Category: Vardan Voskanyan

  • Հայաստանի և հայության պատմության մեջ ամոթի հերթական էջը, ցավոք, արձանագրված է։Ար…

    Հայաստանի և հայության պատմության մեջ ամոթի հերթական էջը, ցավոք, արձանագրված է։
    Արցախի մեր ազգակիցներին շրջափակման և սովի մատնած Բաքվի բարբարոսական վարչախմբի ձեռնածուն Երևանում ընդունվում է ոչ թե բանտում, այլ բարձր պաշտոնական մակարդակում։
    Սա պատմության ծաղրն է՝ ամոթի խարան, որն, անկախ մեր կամքից, նաև արժանապատիվ հայերիս ու հայաստանցիներիս ճակատին են դաջում թշնամու հետ քիրվայություն անողները։
    #չՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթա…

    Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել, այսպես կոչված, «թյուրքական աշխարհին» կամ, ավելի հասկանալի լեզվով ասած, քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին։
    Ինքը՝ «թյուրքական աշխարհ» ձևակերպումը իրականում դեռևս պայմանական հասկացություն է, որը հայկառուսական, հակաչինական և հակաիրանական հեռագնա նպատակներով արտաքին մշտական միջամտությամբ արհեստականորեն բյուրեղացվում է գաղափարական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ասպարեզներում թյուրքալեզու պետությունների միջև կառուցակարգային հարաբերությունների խթանմամբ, սակայն այդ ամենն առոչինչ է, քանի այդ «աշխարհից» դուրս կա իր հինավուրց պետականությամբ և աշխարհագրությամբ պատրանքային «Թուրանը» Թուրքիայի և մնացյալի բաժանող Հայաստանը։
    Արդի աշխարհում գոյություն ունեն պետության նվաճման ոչ ֆիզիկական բազմաթիվ հնարավորություններ՝ գաղափարական, տնտեսական, խամաճիկային կառավարման ձևավորման և այլ միջոցներով։
    Հայաստանը, փառք Աստծո, դեռևս նվաճված չէ, բայց չեմ կարծում, թե մեր երազանքն է ապրել «թյուրքական աշխարհի» համար կցորդ և այդ «աշխարհին» լոգիստիկ և այլ ծառայություններ մատուցող մի երկրում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ընդամենը մի քանի օր է անցել Գազայի վերաբերյալ Եգիպտոսում ստորագրված համաձայնագրի…

    Ընդամենը մի քանի օր է անցել Գազայի վերաբերյալ Եգիպտոսում ստորագրված համաձայնագրից, բայց «խաղաղությունը» Մերձավոր Արևելքում շարունակվում է Գազային իսրայելական հարվածներով։
    Սա Մերձավոր Արևելքն է, որտեղ, ցավալիորեն, պատերազմը շատ ավելի հաճախադեպ է, քան խաղաղությունը։
    Ուստի այս տարածաշրջանում հաջողում են հենց այն ազգերը, որոնք հասկանում են այս իրողությունը և պատրաստ են անհրաժեշտության դեպքում հաջող պատերազմ վարելու։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ուրախալի է, որ ՏԻՄ ընտրություններում Վաղարշապատ (Էջմիածին) համայնքում առաջադրվել…

    Ուրախալի է, որ ՏԻՄ ընտրություններում Վաղարշապատ (Էջմիածին) համայնքում առաջադրվել է ազգային և մտավորական մարդ, հանուն Արցախի կյանքը զոհաբերած հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը։
    Տեսանյութում հատկապես հուզիչ է այն պահը, երբ նա պատմում է, թե ինչպես է բռնի տեղահանված և Վաղարշապատում հաստատված արցախցի երեխաներին ուրախացնելու համար տեղադրել իր նահատակ որդու տոնածառը։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

    Վաղարշապատ` իմ հայրենիք. հարցեր Խաչիկ Մանուկյանին

  • Հայկականության երկու խորհրդանիշները, որոնք այժմ հարձակման թիրախում են՝ սրբազան Ա…

    Հայկականության երկու խորհրդանիշները, որոնք այժմ հարձակման թիրախում են՝ սրբազան Արարատը և մեր Սուրբ Եկեղեցին։
    Մեծն Թումանյանը գրեթե ամեն ինչ ասել է.
    Հապա էն սա՜րն, էն սար հսկան,
    Էն սարերի սարն ու արքան,
    Լազուր երկնի ծոցը մըտած,
    Ճերմակ գլուխն ամպեր փաթթած,
    Ահա կանգնեց ծանր ու տրտում
    Քու առաջևն ու քու սրտում…
    Է՜, նա արդեն քանի սև դար
    Պերճ գագաթովն իր ձյունափառ
    Շողշողում է, փայլատակում,
    Եվ ուխտավոր հայի հոգում
    Հպարտության ծնում թունդեր
    Եվ սիրելի երազ՝ թե դեռ
    Էն երկնահաս Մասյաց կատար,
    Ուր հին տապանն առավ դադար,
    Դադար կառնեն փառքերն մեր հին,
    Որ նորափայլ իջնեն կըրկին…
    Հովհաննես Թումանյան
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • «Մեր այս երգը Հայաստանի դեմ է. տագնապած կոչ Ոսկանյանից» ճչացող վերնագրով գրվածքի…

    «Մեր այս երգը Հայաստանի դեմ է. տագնապած կոչ Ոսկանյանից» ճչացող վերնագրով գրվածքի տարածմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան անդրադարձել է նվաստիս գրառմանը, որում անդրադարձ էի կատարել, այսպես կոչված, «Զանգեզուր» երգին, որն այս վարչախմբի ծավալապաշտության հակահայկական դրսևորումներից է։
    Հին առած կա՝ «Էշն ինչքան էլ Երուսաղեմ մտնի, մահտեսի չի դառնա»։ Հիմա սրանցն է. փորձելով պնդել, թե այս «երգ» կոչեցյալը ստեղծվել է զուտ ինչ-որ ՀԿ-ի կողմից «հայտնի» արվեստագետ կոչեցյալների նախաձեռնությամբ, սրանք զետեղել են «երգի» հղումը, որը տանում է Բաքվի՝ «ՀԿ-ներին աջակցության պետական գործակալության» էջ, որի միջոցներով և օժանդակությամբ էլ ստեղծվել է այս «գլուխգործոցը»։
    Բայց գրվածքի ամփոփումն է «հզոր»՝

    «Հատկապես պետք է ընդգծել, որ թեև Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է համարվում, պաշտոնական Բաքուն միջազգային իրավունքի տեսանկյունից դրա նկատմամբ պահանջ չի ներկայացնում։ Ադրբեջանը պարզապես ձեռք է բերել Զանգեզուրի միջանցքը՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու նպատակով»։

    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Թիկունքումս Վայոց ձորի Ազատեկ գյուղի Սուրբ Վարվառա (տեղացիները կոչում են՝ Սուվավ…

    Թիկունքումս Վայոց ձորի Ազատեկ գյուղի Սուրբ Վարվառա (տեղացիները կոչում են՝ Սուվավառ) մատուռն է, որը կառուցվել է Ք. ա. առաջին հազարամյակով թվագրվող բերդի տարածքում։
    Բերդը մշտապես ծառայել է՝ որպես կարևոր պաշտպանական կառույց Ազատեկի հայության համար բարբարոսներից պաշտպանվելու նպատակով։
    Մասնավորապես, այստեղ ազատեկցիները զինված պաշտպանվել են 1853թ. Վայոց ձորի Առինջ գյուղից (ավերակներն այժմ՝ Հերհերի ջրամբարի տարածքում են) թուրք Շիրին Սուլթանի կազմակերպած ավազակախմբի հարձակումներից։
    Այս ավազակախումբը կազմավորվել, իսկ դրա պարագլուխը հավաքագրվել էր սկզբնապես Արցախի Շուշի, իսկ հետո նաև Վայոց ձորի Առինջ եկած օսմանցի լրտեսի և շուշեցի թուրք ոմն Ջաֆարի կողմից՝ խաթարելու Ռուսական կայսրության այս հատվածի ներքին անդորրը ռուս-թուրքական պատերազմի ժամանակահատվածում։
    Ի վերջո, Նախիջևանից ժամանած կոզակական միավորը ճնշում է դավադիր ապստամբությունը, իսկ դրա պարագլուխը ճողոպրում է Օսմանյան կայսրության տիրույթներ։
    #հավերժականՀայաստանը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոն…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոնաթերթը երեկ կարծես «պարզաբանել է», թե ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում շարունակաբար գործածվող «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ։
    Այդ թերթում համաթուրանական անթաքույց բարբաջանքներով լեցուն հերթական հոդված կոչեցյալում ուղղակի գրված է՝

    «Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։

    Ընդ որում, բացահայտ լկտիությամբ նշված է նաև այդ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը՝ միավորել թյուրքալեզու պետությունները, ինչից բխում է, որ թշնամին դա պատկերացնում է հենց «Թուրանական միջանցք»։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել …

    Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի խորհրդանշական լիցքից, «սուրբ տեղը դատարկ չի մնա»։
    Վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական կառույցներից մեկի աջակցությամբ ինչ-որ ադրբեջանական ՀԿ-ի կողմից ստեղծվել է, այսպես կոչված, «Զանգեզուր» երգը և դրա տեսահոլովակը՝ նաև ՀՀ տարածքից կսդրերի պատկերմամբ։
    Համաթուրանական ծավալապաշտութան տխրահռչակ «ոգով» գրված այս ագրեսիվ «երգում» ոչ միայն չեն խորշել հիշատակել Արարատ լեռը (ըստ դրանց՝ «Աղրիդաղ»), այլ նաև «Զանգեզուրը» ներկայացնել «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ։
    Ստորև՝ ներկայացնում եմ այդ «երգի» սկիզբը և կրկներգը։
    «Աղրիդաղից փչող քամին
    Հազարավոր տարիներ ճամփա է գալիս։
    Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր,
    Միավորող բազուկն է գալիս։
    Ուժը՝ Երկնային Աստծուց,
    Սերմը Նոյից է գալիս։
    Սրտից մտնում՝ հոգու մեջ,
    Պոռթկումով հոգուց է գալիս։
    Ծագումը օղուզական ցեղից է,
    Քաջի զավակ, քաջաց ցեղից է,
    Ճանապարհը հաղթության ճամփա է՝
    Զանգեզուր»։
    Խտապատկերում «տեսահոլովակի» մի հատված է Նորավանքի ճանապարհից։
    #թշնամու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan

  • Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն արդեն չի խորշում նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամ…

    Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն արդեն չի խորշում նույնիսկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցնել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ «բնորոշումը»:
    Կարելի է սա չնկատելու տալ, կարելի է հայաստանյան հասարակությանը հերթական անգամ մոլորեցնել, բայց ազգովի չի կարելի լինել այնքան մանկամիտ՝ հավատալու, որ թշնամական և ծավալապաշտական հռետորաբանությամբ հանդես եկող մեկը կարող է գնալ խաղաղության։
    Այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքն» ուժային ճանապարհով ձեռք գցելու Բաքվի և Անկարայի վարչախմբերի հնարավորության պատուհանը ներկա միջազգային իրադրության պայմաններում այլևս փակ է, ուստի թշնամական կողմերը նույն ծրագիրն առաջ են մղում ավելի խորամանկ եղանակներով՝ ոչ մի պարագայում չհրաժարվելով թուրանական իրենց պատրանքից։
    Իսկ «ջսյլամային քաղաքականությամբ» դա չնկատելու տալը և ինչ-որ «երանելի խաղաղության» հաստատման մասին օրնիբուն քափ ու քրտինք մտած խոսելը, ցավոք, առնվազն անմտություն է։
    #թշնսմու_իրական_վիճակը
    🆔 @vardan_voskanyan