Category: Armen Press

  • ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների երկու խումբ մարտի …

    ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների երկու խումբ մարտի 13-ին ռմբակոծել է Իրանի տարածքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Military Air Tracking Alliance (MATA) կազմակերպության կայքը;
    Իրանական թիրախներին հարվածելու գործողությանն ընդհանուր առմամբ ներգրավվել է չորս B-1B Lancer ինքնաթիռ։ Առաքելության, այդ թվում՝ Իրանի երկնքում գործողության իրականացումը, տևել է 16-17 ժամ՝ առանց վայրէջքի։
    The New York Times-ը վկայակոչելով ռազմական աղբյուրի՝ տեղեկացրել է, որ ամերիկյան ռմբակոծիչները Պարսից ծոցում, իրանական Խարգ կղզում ոչնչացրել են հրթիռների արձակման սարքերի տեղակայման վայրերը, ինչպես նաև հարվածել են ծովային ականների պահեստներին և ավիաբազային։ Ընդ որում, չեն վնասել Իրանի գլխավոր նավթային տերմինալ համարվող այս կղզու ենթակառուցվածքները, որոնց միջոցով արտահանվում է նավթի մինչև 90%-ը։
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում անդրադառնալով այս ավիահարվածներին՝ նշել է, որ ամերիկյան ուժերը խոցել են բոլոր ռազմական թիրախները: Նա ընդգծել է, որ այս անգամ որոշել է չհարվածել կղզու նավթային օբյեկտներին, սակայն կվերանայի այս որոշումը, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավագնացությանը:
  • 2025 թվականին ՀՀ-ում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դ…

    2025 թվականին ՀՀ-ում արձանագրվել է սպանության նախապատրաստության 12 բացահայտված դեպք։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ դա կարևոր արդյունք է օպերատիվ աշխատանքի տեսանկյունից։
    Նախարարը նշել է, որ եթե դիտարկվեն նախորդ տարիների ցուցանիշները՝ սկսած 2010-ականներից մինչև 2024 թվականը, ապա նման բացահայտումները տարեկան կազմել են մեկ, երկու կամ երեք դեպք։ Իսկ 2025 թվականին այդ թիվը հասել է 12-ի, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ հնարավոր է եղել կանխել 12 մարդու սպանություն։
    Արփինե Սարգսյանի խոսքով՝ սպանությունների մի մասը պլանավորված բնույթ է կրում, երբ առկա է նախապատրաստություն, դերաբաշխում և հստակ նպատակադրում։ Նրա համոզմամբ՝ հենց այսպիսի դեպքերում է հատկապես կարևորվում իրավապահ համակարգի օպերատիվ աշխատանքը, քանի որ պետությունը հնարավորություն է ստանում ժամանակին բացահայտել և կանխել հանցագործությունը։
    Միաժամանակ նախարարը շեշտել է, որ սա չի նշանակում, թե համակարգում խնդիրներ չկան։ Ըստ նրա՝ առկա են թե՛ գործիքակազմի հարստացման, թե՛ աշխատակիցների կրթության, թե՛ իրավապահ մարմինների միջև ավելի կուռ համագործակցության խնդիրներ։
    «Եվ մենք այս ամենը հենց որպես խնդիր ենք արձանագրում, որպեսզի այս տարվա ընթացքում կրկին կենտրոնացնենք մեր ջանքերը՝ օպերատիվ աշխատանքը բարելավելու վրա», -ընդգծել է Ներքին գործերի նախարարը։
  • Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարար…

    Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը։
    Մարտի 12-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։
    Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։ Կատարվում է նախաքննություն։
  • Կուբան, որի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նավթային էմբարգո է սահմանել, սկ…

    Կուբան, որի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նավթային էմբարգո է սահմանել, սկսել է քաղբանտարկյալների ազատ արձակումը և հաստատել է, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ։
  • Առողջության ապահովագրությունը միշտ լինելու է. վարչապետն անդրադարձավ կեղծ լուրերի…

    ❗️Առողջության ապահովագրությունը միշտ լինելու է. վարչապետն անդրադարձավ կեղծ լուրերին
    Հայաստանում առողջության ապահովագրության համակարգը գործում է թե խորհրդարանական ընտրություններից առաջ, գործելու է նաև հետո: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ընթացքում՝ անդրադառնալով որոշ միֆերի:
    Փաշինյանը նկատեց, որ հաճախ մարդկանց մոտ ուզում են տպավորություն ստեղծել, թե առողջության ապահովագրությունը մինչև ընտրություններ է լինելու:

    «Առողջության ապահովագրությունը միշտ է լինելու՝ ընտրություններից առաջ էլ, հետո էլ»,-ասաց վարչապետը՝ հորդորելով ցայտնոտի մեջ չընկնել:

    Վարչապետը շրջում է Սիսիանի փողոցներում, շփվում մարդկանց հետ, անդրադառնում նրանց կողմից բարձրացված տարբեր հարցերին, շնորհակալության խոսքեր լսում կառավարության տարբեր ծրագրերի համար: Նա վստահեցրեց՝ ջրի, ճանապարհների և բոլոր մյուս խնդիրները հերթով լուծվելու են:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հե…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ կրկին մեկնել է մարզային այցելության:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վայոց ձորում կատարած կանգառից, Աղավնաձորի շուկա այցելությունից:
    Շուկայում առևտրական մի կին Փաշինյանին հրավիրեց իր փոքր վաճառքի կետ ու շնորհակալություն հայտնեց միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի համար՝ հավելելով, որ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդու է խնամում:
    «Միկրոբիզնես սարքեցիք, ես կարողացա և աշխատել, և իմ հիվանդին պահել»,-նշեց կինը:
    Փաշինյանը հարցրեց՝ փաստորեն փոքր բիզնեսին ոչ թե ճնշում, այլ օգնո՞ւմ են: Առևտրով զբաղվող կինը պատասխանեց. «Ինձ անձամբ շատ օգնել եք»:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցներ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելուց հետո ուժեղ հարված կհասցվի Իրանին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ռոյթերզ»-ը, Դոնալդ Թրամփը մանրամասնել է, որ ԱՄՆ-ն պլանավորում է շատ կոշտ հարված հասցնել Իրանին հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցներից 30-օրյա մասնակիորեն ազատում տրամադրելուց անմիջապես հետո։
    Նշվում է, որ դրանով ԱՄՆ-ն հույս ունի իջեցնել Իրանի դեմ պատերազմի պատճառով առաջացած գները։
  • Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրամայել է լրացուցիչ…

    Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրամայել է լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայել երկրի հյուսիսային՝ Լիբանանի հետ սահմանին։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմ…

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ։
    «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-նշել է նա՝ հավելելով, որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի…

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:
    Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին և հնարավոր քայլերին։
    Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։