Category: Vardan Voskanyan

  • Կասկած չկա, որ Իրանի դեմ պատերազմի հիմնական նպատակն այս երկիրը ներքին քաոսի մատն…

    Կասկած չկա, որ Իրանի դեմ պատերազմի հիմնական նպատակն այս երկիրը ներքին քաոսի մատնելը և, ի վերջո, խամաճիկ իշխանության հաստատումն էր, նույնիսկ եթե դա հանգեցներ Իրանի մասնատման։
    Հաշվարկն այն բանի վրա էր, որ արտաքին ծանր հարվածների հետևանքով տեղի կունենա պետական կառուցակարգերի փլուզում և «ժողովրդական ապստամբություն»։
    Մինչդեռ հենց Իրանի ներսից կարծիքներ հրապարակող արևմտյան ԶԼՄ-ներում ավելի տեսանելի է դառնում այն տեղեկատվությունը, որ տեղի է ունեցել պետության շուրջ ժողովրդական զգալի համախմբում։
    Դրա պատճառները բազմաթիվ են, բայց կարծում եմ՝ չափազանց կարևոր հանգամանք է այն, որ իրանական ազգայնականությունն արդեն վաղուց նկատելիորեն սերտաճել է շիայական գաղափարախոսության հետ, և դրա վերջին ապացույցներից մեկը Իրանի նոր հոգևոր առաջնորդի երեկվա ուղերձի բովանդակությունն էր, որը կարելի է բնորոշել՝ ազգայնական-շիայական։
    Համախմբման համար մյուս կարևոր հանգամանքը ԱՄՆ-ից և Իսրայելից հնչող պարբերական սպառնալիքներն են «Իրանը ջնջելու», «Իրանի այժմյան սահմաններում մնալու անհնարինության» և նմանօրինակ այլ բովանդակությամբ, որտեղ խոսքը ոչ թե երկրի իշխանության, այլ ընդհանրապես Իրանի մասին է, ինչը նման հռետորաբանությամբ հանդես եկող հակառակորդի դեմ պայքարում իշխանությանն ինքնաբերաբար դարձնում է ոչ թե սեփական աթոռի, այլ հենց Իրանի՝ որպես պետության և ազգի, կենսունակության համար պայքարող սուբյեկտ՝ հատկապես, երբ նման պայքար իրականում էլ մղվում է։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Կատարյան «Ալ-Ջազիրայի» թղթակիցը Արևմտյան ափից, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Նե…

    Կատարյան «Ալ-Ջազիրայի» թղթակիցը Արևմտյան ափից, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այսօրվա մամուլի ասուլիսը, ուշադրություն էր հրավիրում իսրայելական կողմի նոր քարոզչական գծի վրա։
    Ըստ դրա՝ իրանական հրթիռային հարվածները շարունակվում են, որովհետև այդ երկրի հրթիռային ներուժը պաշտպանված է լեռներում ստորգետնյա կառուցներում, ինչը հակասության մեջ է պատերազմի առաջին շրջանի այն պնդումների հետ, թե իրանական հրթիռային կարողությունները զգալիորեն շարքից դուրս են բերվել։
    Լրագրողը եզրափակում է խոսքի այդ հատվածը՝ «Այն ժամանակ, երբ Նեթանյահուն խոսում էր, մեր հեռախոսները վաղ նախազգուշացման ազդանշան տվեցին Իրանից եկող նոր հրթիռների մասին»։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ հետևելով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին, նկատեցի մի հետաքրքիր հանգամանք։ՄԱԿ-ում Իրանի նե…

    Երեկ հետևելով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին, նկատեցի մի հետաքրքիր հանգամանք։
    ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի ազգանունն Իրավանի է, որը պարսկերենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է «երևանցի», ինչը ցույց է տալիս, որ նրա նախնիներն ինչ-որ ժամանակ (հավանաբար խանության օրոք) ապրել են Երևանում։
    Ի դեպ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան մեր մայրաքաղաքի համար, ի տարբերություն խորհրդային տարիների, օգտագործում է, իբր, «ադրբեջանական» Իրավան տարբերակը, ապա ինքն էլ չգիտակցելով շրջանառում է մեր մայրաքաղաքի անվանման պարսկական ձևը՝ ակամայից ցույց տալով, որ Երևանը պատմականորեն այնքան խորթ քաղաք է իրենց, որ չկա դրա անվանման և ոչ մի՝ թեկուզ նույնիսկ աղճատված թյուրքական տարբերակ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի հոգևոր առաջնորդն իր առաջին ուղերձում հանդես է գալիս երկու հարթություններով…

    Իրանի հոգևոր առաջնորդն իր առաջին ուղերձում հանդես է գալիս երկու հարթություններով՝ որպես Իրանի և որպես ամբողջ Մերձավոր Արևելքի շիայական «դիմադրության ճակատի» առաջնորդ։
    Ուղերձում բազմիցս կրկնվող «ազգ», «հայրենիք», «Իրան», «իրանցիներ» եզրույթները հենց ազգային առաջնորդության, քաղաքացիական և հայրենասիրական բնորոշիչներ են, միևնույն ժամանակ սակայն Իրանի հոգևոր առաջնորդը այլ տեղերում հանդես է գալիս նաև որպես Իրանից դուրս՝ Իրաքում, Եմենում, Լիբանանում և այլուր համաշիայական «դիմադրության ճակատի» առաջնորդ և ղեկավար։
    Սա իրանական հինավուրց կայսերական ավանդույթի կարևոր հատկանիշ է, քանի որ այդ ավանդույթի համաձայն՝ Իրանը չի կարող ամփոփվել միայն այդ երկրի տվյալ ժամանակահատվածի վարչաքաղաքական սահմաններում, և նույնիսկ ներկա դժվարին պայմաններում Իրանի առաջնորդը չի դադարում նաև այդ երկրից դուրս՝ աշխարհի բոլոր շիաների առաջնորդ համարվել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • ԱՄՆ-ի նախագահ Թրամփը և Պենտագոնը պարբերաբար հայտնում են իրանական նավատորմի «ոչնչ…

    ԱՄՆ-ի նախագահ Թրամփը և Պենտագոնը պարբերաբար հայտնում են իրանական նավատորմի «ոչնչացման» մասին։
    Իրականում իր պատմության հազարամյակների ողջ ընթացքում Իրանը երբեք էլ աչքի չի ընկել հզոր նավատորմով, բայց Պարսից ծոցի ավազանը մշտապես դիտարկելով սեփական տարածք, այստեղ ունեցել է շատ ամուր դիրքեր նաև ծովում։
    Այս առումով նաև ԱՄՆ-ում գիտեն, որ Իրանի ծովային ներուժը ոչ թե միջին կամ խոշոր նավերն են, այլ արագընթաց փոքր նավակները, որոնք, ըստ իրանական ռազմավարության՝ պետք է ի վիճակի լինեն ականապատել Հորմուզի նեղուցը և նաև «մեղվի պարսի» սկզբունքով հարձակումներ իրականացնել ցանկացած խոշոր նավի՝ այդ թվում ավիակրի վրա հրթիռներով և ԱԹՍ-ներով, եթե այն մուտք գործի նեղուց։
    Կատարյան «Ալ-Ջազիրայի» եթերում ամերիկացի ռազմական փորձագետը նշում է, որ Իրանն ունի այդպիսի հազարավոր նավակներ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Միայն իրանագետները գիտեն, որ Հորմուզի նեղուցի երկու ափերին էլ խոսում են իրանական…

    Միայն իրանագետները գիտեն, որ Հորմուզի նեղուցի երկու ափերին էլ խոսում են իրանական լեզուներով։
    Նեղուցի հարավային ափին՝ Օմանի Մուսանդամ թերակղզում խոսվում է իրանական կումզարի լեզուն, որը Պարսից ծոցից հարավ՝ Արաբական թերակղզում միակ իրանական լեզուն է։
    Կումզարիի հետ սերտ ցեղակցություն ունեցող իրանական լեզուները և բարբառները տարածված են Պարսից ծոցի Հորմուզ և Լարաք կղզիներում, ինչպես նաև հարավային Իրանի մայրցամաքային հատվածում՛ մասնավորապես Մինաբ քաղաքում, որի անունը ԶԼՄ-ներով շրջանառվում է աղջիկների դպրոցի՝ հրթիռային թիրախավորման ողբերգական դեպքի կապակցությամբ։
    Կումզարին համեմատաբար քիչ ուսումնասիրված իրանական լեզուներից է, սակայն դրա լեզվաբանական առանձնահատկությունները նեղ մասնագիտական քննարկման խնդիր են։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ռազմավարական հետազոտություններում կա «լարվածության մեջ գերակայություն» (անգլ.՝ d…

    Ռազմավարական հետազոտություններում կա «լարվածության մեջ գերակայություն» (անգլ.՝ domination in escalation) հասկացությունը։
    Այն նշանակում է, որ կողմերից մեկը կարողանում է վերահսկել հակամարտության սրման բոլոր աստիճանները և յուրաքանչյուր փուլում ավելի մեծ լարվածություն հաղորդել դրան։
    Իրանի դեմ պատերազմում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հնարավորությունների առավելությանը, Թեհրանն ինքը նույնպես կարողանում էր բարձրացնել և կառավարել լարվածության աստիճանը, ըստ էության, պահպանելով լարվածության մեջ զուգաչափ և անզուգաչափ հավասարակշռությունը։
    Իրանին դա հաջողվում է ապահովել Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում առկա արդեն իսկ խոցված և պոտենցիալ թիրախների հսկայական քանակի պատճառով։
    Ավելի պարզ բանաձևմամբ՝ եթե, ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից լարվածության մեջ գերակայության հասնելու նպատակով թիրախ է դառնում իրանական որևէ օդանավակայան, ապա Իրանը պատսախան հարված է հասցնում Պարսից ծոցի տարածաշրջանի օդանավակայաններից մեկին և այսպես շարունակ։
    Այս առումով որոշ դեպքերում նույնիսկ Իրանն ինքն է թելադրում գերակայություն լարվածության մեջ, դիցուք՝ Իրաքում տեղակայված քրդական ուժերին կամ Կիպրոսի ռազմակայանին հարվածելով։
    Այս համատեքստում է պետք, ամենայն հավանականությամբ, դիտարկել նաև Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով «տարօրինակ» հարվածը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի, որպես կանոն, զսպվածությունը հաճախ է առիթ դարձել, որ տպավորություն ստեղծվի…

    Իրանի, որպես կանոն, զսպվածությունը հաճախ է առիթ դարձել, որ տպավորություն ստեղծվի, թե այս երկիրը միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում։
    Այս պատերազմում իրանցիները կոտրեցին այդ կարծրատիպը, քանի որ նրանց հնչեցրած գրեթե բոլոր սպառնալիքներն արդեն իրականություն են դարձել։
    Վերջին օրերին նույնիսկ ԱՄՆ-ում տարակուսած էին Իրանի նավթամթերքի պահեստարաններին իսրայելական հարվածներից, որոնք ի հայտ էին բերել նաև բնապահպանական ռիսկեր։
    Իրանցիները խոստացել էին համարժեք պատասխան հարված հասցնել, և այսօր ստացվում են կադրեր Օմանում նավթամթերքի այն պահեստի խոցումից և դրանում բռնկված հրդեհից, որն, ըստ իրանական աղբյուրների՝ սպասարկում էր նաև ԱՄՆ-ի ռազմական նավատորմի կարիքները։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Անցյալ գիշեր Թեհրանի վրա եղել է ամերիկա-իսրայելական ամենաուժգին հարձակումը։ Մոտ …

    Անցյալ գիշեր Թեհրանի վրա եղել է ամերիկա-իսրայելական ամենաուժգին հարձակումը։
    Մոտ 15 միլիոն բնակչությամբ քաղաքում և արվարձաններում տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։
    Իրանական «Ֆարս» գործակալության տարածած կադրերը ցավալիորեն խոսուն են։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի նախագահ Փեզեշքիանի որդին, որը պատերազմի յուրօրինակ օրագիր է վարում տելեգրա…

    Իրանի նախագահ Փեզեշքիանի որդին, որը պատերազմի յուրօրինակ օրագիր է վարում տելեգրամյան իր ալիքում, այդ երկրի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավոր լինելու մասին տարածվող լուրին անդրադառնալով, գրել է՝

    «Մի լուր լսեցի պրն. Մոջթաբայի վնասվածք ստանալու մասին։ Ընկերներից, որոնք կապ ունեին, հարցրեցի։ Ասացին՝ Աստծո բարեհաճությամբ առողջ է, և խնդիր չկա»:

    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan