Category: Armen Press

  • «Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կեղծ տեղեկություն է հրա…

    «Արմենպրես» լրատվական գործակալության լոգոյի օգտագործմամբ կեղծ տեղեկություն է հրապարակվել X սոցցանցային հարթակում։
    Իրականության հետ աղերս չունեցող տեքստային տեղեկատվությունը WollyBee անվամբ օգտատերը զուգորդել է տեսանյութով` օգտագործելով կադրեր ՀՀ վարչապետի մասնակցությամբ, նաև` վարչապետի խոսնակի տարբեր հարցազրույցներից` կիրառելով «Արմենպրես»-ի լոգոն։
    X-ում հրապարակելիս որպես թեգեր կիրառվել են ինչպես «Արմենպրես»-ի, այնպես էլ հայկական այլ լրատվական կայքերի, France24-ի, Deutsche Welle-ի էջերը։
    Ընթերցողներին հորդորում ենք «Արմենպրես»-ի անունից հրապարակված ցանկացած տեղեկություն ստուգել հենց «Արմենպրես»-ի կայքում և պաշտոնական սոցցանցային էջերում։
    Ապատեղեկատվության և մանիպուլյացիայի ահագնացող ծավալների պարագայում սկզբնաղբյուրների հետ աշխատանքը գրագետ մեդիասպառման կարևոր նախապայման է։
  • Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ եթե Հայաստանն Ադրբեջ…

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ եթե Հայաստանն Ադրբեջանից բենզին և դիզվառելիք ներմուծած չլիներ, հիմա բենզինի գները Հայաստանում մի քանի հարյուր դրամով ավելի բարձր կլինեին։
    Պապոյանն այդ մասին ասաց Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվան նվիրված շքերթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում՝ շեշտելով, որ բենզինի գներն ամբողջ աշխարհում են բարձրացել։
    «Աշխարհի շատ երկրներում բենզինի գինը 2-3 անգամ է թանկացել, իսկ Հայաստանում՝ տոկոսներով, այնպես որ պետք է շարունակենք հնարավորինս ավելի շատ դիվերսիֆիկացիան պահել, որ աշխարհաքաղաքական ցնցումները մեզ վրա հնարավորինս քիչ ազդեցություն ունենան»,-ասաց նախարարը։
  • Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքո…

    Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) ներկայացնում է պարզաբանում։
    Ընկերությունը գտնվում է գործընկերների և համապատասխան կառույցների հետ մշտական երկխոսության մեջ և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։
    Այս աշխատանքի շրջանակում կազմակերպվել է հանդիպում հայ վաճառողների հետ, որին մասնակցել են ավելի քան 50 ձեռնարկատերեր։ Ընկերության ներկայացուցիչները գործընկերների հետ քննարկել են առաջացող հարցերը, լսել հետադարձ առաջարկությունները և շարունակում են համատեղ մշակել հնարավոր լուծումները։
    Նաև նշենք, որ ապրիլի 20-ից Ռուսաստանի Դաշնությունում փոփոխվել են մաքսային ձևակերպման կանոնները։ Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակում։
    Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունում պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը։
    Բոլոր հարցերը քննարկվում են սահմանված կարգով՝ համապատասխան կողմերի մասնակցությամբ։ Ընկերությունը հույս ունի իրավիճակի փուլային կարգավորման վրա և կտեղեկացնի էական փոփոխությունների մասին դրանց առաջացմանը զուգընթաց։
  • Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ…

    Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամրապնդելու պատմական հնարավորություն կա։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեքսմանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ։
    «Մենք պատմական հնարավորություն ունենք ամրապնդել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, խթանել բարեփոխումները և աջակցել տարածաշրջանային խաղաղությանը։ Սա կարևորագույն պահ է, որը պահանջում է Եվրամիության աջակցությունն ու հանձնառությունը՝ խոսքով և կոնկրետ գործերով»,- գրել է Լեքսմանը։
  • Հայաստանի կառավարությունն այս տարի կավարտի 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորո…

    Հայաստանի կառավարությունն այս տարի կավարտի 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման ծրագիրը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվան նվիրված միջոցառման ժամանակ քաղաքացիներից մեկի հետ շփման ընթացքում։
    «Մենք այս տարի կավարտենք 500 մանկապարտեզների ծրագիրը, դրանից հետո մեր հաշվարկներով հանրապետությունում ևս 100 մանկապարտեզի կարիք կլինի։ Մենք նաև մասնավորին ենք խթանում, որպեսզի մանկապարտեզներ բացվեն, և մեր նպատակն է, որ ծնողները հնարավորինս շուտ աշխատանքի վերադառնան»,- ասել է Փաշինյանը։
    500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից մեկն է։
  • Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է արտաքին գործերի նա…

    Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Բաքուն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը և բողոքի նոտա է հղել ԵՄ-ին։
    Եվրախորհրդարանն ապրիլի 30-ին ընդունել էր «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևը, որում ի թիվս այլ հարցերի անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությանը։
    Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն ու կողմնակալ» է որակել բանաձևի դրույթները։
    Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ որոշվել է դադարեցնել Ադրբեջանի խորհրդարանի կապերը Եվրախորհրդարանի հետ։
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում Երևանում կլին…

    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում Երևանում կլինեն փակ փողոցներ
  • Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի եւ աշխատողների համերաշխության միջազգային…

    Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի եւ աշխատողների համերաշխության միջազգային օրվա առթիվ

    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։ Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։
    2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։
    Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է եւ համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։
    Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Բայց նաեւ պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաեւ վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել եւս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը՝ աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Այս խոսույթն ամենեւին չի նշանակում մարդու արդեն իսկ ունեցած հմտությունների թերագնահատում, պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։
    Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ, Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։
    Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։ Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։ Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

  • Երևանի կենդանաբանական այգուց որևէ զեբր չի փախել:«Արմենպրես»-ին այգուց տեղեկացրին…

    Երևանի կենդանաբանական այգուց որևէ զեբր չի փախել:
    «Արմենպրես»-ին այգուց տեղեկացրին, որ զեբրերն այգում են`հանգիստ և անվնաս:

    «Բարձր գնահատելով կրեատիվությունը, հարկ ենք համարում նշել, որ այս կենդանին իրականում ավանակ է, որին որևէ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։ Չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին՝ ուզում ենք նաև շեշտել, որ կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին: Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ»,-տեղեկացրին այգուց:

    Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրը փախել է և հայտնվել Մյասնիկյան պողոտայում:

  • Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպ…

    Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին մեկ տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը: