Category: Armen Press

  • Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին մարտի 18-ին ժամը 16։15-ի «Opel» մակնիշի ա…

    Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին մարտի 18-ին ժամը 16։15-ի «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։
     «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած։
    Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի…

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահը։
  • Դատախազը զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հանրային քրեական հետապնդո…

    Դատախազը զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ։«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
  • Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակ…

    Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային աջակցության պետական ծրագրի շրջանակներում երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար ընտանիքում մեկ անձի հաշվով տրամադրվող 3 միլիոն դրամը կդառնա 4 միլիոն դրամ։
    «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Մենք առաջիկայում որոշում կկայացնենք և երևանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար ընտանիքում մեկ անձի հաշվով տրամադրվող 3 միլիոն դրամը կդարձնենք 4 միլիոն դրամ։ Մեր որոշումը սա է, առաջիկայում նաև դե յուրե որոշումը կկայացնենք»,- նշել է վարչապետը։

    ՀՀ վարչապետը հավելել է, որ Երևանում բնակարան գնելու համար տրամադրվող գումարը չեն պլանավորում ավելացնել, որովհետև միտված են ծրագիրը դեպի մարզեր ուղղորդելուն։

  • Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ …

    Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով, որը հեռարձակվել է նաև առցանց ձևաչափով։
    Տիգրան Մկրտչյանը մասնավորապես անդրադարձել է մի շարք ուղղություններով արձանագրված զարգացումներին․ նախ, ներկայացվել են օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, ինչի համատեքստում ընդգծվել է «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ համադրությամբ, ինչպես նաև վերջինիս իրավական ամրագրումն ու ԱՄՆ կողմից աջակցությունը։
    Քննարկվել են նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրանից բխող տարածաշրջանային զարգացման հնարավորությունները։
    Այնուհետև դեսպան Մկրտչյանն անդրադարձել է 2025 թ․ հունվարին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին, որը ներառում է տնտեսական համագործակցության, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների բաղադրիչներ։
  • Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն Նուվե…

    Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն Նուվել համալսարանում բանախոսությամբ է հանդես եկել մի շարք առաջատար ֆրանսիական բուհերի ուսանողների համար։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
    Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսել հարևան երկրների և տարածաշրջանային խնդիրներ մասին, անդրադարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին ու Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։
    Նշվում է, որ դեսպան Արման Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններին և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով երկրների միջև համագործակցությանը։
    Բանախոսության ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։
  • Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանի բնորոշմամբ՝ Երևան…

    Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանի բնորոշմամբ՝ Երևանի ու Աշխաբադի միջև այսօրվա հարաբերությունները փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն գործընկերության օրինակ են։ 
    Թուրքմենստանում ՀՀ դեսպանը նման տեսակետ է արտահայտել News Central Asia-ի հետ հարցազրույցում։ ՀՀ դեսպանը հարցազրույցում նաև ներկայացրել է երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի տեսլականը՝ ավանդական արդյունաբերությունից և տրանսպորտից մինչև արհեստական ​​բանականության և բարձր արդյունավետության հաշվարկների ոլորտում ռազմավարական նախագծեր:
    Բնութագրելով Հայաստանի ու Թուրքմենստանի միջև հարաբերությունների ներկա պատկերը՝ դեսպան Ավագյանը նշել է, որ հարաբերությունները բնութագրվում են կայունությամբ, կանխատեսելիությամբ և փոխադարձ հարգանքով։
    Դրանք զերծ են քաղաքական անկայունությունից և կառուցված են ամուր իրավական շրջանակի, ինչպես նաև միջազգային կարևորագույն հարցերի շուրջ փոխըմբռնման վրա։
  • Թեև վերջին տարիներին «ռազմավարություն» տերմինը դարձել է շատ հանրամատչելի, այդուհ…

    Թեև վերջին տարիներին «ռազմավարություն» տերմինը դարձել է շատ հանրամատչելի, այդուհանդերձ, պարզ և բազային գործողություններ կատարելու համար ռազմավարության կարիք չկա, առավել ևս, որ արագ զարգացող թվային տեխնոլոգիաների պարագայում ռազմավարությունների մշակումից անցումն իմպլեմենտացիային կարող է նույնիսկ ավելի երկար տևել։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

    «Առանց ենթակառուցվածքների առկայության՝ հնարավոր չէ ունենալ սեփական մոդելների զարգացման համար անհրաժեշտ իրավիճակ։ Մենք ի սկզբանե որոշեցինք մաքսիմալ արագ շարժվել երեք ուղղություններով։ Ամենակարևորը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն է ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրից դուրս՝ ապահովելով դրանց հասանելիությունը։ Մի դեպքում հասանք նրան, որ Հայաստանում իրականացվեին FIREBIRD և ELEVATE նախագծերը։ Կյանքի ենք կոչել նաև «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» կոնցեպտը, որի համաձայն՝ ցանկանում ենք Հայաստանում ունենալ այնպիսի միջավայր, որտեղ վերոհիշյալ ենթակառուցվածքները կզարգանան, կբազմանան տեխնոլոգիական տրամաբանությամբ։ Արդեն կան արտասահմանյան խոշոր ընկերություններ, որոնք հետաքրքրված են մեր «Պարտեզ» կոնցեպտով, ցանկանում են մաս կազմել ու տեղակայվել մեր երկրում»,- նշեց Մանթաշյանը։

    Նա հավելեց, որ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ կնքված և արհեստական բանականության կիսահաղորդիչներին առնչվող փոխըմբռնման հուշագիրն անկյունաքարային աջակցող փաստաթուղթ է, և ԱՄՆ-ի ու Հայաստանի կառավարությունները շահագրգռված են, որ տվյալ ոլորտում համագործակցությունը տա շոշափելի արդյունքներ։

  • Օման պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզ…

    Օման պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 18-ին Մասկատում հանդիպել է Օմանի Սուլթանության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաիդ բին Համուդ Ալ-Մավալիի հետ։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ թեև այցի հիմնական նպատակը Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումն է, այն լավ հնարավորություն է տվել անցկացնել նաև ոլորտային հանդիպումներ:
    Զրուցակիցները մասնավորապես քննարկել են ավիացիայի, տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր՝ երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ չվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը:
    Տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ՀՀ տեսլականի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ և դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ:
    Արարատ Միրզոյանը և Սաիդ բին Համուդ Ալ-Մավալին մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարական կրթության, արհեստական բանականության որոտներում լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ:
  • Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի օդանավակայանն աշխատակիցների գործադուլի պատճառով չե…

    Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի օդանավակայանն աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկել է նախատեսված բոլոր 445 չվերթերը: Գործադուլի է դուրս եկել 2000 աշխատակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutche Welle-ն:
    Չվերթերի չեղարկումն անդրադարձել է շուրջ 57 000 ուղևորի վրա:
    Գործադուլը կշարունակվի մինչև կեսգիշեր: Օդանավակայանի խոսնակը հայտարարել է, որ ավիաընկերությունները բոլոր ուղևորներին նախապես տեղեկացրել են չեղարկումների մասին, և նրանք չեն եկել օդանավակայան: Ուղևորներին ճանապարհորդության այլ տարբերակներ են առաջարկվել:
    Verdi արհմիության և օդանավակայանի միջև աշխատանքային պայմանների շուրջ հաջորդ բանակցությունները նախատեսված են մարտի 25-ին: Verdi-ն պահանջում է աշխատավարձի բարձրացում 6%-ով՝ ամսական առնվազն 250 եվրոյով, ինչպես նաև արհմիության անդամների համար մեկ լրացուցիչ հանգստյան օրվա հատկացում: