում եմ, որ այս հարցերը, որոնց մասին խոսվում է «պատերի տակ», բաց քննարկման առարկա դառնան հրապարակային դաշտում, որովհետև այո, Սամվել Կարապետյանի հաջողությունը կարևոր է ընդդիմադիր դաշտի համար, բայց այդ հաջողությունը միայն թիմային աշխատանքի արդյունք կարող է լինել, իսկ դրա համար, այո, կարևոր է, թե ինչ թիմ է հավաքվում։
Պարոն Վարդևանյանը չպետք է նեղանա այս հարցադրումներից կամ Սամվել Կարապետյանի թիմում չպետք է մտածեն, որ մենք հարվածում ենք իրենց նման հարցադրումներով, հակառակը՝ սա հենց իրենց համար է արվում առաջին հերթին։ Եթե մարդ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ապա պետք է կարողանա պատասխանատվություն կրել իր քայլերի համար ու բացատրել դրանք, և հենց դա էլ մենք ակնկալում ենք։
Photo

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով