Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամփոփել է նախորդ տարի…

Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամփոփել է նախորդ տարիներին Կառավարությունում և խորհրդարանում իր և իր քաղաքական թիմի գործունեությունը՝ հստակեցնելով նաև, թե որ ոլորտում է շարունակելու իր գործունեությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ տարիներ շարունակ ցուցաբերած վստահության համար։
Ձեր աջակցությունը, սերն ու ջերմությունը աշխատանքի յուրաքանչյուր փուլում ինձ ուժ են տվել առաջ շարժվել և հաճախ անհնարին թվացող մարտահրավերները վստահությամբ հաղթահարել։
Պետական ծառայությանը և ձեր տված մանդատին մշտապես վերաբերվել եմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ։
Մարտահրավերներով և հնարավորություններով լի այս տարիներին գործընկերներիս հետ միասին ներդրել ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանը դարձնելու ավելի անկախ, ավելի ուժեղ և ավելի մրցունակ պետություն։
Ճանապարհները պետության արյունատար անոթներն են։
2018 թ. մեր ժառանգած անմխիթար ճանապարհային ցանցը վերականգնելու նպատակով իրականացվեցին աննախադեպ ծավալի ներդրումներ և հետևողական աշխատանք, որոնց շնորհիվ հնարավոր եղավ արմատապես փոխել տարիներով ձևավորված գործելակերպը՝ բազմապատկելով թե՛ ճանապարհաշինության ծավալները, թե՛ որակական չափանիշները։
Այսօր արդեն կարող ենք վստահությամբ ասել, որ Հայաստանի ճանապարհային ցանցը ծառայում է մեր քաղաքացիներին, տնտեսության զարգացմանը և հաճախ դրական գնահատականի է արժանանում նաև մեր երկիր այցելող հյուրերի կողմից։
Զենքի և զինամթերքի ինքնաբավ ու ժամանակակից արտադրություն ձևավորելու նպատակով իրականացված ներդրումների արդյունքում այսօր Հայաստանում ստեղծվում են արտադրանքներ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք ոչ միայն մատակարարվում են հայկական զինված ուժերին, այլև մրցունակ են միջազգային շուկայում և պահանջարկ են վայելում արտերկրում։
Ռազմարդյունաբերության ոլորտում ընդամենը մի քանի տարվա հետևողական աշխատանքի արդյունքում այսօր ձևավորվել է տարեկան շուրջ 150–200 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառությամբ արդյունաբերություն։
Ստեղծվել են տասնյակ արտադրական ձեռնարկություններ և գիտահետազոտական կենտրոններ։
Սա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի առջև դրված հիմնական ռազմավարական նպատակներից էր։
Այսօր այն դարձել է իրականություն՝ նախարարության, կոմիտեի, ոլորտի կազմակերպությունների, Պաշտպանության նախարարության և բոլոր գործընկերների հետևողական ու նվիրված աշխատանքի շնորհիվ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման առաջնային նպատակներից էր նաև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում թռիչքաձև զարգացում ապահովելը։
Այդ նպատակով մշակվել, ներդրվել և մինչ օրս էլ իրականացվում են բազմաթիվ ռազմավարական ծրագրեր։
2018 թվականից ոլորտի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում շուրջ 1,7 տոկոսից աճել է մինչև 7,5 տոկոս։
Շուրջ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի բարձր տեխնոլոգիական ծառայություններ և արտադրանք արտահանվում են Հայաստանից դեպի ԱՄՆ, ԵՄ, ասիական ու արաբական շուկաներ։
Դա հնարավոր է դարձել շուրջ 50 հազար բարձր որակավորում ունեցող մասնագետների գիտելիքի, ստեղծարար աշխատանքի և նվիրումի շնորհիվ։
Այսօր Հայաստանը համարվում է արհեստական բանականության գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը։
Հայաստանը նաև այն եզակի պետություններից է, որն ունի ամենաառաջադեմ տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների ձեռքբերման հնարավորություն։
Սա հնարավոր դարձավ հատկապես արտաքին քաղաքական գրագետ աշխատանքի և Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատման շնորհիվ։
Ի թիվս հարյուրավոր այլ ընկերությունների՝ Հայաստան են մուտք գործել համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ՝ NVIDIA, AMD, Microchip և Cadence։
Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում Հայաստանը թողարկել է Երկրի դիտարկման սեփական արհեստական արբանյակը և ստեղծել արբանյակների կառավարման կենտրոն։
Սրանք ռազմավարական նշանակության ձեռքբերումներ են և պահանջում են շարունակական զարգացում, հետևողական աշխատանք և ամենօրյա ուշադրություն, որպեսզի ծառայեն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացմանն ու անվտանգությանը։
Խորհրդարանական գործունեության ընթացքում իմ առաջնային պարտականությունն էր հավատարիմ մնալ մեր ժողովրդի կողմից տրված մանդատին, ապահովել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը և գործընկերներիս հետ միասին նպաստել խորհրդարանական ինստիտուտի արդյունավետ գործունեությանը։
Բազմաթիվ բարդ ու երբեմն սուր քաղաքական քննարկումների առանցքում մշտապես եղել է Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության հարցը։
Այն շարունակաբար ենթարկվել է տարբեր ներքին և արտաքին մարտահրավերների, ինչը մեզ պարտավորեցրել է հետևողական ու սկզբունքային աշխատանքով պաշտպանել և ամրապնդել մեր պետականությունը։
Միջազգային հարթակներում խորհրդարանական դիվանագիտությունը կարևորագույն գործիքներից է պետության հեղինակության ձևավորման, Հայաստանի դիրքորոշումների ներկայացման և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման գործում։
ԱՊՀ-ի, Միջխորհրդարանական միության, ԱՍԵԱՆ-ի, Միջերկրածովյան երկրների և այլ բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում հետևողականորեն ներկայացվել են Հայաստանի Հանրապետության շահերն ու դիրքորոշումները։
Երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում ղեկավարել եմ Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ համագործակցության կարևոր ուղղությունները։
Համատեղ աշխատանքի արդյունքում մի շարք դեպքերում հաջողվել է նվազեցնել առկա լարվածությունը, ձևավորել երկխոսության նոր և արդյունավետ հարթակներ, ընդլայնել երկկողմ խորհրդարանական օրակարգը, կազմակերպել պաշտոնական փոխայցեր, հանձնաժողովների նիստեր և աշխատանքային խմբերի համատեղ գործունեություն։
Դրանք ընդգրկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական, երիտասարդական և մշակութային համագործակցության ոլորտները։
Ամենօրյա աշխատանքով Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահի հետ միասին հետևողականորեն ապահովել ենք խորհրդարանի բնականոն գործունեությունը՝ պահպանելով նրա արդյունավետ աշխատանքը՝ որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմին։
Խորհրդարանը Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր հարթակն է և, հետևաբար, նաև մեր պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի հիմնական թիրախներից մեկը։
Այն մշտապես պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ամուր ինստիտուտներ և հետևողական պաշտպանություն։
Իմ խորհրդարանական գործընկերներին մաղթում եմ ուժ, տոկունություն և հաջողություն՝ այս կարևոր առաքելությունը շարունակելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր պետության և ժողովրդի։
Այսօր ավարտվում է իմ պետական ծառայության կարևոր մի փուլ։
Սակայն համոզված եմ, որ հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով։
Առաջիկայում իմ գործունեությունը շարունակելու եմ մասնավոր, կրթական և հասարակական ոլորտներում՝ իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելով Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջընթացին, նորարարության զարգացմանը և մարդկային կապիտալի ամրապնդմանը։
Համոզված եմ, որ հենց այս ուղղություններն են մեր երկրի երկարաժամկետ անվտանգության, մրցունակության և բարեկեցության կարևորագույն նախադրյալները։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին՝ պետական կառավարման համակարգում, Ազգային ժողովում, գիտական և մասնագիտական համայնքներում, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, որոնց հետ պատիվ եմ ունեցել աշխատելու։
Յուրաքանչյուր ձեռքբերում համատեղ աշխատանքի արդյունք է, և ես խորապես գնահատում եմ յուրաքանչյուրի ներդրումը։
Եվ վերջում՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և միասին անցած ճանապարհի համար։
Ներողություն եմ խնդրում, եթե չեմ կարողացել լիովին արդարացնել ձեր սպասելիքները։
Պաշտոնները ժամանակավոր են, իսկ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու պատրաստակամությունը՝ մշտական», — գրել է Արշակյանը։

Այսօր Հայաստանը համարվում է ԱԲ գերհաշվողական կարողությունների զարգացման ուղղությամբ աշխարհի առաջատար հինգ երկրներից մեկը. Հակոբ…

Հայաստանի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամփոփել է նախորդ տարիներին Կառավարությունում և խորհրդարանում իր և իր քաղաքական թիմի գործունեությունը՝ հստակեցնելով…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով