Category: Vardan Voskanyan

  • Կատարյան «Ալ-Ջազիրայի» թղթակիցը Արևմտյան ափից նշում է, որ ՀՕՊ-ի վաղ զգուշացման ռ…

    Կատարյան «Ալ-Ջազիրայի» թղթակիցը Արևմտյան ափից նշում է, որ ՀՕՊ-ի վաղ զգուշացման ռադարների շարքից դուրս բերումը նկատելի խնդիր է ստեղծել Իսրայելում, և իրանական հրթիռները ի վիճակի են խոցել էլ ավելի մեծ թվով թիրախներ այդ երկրում՝ չնայած խիստ ռազմական գրաքննությունը թույլ չի տալիս ճշգրիտ տեղեկատվություն ստանալ մանրամասների վերաբերյալ։
    Իրանական հրթիռային վտանգի պատճառով Իսրայելի խորհրդարանի նիստը չեղարկվել է, իսկ կառավարությունն անվտանգության նկատառումներով նիստ է անցկացնելու տեսակոնֆերանսի միջոցով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Քչերը գիտեն, որ այսօր աշխարհի բոլոր լրատվամիջոցներով հնչող «Հորմուզի նեղուց» աշխ…

    Քչերը գիտեն, որ այսօր աշխարհի բոլոր լրատվամիջոցներով հնչող «Հորմուզի նեղուց» աշխարհագրական անվանումը կապված է հին իրանական աստվածներից մեկի անվան հետ։
    Բանն այն է, որ նեղուցի մոտ գտնվող իրանական կղզիներից մեկը կոչվում է Հորմուզ, որն իր անունը ստացել է զրադաշտականության գլխավոր աստված Ահուրա Մազդայի (միջին իրանական՝ Օհրմազդ, Որմիզդ, Հորմիզդ) դասական նոր պարսկերեն Հորմուզ ձևից, իսկ կղզուց էլ անվանումն անցել է նեղուցին։
    Իրանական այս անունը նույնական է մինչքրիստոնեական հայոց Արամազդ աստվածանվան հետ, և իրանցիներն այժմ փաստացի փակ են պահում, պատկերավոր ասած, «Արամազդի նեղուցը»։
    Կից՝ իրանական ԶԼՄ-ների այսօրվա կադրերն են, որոնցում երևում են այդ նեղուցում կանգնած նավթատար նավերը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ի տարբերություն քաղաքական գործիչների պոռոտախոսության, զինվորականները գրեթե միշտ …

    Ի տարբերություն քաղաքական գործիչների պոռոտախոսության, զինվորականները գրեթե միշտ էլ հարգանքով են մոտենում խիզախություն դրսևորող հակառակորդներին։
    ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գերենալ Քեյնը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում իրանական ԶՈւ-երի մասին ասել է՝ «Նրանք կռվում են, և ես հարգում եմ դա»: Նա ավելացրել է նաև, թե դա չի նշանակում, որ իրանցիները սպասվածից ավելի ուժեղ են։
    Պարզ չէ՝ այս պատերազմը ե՞րբ և ինչպե՞ս կվերջանա, բայց իրանցիներն արդեն իսկ վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Ճակատագրի հեգնանքով երեկ գիշեր՝ հենց այն պահին, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ելույթը…

    Ճակատագրի հեգնանքով երեկ գիշեր՝ հենց այն պահին, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի ելույթը, որում նա խոսում էր Իրանի ռազմական ներուժի ոչնչացված լինելու և իր երկրի հաղթանակի մասին, ուղիղ եթերով հեռարձակվում էր իսրայելական հեռուստաալիքներով, նույն այդ ելույթի կադրերի վրա հայտնվեց իրանական հրթիռային հարձակման մասին գուժող վազող տողը։
    Այսօր առավոտյան արդեն Իսրայելից ստացվող կադրերը ցույց են տալիս, որ իրանական հրթիռային հարձակումը լուրջ ավերածությունների է հանգեցրել այդ երկրում, քանի որ իրանական կողմը կիրառել է տոննայանոց մարտագլխիկներով ծանր հրթիռներ։
    Երեկ, արդեն Իսրայելի ներսում մեկ այլ ՀՕՊ-ի ռադարի՝ լիբանանյան «Հիզբալլահի» հարձակման հետևանքով շարքից դուրս գալու լուրը ևս մի ցուցիչ է, որ իսրայելական և ամերիկյան ՀՕՊ-ի ռադարների կետային թիրախավորումն այս պատերազմում Իրանի կողմից կիրառվող նոր մարտավարություն է, ինչին Թեհրանի հակառակորդներն ակնհայտորեն պատրաստ չեն եղել։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի և տարբեր պաշտոնյաների հ…

    Իրանի դեմ պատերազմի նպատակների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի և տարբեր պաշտոնյաների հայտարարությունների հակասականությունը, կարծում եմ՝ պայմանավորված է նաև ռազմաքաղաքական գործընթացներում տեղի ունեցող դինամիկ փոփոխություններով։
    Մասնավորապես, այսօր ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն այդ նպատակները սահմանել է երկու բաղադրիչով՝ Իրանի նավատորմի և հրթիռների ոչնչացում, այլևս չխոսելով իշխանափոխության և այլ հարցերի մասին։
    Որքանով այս տեսակետն ամփոփոխ կմնա շատ դժվար է ասել՝ հատկապես վերոնշյալ հակասական հայտարարությունների փորձն ի նկատի ունենալով, սակայն նշված հայտարարությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին անհրաժեշտության դեպքում դուրս գալ պատերազմից, քանի որ նախագահ Թրամփն արդեն հայտարարել է, որ իրանական նավատորմն այլևս չկա (չնայած այն կա և փաստացի փակել է Հորմուզի նեղուցը), և ոչինչ չի խանգարում նման մի պնդում էլ առաջիկայում անել իրանական հրթիռների մասին։
    Հետճշմարտության աշխարհում իրադարձության ոչ թե իրական բնույթը, այլ դրա քարոզչական ներկայացումն այստեղ պարադոքսալ կերպով կարող է օգտակար լինել ավերիչ պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն առայժմ դրա հնարավոր դադարի ոչ մի այլ նշան կարծես թե չկա։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանական ԶԼՄ-ները կադրեր են տարածում, որոնցում երևում է Իրանի նոր հոգևոր առաջնոր…

    Իրանական ԶԼՄ-ները կադրեր են տարածում, որոնցում երևում է Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, այն ժամանակ, երբ 17 տարեկանում կամավորագրվել էր Իրանի ԶՈւ-երին՝ մասնակցելով իրանա-իրաքյան պատերազմին։
    Այդ կադրերում երևացող՝ նրա և իրանցի այլ մարտիկների կարմիր գլխակապը նշան էր, որ նրանք պատրաստ էին նահատակության հանուն Իրանի և շիայականության։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քան…

    Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։
    Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։
    Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։
    Եվ ի վերջո՝ այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Իրանն ունի ընտրված նոր հոգևոր առաջնորդ։ 56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընտրվ…

    Իրանն ունի ընտրված նոր հոգևոր առաջնորդ։
    56-ամյա այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընտրվել է ձայների վճռորոշ մեծամասնությամբ։
    Նա Իրանի երկրորդ հոգևոր առաջնորդ, զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։
    Իրանական ԶՄՆ-երը լուրը հաղորդել են կից լուսանկարով՝ «Աստծո ձեռքը երևաց, Խամենեին երիտասարդացավ» գրությամբ։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan

  • Այս հրաշք երգի բառերը, որոնք թարգմանեցի պարսկերենից՝ փորձելով հնարավորին մոտ մնա…

    Այս հրաշք երգի բառերը, որոնք թարգմանեցի պարսկերենից՝ փորձելով հնարավորին մոտ մնալ բնօրինակին, կարծում եմ՝ մեր բարեկամ Իրանի հենց այս դժվարին, բայց հույսով լի օրերն են բնորոշում։
    Ո՜վ, վաղվա օրեր,
    Ո՜վ, գեղեցիկ մտքեր,
    Ո՜վ, ոսկյա խոսքեր,
    Ո՜վ, երկինք դողացող, անձրևի ու քամու ծով,
    Թեհրանի վրա մրրիկի սպասող,
    Փոթորկի՝ ծանր ու կտրող։
    Քեզ համար եմ ես երգում,
    Քեզ համար եմ ինձ լքում,
    Լուռ շուրթերս ես բացում,
    Հին երկիր իմ անկոտրում։
    Մի հետիոտն՝ ես պոետ,
    Քայլում եմ քո առվի հետ,
    Մի հասարակ պատգամով,
    Երջանկության մաղթանքով, ոչ թե այս տխուր պահով։
    Անտառներից Գիլանի,
    Գմբեթներից Սպահանի,
    Փողոցներից Շիրազի,
    Կրակներից Ահվազի,
    Քեզ գեղեցիկ ժպիտներ։
    #մեր_բարեկամ_Իրանը
    🆔 @vardan_voskanyan

  • Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե…

    Երեկ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ մի կողմ է դրել այն միտքը, թե քրդերը պետք է Իրանի դեմ ցամաքային գործողության մեջ ներքաշվեն, քանի որ դա կբարդացնի իրավիճակը։
    Մի քանի օր առաջ, սակայն, նա նշել էր, որ եթե քրդերը ցամաքային գործողության գնան, կհովանավորի նրանց։
    Այսօր առավոտյան Իրանի ԻՀՊԿ-ը հայտարարել էր, որ Իրաքի իրանամետ ուժերը և Իրանի ԶՈւ-երը Հյուսիսային Իրաքում հուժկու հարվածներով չեզոքացրել են քրդական զինյալների ներխուժման հնարավորությունը։
    Պարզ է, որ այս պահին սկզբում բնակավայրերում ապստամբության, այնուհետ՝ Իրանից սերող քրդական կուսակցությունների զինյալների միջոցով այս երկրի տարածքի գոնե մի հատվածում ցամաքային պլացդարմի ստեղծման ծրագիրը տապալվել է, ապստամբների բացակայության և քրդական ուժերին Իրաքի տարածքում հասցված ուժգին հարվածների շնորհիվ։
    Նման ծրագիր ժամանակին Իրանի դեմ փորձել էր իրականացնել նաև Սադդամ Հուսեյնը՝ իրանա-իրաքյան պատերազմից առաջ պայմանավորվելով իրանական վտարանդի պրոշահական ուժերի հետ, ստեղծելու Խուզեստանի, այսպես կոչված, պլացդարամը, սակայն այն մատնվել էր լիակատար անհաջողության։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanyan