Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո պաշտոնանկ արվեց տվյալ շրջանի ոստիկանապետը։…

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո պաշտոնանկ արվեց տվյալ շրջանի ոստիկանապետը։ Տվյալ ժամանակահատվածում ուժային կառույցներից քիչ թե շատ տեղյակ մարդիկ ուղղակի բղավում էին, որ ոստիկանությունում կա համակարգային խնդիր․ համակարգը պարզապես չի աշխատում, որովհետև տվյալ սպանությունը հնարավոր էր կանխել ու դա չի արվել։
Վերջին շաբաթներին ու ամիսներին հանրապետությունը շարունակում է թաղվել կրիմինալ միջադեպերի մեջ․ ամեն օր դանակահարություններ են, «ռազբորկաներ», սպանություններ։ Ամենաթողությունը հասել է այն աստիճանի, որ մարդիկ թույլ են տալիս իրենց Երևանում ավտոմատով իջնել բակ և կրակահերթ արձակել։
Այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ոստիկանապետի տեղակալներին։ Սա ոչ այլ ինչ է, քան «քավության նոխազների» նշանակում, ինչպես Վալոդյայի սպանության դեպքում, իսկ նպատակը ընդամենը առաջացող հանրային դժգոհությունը մեղմելն է, իսկ գործողության տրամաբանությունը նույնն է՝ «ի՞նչ անի խեղճ վարչապետը, Պողոսն է մեղավոր, Պետրոսն է մեղավոր»։ Վալոդյայի սպանությունից հետո պաշտոնից ազատված ոստիկանապետը օրեր առաջ կրկին բարձր պաշտոնի է նշանակվել ոստիկանությունում։ Համոզված եմ՝ նույնը լինելու է այսօր ազատված ոստիկանների հետ։
Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ․ երկրում առկա խնդիրները, այդ թվում՝ խորացող կրիմինալ իրավիճակն ու ամենաթողությունը քաղաքական բնույթի են ու դրանց լուծումն էլ քաղաքական է։ Ի՞նչ է սա նշանակում։ Քաղաքական ղեկավարությունն իրեն սպառել է ու ունակ չէ կառավարել, իսկ դա նշանակում է, որ լուծումներ կարող են լինել բացառապես քաղաքական իշխանության փոփոխության դեպքում։
Հ․Գ․ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը գոնե ինձ համար շարունակում է մնալ չբացահայտված։ Այստեղ կան սպանությունը կատարած անձինք, որոնք ձերբակալված են ու կա հիմնավոր կասկած պատվիրատուների առկայության մասին, որոնք ուշ թե շուտ պատասխանատվության են ենթարկվելու՝ անկախ նրանից, թե որտեղ փախած կլինեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով