Category: Armen Press

  • Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»…

    Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ մրցեց ռումինական «Կլուժ»-ի հետ։
    Առաջին խաղակեսում «Ալաշկերտ»-ը կազմակերպված և կարգապահ ֆուտբոլ ցուցադրեց՝ չեզոքացնելով մրցակցի գրոհները և արդյունավետ օգտագործելով իր հնարավորությունը։ 
    Հանդիպման 35-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց հաշիվը։ Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռաֆայել դե Ժեզուս Սանտանա Ֆերեյրան՝ գլխի  դիպուկ հարվածով գրավելով «Կլուժ»-ի դարպասը և առաջ մղելով երևանյան թիմին։ 
    Մինչև ընդմիջում ռումինական ակումբը փորձում էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն «Ալաշկերտ»-ի պաշտպաններն ու դարպասապահը վստահ էին գործում։ Երկրորդ կեսի մեկնարկին` 47-րդ րոպեին, «Կլուժ»-ը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սֆաիթը:
    Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին. «Ալաշկերտ»-«Կլուժ»`1:1:
    Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է էկոնոմիկայի նախարարության կառավարմանն անցած Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացի կազմակերպմանը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
    Այցին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
    «Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։
    Այցի ընթացքում ծանոթացա նաև գործարանի առջև ծառացած խնդիրներին և հանձնարարեցի դրանք համակողմանի ուսումնասիրել՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով»,- գրել է նախարարը։
    Հուլիսի 16-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։
    Նշենք, որ «Արարատցեմենտ»-ի սեփականատերը գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր։
    2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը։
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ։
    Դատարանի 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է։
    «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։
  • Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար…

    Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի  նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 22-ին հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: 
    Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջազգային զարգացումներին և Հայաստան-Կանադա երկկողմ օրակարգին:
    Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների առկա դինամիկան առևտրատնտեսական հստակ արդյունքներով ամրագրելու անհրաժեշտությունը:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզ…

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ 
    Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը։
    ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:
  • Արտաքին գործերի նախարարությունը փոդքաստների շարք է սկսել, որի շրջանակներում արտա…

    Արտաքին գործերի նախարարությունը փոդքաստների շարք է սկսել, որի շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչության տարբեր պաշտոնյաներ կանդրադառնան Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի տարբեր թեմաների։
    DipTalk խորագիրը կրող փոդքաստային շարքի առաջին բանախոսներն ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն են, որոնք զրուցում են Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության տարբեր ուղղություններից։
  • Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Հունաստանի Հանրապե…

    Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորման մարմինը (RAAYE) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմք դնելով էներգետիկայի և ջրային ոլորտներում համագործակցության զարգացմանը։
    Հուշագրի ստորագրումից հետո ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշեց, որ համագործակցության հիմնական ուղղությունը լինելու է ջրային ոլորտի կարգավորման փորձի փոխանակումն ու համատեղ աշխատանքը։
    «Հիմնականում պլանավորում ենք համագործակցել ջրային ոլորտի կարգավորումների հարցում։ Մյուս ոլորտների հետ կապված արդեն ունենք այլ գործընկերներ, հետևաբար հատկապես կարևորում ենք ջրային ոլորտը և Հունաստանի գործընկերների հետ կաշխատենք այդ ուղղությամբ։ Կարող եմ հստակ ասել, որ հենց վաղվանից կսկսենք բուն աշխատանքները»,- ասաց Մեսրոպյանը։
    Նրա խոսքով՝ Հունաստանի հետ սա առաջին նմանատիպ համագործակցությունն է, սակայն հանձնաժողովը վերջին 27 տարիների ընթացքում տարբեր երկրների կարգավորող մարմինների հետ ստորագրել է նման հուշագրեր և ունի դրանց արդյունավետ իրականացման փորձ։
    Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորման մարմնի ղեկավար Կոնստանտինոս Ցիմարասն ընդգծեց, որ համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
    Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։
    Քննարկվել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։
    Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը։
  • Հռոմում՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նա…

    Հռոմում՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի հանդիպումը CIHEAM Bari-ի տնօրեն Բիաջո Դի Տերլիցիի գլխավորած պատվիրակության հետ։
    CIHEAM Bari-ի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության կառուցվածքը, նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները և առկա հնարավորությունները, աշխարհի տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:
    Քննարկվել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, համատեղ ծրագրերի իրականացման և երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներկայության ձևավորման հնարավորությունները։
    Զրուցակիցները պայմանավորվել են հայկական կողմի առաջնահերթությունների և CIHEAM Bari-ի մասնագիտական հնարավորությունների հիման վրա մշակելու ծրագրի նախնական նախագիծ, որը հետագայում կարող է իրականացվել կազմակերպության ներգրավմամբ։
  • FlyOne Armenia-ն Ֆարնբորոյի միջազգային ավիացուցահանդեսի (Farnborough Internation…

    FlyOne Armenia-ն Ֆարնբորոյի միջազգային ավիացուցահանդեսի (Farnborough International Airshow 2026) շրջանակներում ստորագրել է փոխըմբռնման հուշագիր (MoU) աշխարհի առաջատար ավիաշարժիչ արտադրող CFM International ընկերության հետ՝ չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ։
    Հուշագիրը ստորագրել են FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը և CFM International-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները։
    Ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հանդիսանում է FlyOne Armenia-ի նավատորմի արդիականացման և երկարաժամկետ զարգացման ռազմավարության հերթական կարևոր քայլը։ LEAP-1A շարժիչները նախատեսված են Airbus A320neo ընտանիքի նոր սերնդի օդանավերի համար և համարվում են համաշխարհային ավիացիոն արդյունաբերության ամենաարդյունավետ և տեխնոլոգիապես առաջադեմ լուծումներից մեկը։
    Շարժիչների կիրառումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել վառելիքի ծախսը, ածխաթթու գազի արտանետումները և աղմուկի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով օդանավերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվակա…

    ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։
    Հուլիսի 23-25-ը Կապանում կանցկացվեն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը,  ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումը։
    Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը  կազդարարվի Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրով․ հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա հուլիսի 23–ին ժամը 19:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում։ Համերգից հետո Կապանի կենտրոնական հրապարակում տեղի կունենա դիսկոտեկ։ Միջոցառումների մուտքն ազատ է։
    Կթողարկվի փոստային նամականիշ՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանիշով, կանցկացվեն մի շարք մշակութային և երիտասարդական միջոցառումներ։
    «Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների անդամներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ժամանել են Կապան՝ մասնակցելու «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք»  ծրագրի միջոցառումներին։