Category: Vardan Voskanyan

  • Այժմ Կատարում գտնվող՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմո…

    Այժմ Կատարում գտնվող՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ պատմում էր, որ երեկ, հենց այն ժամանակ, երբ Իրանի ԱԳ նախարար Արաղչին իր հետ խոսում էր դիվանագիտությունից, իրանական հրթիռները հարվածներ էին հասցնում ողջ տարածաշրջանով մեկ։
    Դրանում իրականում ոչ մի «արտասովոր» բան չկա. Իրանի ԱԳ նախարարի գործը հենց դիվանագիտությունից խոսելը և այդ դիվանագիտությունը վարելն է, իսկ ըստ Իրանում իր դիրքերն ամրապնդած ԻՀՊԿ-ի՝ դիվանագիտությունը շատ ավելի արդյունավետ է դառնում, երբ իրանական հրթիռներն «աջակցում են» դրան։
    Տարածաշրջանում դեռևս դժվար է ընկալվում այն իրողությունը, որ Իրանում այժմ իշխող միասնական ռազմաքաղաքական թիմը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պատերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպատերազմական տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու առումով։
    Որքանով դա կստացվի, ցույց կտան առաջիկա շաբաթները և ամիսները, սակայն այն, որ Իրանը հենց հիմա գնում է դրան, անկասկած է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Դատելով նաև ԱՄՆ-ի նախագահի գրառումից, երեկ Իրանի կողմից տարածաշրջանի նավթագազայի…

    Դատելով նաև ԱՄՆ-ի նախագահի գրառումից, երեկ Իրանի կողմից տարածաշրջանի նավթագազային ենթակառուցվածքներին հասցված հարվածները շատ ցավոտ են եղել։
    Այս պատերազմի ընթացքում կարծես թե չի եղել մի դեպք, երբ իրանական կողմը խուսափի իրեն պարտադրվող լարվածության մակարդակի պատսախան բարձրացումից և դրա կառավարումից։
    Երեկվա ընդարձակ պատասխան հարվածները, դատելով տեղեկատվական արտահոսքերից, բերել են նրան, որ Պարսից ծոցի միապետությունները մեծացնեն ճնշումը Սպիտակ տան վրա, իսկ արաբական երկրների ճնշման միջոցով Վաշինգտոնում իսրայելական ազդեցության հավասարակշռումն Իրանի կարևոր նպատակներից մեկն է, ոչ միայն այս պատերազմում, այլ նաև հետպատերազմական հեռանկարում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Կատարը պաշտոնապես հաստատել է, որ իրանական հրթիռային հարվածներից «ընդարձակ վնաս է…

    Կատարը պաշտոնապես հաստատել է, որ իրանական հրթիռային հարվածներից «ընդարձակ վնաս է» հասցվել այդ երկրի հեղուկ գազի արտադրության ամենամեծ ենթակառուցվածքին՝ Ռաս Լաֆֆանում։
    Իրականում կատարյան այդ օբյեկտը սնվում է ռազմավարական նշանակության գազային ռեսուրսներ ունեցող այն հանքից, որը Հարավային Փարս և Հյուսիսային հանքավայր անվանումներով համապատասխանաբար կիսում են Իրանը և Կատարը։
    Այսօր առավոտյան հենց նույն այս հանքավայրի ռեսուրսով աշխատող իրանական գազային ենթակառուցվածքին էր հարված հասցվել։
    Տեղեկություններն են սկսում տարածվել նաև ԱՄէ-ի և Բահրեյնի տարածքներում նավթագազային ենթակառուցվածքներին իրանական հարվածների մասին։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր հ…

    Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրին և որոշ նավթային ենթակառուցվածքների։
    Ըստ իրանական կողմի տեղեկատվության՝ զոհեր չկան, սակայն բռնկվել է հրդեհ, և կան նկատելի վնասներ։
    Իրանն արդեն տեղեկացրել է, որ պատասխան հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նաև Պարսից ծոցի արաբական երկրներում առկա նավթագազային ենթակառուցվածքներին։
    Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ, ինչի հետևանքով նոր մարտահրավերներ են ի հայտ գալու հատկապես համաշխարհային էներգետիկ անվտանգության և հնարավոր է’ նույնիսկ տարածաշրջանի բնապահպանական ոլորտներում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Որպեսզի էլ ավելի հասկանալի լինի, թե Իրանի ռազմաքաղաքական համակարգի կարևոր դեմքեր…

    Որպեսզի էլ ավելի հասկանալի լինի, թե Իրանի ռազմաքաղաքական համակարգի կարևոր դեմքերն ինչպես են վերաբերում այս պատերազմում իրենց հնարավոր զոհվելուն, բավարար է ծանոթանալ այդ երկրի ԱԳ նախարար Արաղչիի արձագանքին իր իսկ զոհվելու հնարավորությանը։
    Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը հարցազրույցում նա ժպտալով ասում է՝ «Եթե ԱԳ նախարարը ինչ-որ ժամանակ նահատակվի, ի վերջո, մեկ այլ անձ կա, որ կգա և կստանձնի պաշտոնը»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Ինչպես արդեն գրել եմ, Իրանում այս պատերազմը դիտարկում են ոչ միայն որպես բարդագու…

    Ինչպես արդեն գրել եմ, Իրանում այս պատերազմը դիտարկում են ոչ միայն որպես բարդագույն մարտահրավեր, այլ նաև հնարավորություն այդ երկրի համար հետպատերազմական պայմանների առումով։
    Այս համատեքստում Հորմուզի նեղուցը դիտարկվում է չափազանց կարևոր գործոն։ Եթե մինչև այսօր Իրանի ներսում գրեթե բացառապես փորձագիտական մակարդակում էր խոսվում նեղուցով նավարկության պայմանները հօգուտ Թեհրանի փոփոխելու մասին, ապա այսօր այդ մասին հայտարարել է նաև Իրանի ԱԳ նախարար Արաղչին։
    Կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է, որ Հորմուզի նեղուցի և դրանով անցման կարգավորումները պետք է գծագրվեն այնպես, որպեսզի դրանք գործեն՝ ապահովելու խաղաղ նավարկությունը՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի շահերը։
    Շատ դիվանագիտական այս ձևակերպման տակ Իրանում ակներևաբար հասկանում են Հորմուզի նեղուցի կառավարումը և անվտանգության ապահովումը ստանձնելը հետպատերազմական Մերձավոր Արևելքում, ինչը հենց այս պահին էլ փաստացի իրականացվում է Թեհրանի կողմից։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական պետական «IRNA» գործակալության ռուսալեզու ալիքը շատ հետաքրքիր ձևակերպում…

    Իրանական պետական «IRNA» գործակալության ռուսալեզու ալիքը շատ հետաքրքիր ձևակերպումով է տարածել Իրանի ԱԳ նախարար Արաղչիի՝ Բաքվի վարչախմբի արտգործնախարարի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը։
    Ըստ դրա՝ Արաղչիին «վճռականորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին տարածք տրամադրող յուրաքանչյուր երկիր Իրանի համար դառնում է օրինական թիրախ»:
    Պարզ է, որ սա Բաքվի վարչախմբին ուղղված, ըստ էության, անթաքույց զգուշացում է, քանի որ Հարավային Կովկասի երկրներից միայն արհեստածին Ադրբեջանն է, որ ունի դաշնակցային հարաբերություններ Իսրայելի հետ նաև ռազմատեխնիկական ոլորտում։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրա…

    Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ։
    Այդ համակարգում ապակենտրոնացման մակարդակն անհրաժեշտության դեպքում այնքան է բարձրացվում, որ որոշում ընդունող ոչ մի անձի չեզոքացում դրա կենսագործունեության վրա չի ազդում կամ գրեթե չի ազդում, մինչև նոր գործչի նշանակումը։
    Սա գործնականում ապացուցվել է նաև այս պատերազմի սկզբից ի վեր, սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք, որն արմատացած է արդեն կրոնական գաղափարախոսության մեջ և հնարավորություն է տալիս արագ կադրային փոխարինումներ իրականացնել։
    Շիայական դավանանքում կա اجل [աջալ] «սահմանված ժամանակ, ժամկետ» մեկ բառով բնութագրվող մի հավատալիք, ըստ որի՝ յուրաքանչյուր մարդու կյանքի համար կա Աստծո կողմից ի սկզբանե սահմանված ժամկետ, որն ափոփոխելի է, և եթե այդ ժամկետը չի լրացել, ապա մահվան սպառնալիք չկա, նույնիսկ եթե մարդն ամենավտանգավոր փորձության մեջ է, իսկ եթե այն լրացել է, ապա մահն անխուսափելի է նույնիսկ ամենաանվտանգ պայմաններում։
    Ֆատալիստական այս հավատալիքն օգնում է հաղթահարել մահվան հանդեպ վախը և գործել անվեհեր ցանկացած իրավիճակում նաև հավատացյալ ռազմաքաղաքական գործչին։
    Ի դեպ, նշված բառը կա նաև խոսակցական հայերենում՝ «Աջալն էկել ա, մաջալ չի տալի» ասույթում, որը նշանակում է «Կյանքի ժամկետի ավարտը եկել է և այլևս ժամանակ չի տալիս»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • Բրիտանական «BBC»-ի պարսկերեն ծառայության թղթակիցը Թել-Ավիվից հայտնել է, որ Իսրայ…

    Բրիտանական «BBC»-ի պարսկերեն ծառայության թղթակիցը Թել-Ավիվից հայտնել է, որ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել։
    Թիրախավորվել են Երուսաղեմի արևելյան և արևմտյան հատվածները, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակի և այդ երկրի խորհրդարանի մոտակայքը։
    Հասցված կոնկրետ վնասների մասին տեղեկատվություն չի հաղորդվել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համ…

    Իրանի դեմ ներկայիս պատերազմը լրջագույն և դժվարին մարտահրավեր է այս պետության համար։
    Այսուհանդերձ, յուրաքանչյուր մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ։
    Այս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն նախատեսում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, որ դա հնարավոր կլինի։
    Իրանի պատկերացրած այդ ստատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը՝ ցույց տալով, որ հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի երկրները կարող են բարեկեցիկ և անվտանգ զարգանալ միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն կունենա նաև Իրանը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan