Category: Armen Press

  • Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալ…

    🔴 Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում է իրականացնել Հունաստանում և Հայաստանում
    Ինչպես հայտնում է Deadline-ը, նախագիծն իրականացնում են Աթենքում գործող Tanweer Productions ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող  USATV հայկական հեռուստաընկերությունը։ Սերիալի շոուռաները «Stranger Things»-ի առաջին եթերաշրջանի գործադիր պրոդյուսեր Կառլ Գայդյուսեկն է։
    Նախագծի հեղինակները պատմությունը ներկայացնում են որպես Հոմերոսի հայտնի էպոսի նոր և առավել իրատեսական մեկնաբանություն։ Նրանց խոսքով՝ սերիալը կպատկերի Բրոնզի դարի իրական աշխարհը՝ պատերազմներով, ծովային ճանապարհորդություններով, դավադրություններով և գոյատևման համար պայքարով, ինչպես նաև կանդրադառնա այն պատմական գործընթացներին, որոնք հանգեցրել են Բրոնզի դարի փլուզմանը։
    Հեռուստասերիալի մշակումը շարունակվել է մի քանի տարի, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։
    Սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեինեն, որը նախկինում աշխատել է «Washington», «Black Sails», «Halo» և «Wu Assassins» նախագծերի վրա։
    Գործադիր պրոդյուսերների թվում են USATV-ի ներկայացուցիչ Վահագն Սարգսյանը, Ջորդան Դայքստրան, Դենիսա Յուհոշը, ինչպես նաև Կառլ Գայդյուսեկը, Շոն Ֆինեգանը, Սքոթ Ուինդհաուզերը, Նոյա Լենգը, Բլեյք Հոսը, Ռոել Ռեինեն և Tanweer Productions-ի ներկայացուցիչ Դիոնիսիս Սամիոտիսը։

    «Մենք ցանկանում ենք այս էպիկական պատմությունը ներկայացնել հնարավորինս իրական և պատմական իրողություններին մոտ ձևով։ Հոմերոսի ստեղծագործությունում Ոդիսևսի ճանապարհորդությունը խորհրդանշական իմաստ ունի, սակայն դրա հիմքում նաև իրական մարդկային ճակատագրեր, ընտրություններ, կորուստներ և հաղթահարումներ են»,– նշել է Գայդյուսեկը։

    Իր հերթին Ջորդան Դայքստրան հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են արդեն գրեթե հինգ տարի։
    Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական աշխարհի հնարավորինս վավերական և հետաքրքիր պատկերը։

  • ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ կսկսի Արգենտինայի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբո…

    ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ կսկսի Արգենտինայի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթելուց հետո խաղադաշտում ցուցադրել են «Մալվիններն Արգենտինայինն են» («Las Malvinas son argentinas») գրությամբ պաստառը։
    Այդ մասին հայտնում է իսպանական COPE ռադիոկայանը։
    ՖԻՖԱ-ի կարգապահական կանոններն արգելում են քաղաքական բնույթի ուղերձների ցուցադրումը մրցումների ընթացքում կամ դրանց ավարտից հետո, ուստի գործը կքննի կազմակերպության կարգապահական կոմիտեն, որն էլ պետք է որոշի հնարավոր պատժամիջոցը։
    Միաժամանակ նշվում է, որ կարգապահական որոշումը կընդունվի միայն աշխարհի առաջնության ավարտից հետո, ինչի շնորհիվ միջադեպին առնչվող ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել հուլիսի 19-ին կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որտեղ Արգենտինայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։
    Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի Անգլիա-Արգենտինա խաղից հետո, որում Արգենտինայի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։
    Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ցուցադրած պաստառը վերաբերում է Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիների շուրջ Արգենտինայի և Միացյալ Թագավորության միջև երկարամյա տարածքային վեճին, որը զգայուն թեմա է երկու երկրների հարաբերություններում։
  • Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը…

    Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։
    Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը տիկին Ռենո-Բասոյին փոխանցել է ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստին (COP17)։
    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և EBRD-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը և անդրադարձել առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
    Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։
  • Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում են նորոգման աշխատանքներըԵրևանի Դավ…

    Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում են նորոգման աշխատանքները
    Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում շարունակվում են նորոգման աշխատանքները։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիներին հորդորելով հուլիսի 17-ին, ժամը 21։00-ից փողոցում ավտոմեքենաներ չկայանել։  

    «Հարգելի քաղաքացիներ, Տիգրան Պետրոսյան փողոցում միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից նշված հատվածում ավտոմեքենաներ չկայանել»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստ…

    Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի  արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է  ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգության օրակարգի արդիական հարցերի, այդ թվում` Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:
    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։
  • ՀՀ — ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմաններ…

    ՀՀ — ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում քննարկվել են սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն։
    «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների համալիր կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ ընթացող աշխատանքները քննարկելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 16-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Ներքին գործերի, Արտաքին գործերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ»,– հայտնում են կառույցից՝ ընդգծելով, որ սահմանների համալիր կառավարումը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում իրականացվող գործողությունների կարևոր ուղղություններից է:    
    Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառվող «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի ընթացքի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվություն, մասնակիցների կողմից ընդգծվել է նախագծի կարևորությունը և այն հնարավորինս շուտ հաստատելու անհրաժեշտությունը:
    Միաժամանակ, միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են սահմանների համալիր կառավարման եվրոպական կոնցեպտն ու դրա պարտադիր բաղադրիչները:
    Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն «ՀՀ պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ռազմավարության և գործողությունների ծրագրի» նախագծի լրամշակման շուրջ իրավասու մարմինների հետ աշխատանքները ակտիվացնելու և գործողությունները համաձայնեցնելու վերաբերյալ:
  • Օսկարակիր կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Պավել Պավլիկովսկին համարվում է ժամա…

    Օսկարակիր կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Պավել Պավլիկովսկին համարվում է ժամանակակից եվրոպական կինոյի ամենակայացած հեղինակներից մեկը։ Այս տարի նա հյուրընկալվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի շրջանակում տեղի ունեցավ Պավլիկովսկու «Հայրենիք» ֆիլմի երևանյան պրեմիերան։
    «Հայրենիք» կինոնկարի համար ամիսներ առաջ Պավլիկովսկին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Մոլդովան պետք է շարունակի ներդրումներ կատարել իր պաշտպանական կարողությունների ամ…

    Մոլդովան պետք է շարունակի ներդրումներ կատարել իր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում և համապատասխանի Եվրամիության քաղաքականությանը, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի համատեքստում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն «Մոլդովա 1» հանրային հեռուստաալիքի եթերում՝ Կոպանկա բնակավայրի մոտ անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպից հետո։
    Խոսնակը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի ֆոնին, և որ Մոլդովան, որպես հակամարտության մեջ գտնվող երկրի հարևան պետություն, պետք է պատրաստ լինի նման իրավիճակների։

    «Մեր անմիջական հարևանությամբ մենք ունենք լայնածավալ պատերազմ՝ բոլոր այն վայրագություններով, որոնք կարող է բերել պատերազմը։ Սա, հավանաբար, ամենասարսափելի պատերազմներից մեկն է, քանի որ մենք տեսնում ենք, թե որքան են զարգացել տեղեկատվական տեխնոլոգիաները և ինչպես է փոխվել պատերազմի դեմքը։ Դժբախտաբար, այս միջադեպերը կրկնվում են», — ասել է Իգոր Գրոսուն։

    Միջադեպերի համար նա մեղադրել է Ռուսաստանին։
    Անդրադառնալով Կոպանկա բնակավայրի մոտ հայտնաբերված անօդաչու թռչող սարքին՝ Գրոսուն մանրամասնել է, որ այն վտանգ էր ներկայացնում, քանի որ զինված էր պայթուցիկ նյութերով։

  • Հայաստանում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հ…

    Հայաստանում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առաջնորդվելու համար հանրային վայրերում, պետական և մասնավոր կազմակերպությունների շենքերում ու շինություններում տեղադրվող կողմնորոշիչ ցուցանակների միասնական բովանդակությունն ու պահանջները։
    Համապատասխան հրամանի նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։
  • Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիս…

    Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։
    Արմեն Գրիգորյանը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։
    Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։
    Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։