Category: Armen Press

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-11-ը ամառային դպրոցի շրջանակո…

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-11-ը ամառային դպրոցի շրջանակում հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտներին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
    Ծրագիրն իրականացվել է «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին։ Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում ՀՑԹԻ են այցելում ԱՄՆ-ից ժամանած դպրոցականներ։  
    Նշվում է, որ ամառային դպրոցի նախաձեռնողը՝ Ջորջ ավագ դպրոցի ուսուցչուհի Մերեդիթ Բալդին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Genocide Education Project»-ի կողմից համատեղ իրականացվող՝ Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա կրթական ծրագրի 2024 թվականին մասնակիցներից է։
    Այս տարի նա Հայաստան էր ժամանել արդեն իր աշակերտների հետ։ Ամառային դպրոցի շրջանակում մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրա…

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
    Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
    Շնորհավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան՝ շեշտելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբերում և պատրաստ է շարունակաբար նպաստել կազմակերպության առաջնահերթությունների արդյունավետ իրագործմանը։
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևի նախաձեռնման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը խաղաղության մշակույթի ամրապնդման և կրթության դերի միջազգային ճանաչման տեսանկյունից։ Իր հերթին Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի միջազգային հարթակներում կրթության դերի կարևորումը՝ որպես խաղաղության, փոխըմբռնման և կայուն զարգացման հաստատման հիմնարար գործոն։
  • Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ…

    Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին՝ տեղեկանալու նրանց ուսումնական հետաքրքրությունների, մասնագիտական նպատակների և Հայաստանում ձեռք բերած փորձի մասին։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
    Ուսանողները ներկայացրել են պետական կառույցներում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, մասնավոր ընկերություններում և մշակութային հաստատություններում իրենց գործունեությունը, ինչպես նաև կիսվել են մտքերով, թե ինչպես կարող է այս փորձը նպաստել հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը։
    «Մաղթում ենք նրանց հաջողություններ ծրագրի հետագա ընթացքում»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
  • «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»-ի հետ դեպի մանկության ամենապայծառ ու անմոռանալի աշխարհից …

    «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»-ի հետ դեպի մանկության ամենապայծառ ու անմոռանալի աշխարհից  մինչև «Վալդակար» անիմացիոն սերիալի հետաքրքիր բացահայտումներ. Տավուշի մարզի Կողբ գյուղում մեկնարկեց  «Կողբ-Վարդավառ» ամենաջրառատ փառատոնը:
    Փառատոնի առաջին օրը կազմակերպիչները նվիրել էին փոքրիկներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» ծրագրի շրջանակում հնչեցին հայտնի մուլտֆիլմերի սիրված մեղեդիները, իսկ մեծ էկրանին ցուցադրվեցին դրանց ամենահիշվող դրվագները։
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իր…

    Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու և ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով։
    Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
    Նրա խոսքով՝ սարքավորումները ՀՀ կառավարությունը ստացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում։
    «Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար»,- նշել է Հայրապետյանը։
    Նախարարի փոխանցմամբ՝ նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։ Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։
    Դրանք կնպաստեն արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։
    Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող արբանյակային համակարգ է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր նշանակություն ունի արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար՝ հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում կապի անխափանությունն ապահովելու տեսանկյունից։
    Նախարարի խոսքով՝ այս նվիրատվությունը Starlink-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ձևավորված համագործակցության շարունակությունն է։ Այդ համագործակցության շրջանակում արդեն 110 Starlink սարքավորում ապահովում է Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում հազարավոր սովորողների ինտերնետային կապը։
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու արձագանքման կարողությունների ամրապնդման գործում։
  • Մունդիալ-2026 | Քառորդ եզրափակիչ Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Բելգիային և նվաճեց…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Քառորդ եզրափակիչ
    🇪🇸 Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց 🇧🇪 Բելգիային և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի 🇫🇷 Ֆրանսիայի հետ։
    Իսպանացիները խաղի մեծ մասում վերահսկում էին նախաձեռնությունը, իսկ առաջին գոլը 30-րդ րոպեին խփեց Ֆաբիան Ռուիսը։ Սակայն ընդամենը 11 րոպե անց Շառլ դե Կետելարեն հավասարեցրեց հաշիվը՝ խփելով Իսպանիայի առաջին բաց թողած գոլն այս աշխարհի առաջնությունում։
    71-րդ րոպեին Բելգիան ծանր կորուստ ունեցավ․ վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Տիբո Կուրտուան, իսկ նրա փոխարեն խաղադաշտ մտած Սեն Լամենսը չկարողացավ փրկել թիմին։ 88-րդ րոպեին Միկել Մերինոն, օգտվելով անդրադարձից, խփեց հաղթական գոլը և Իսպանիային դուրս բերեց կիսաեզրափակիչ։
  • Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  Հայաստանի կրթության, գիտության, մշ…

    Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ազիզ Կոնսովայի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
    Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
    Կողմերը քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների միջև կրթական կապերի ընդլայնումն ու փորձի փոխանակումը։
    ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նշելով, որ առանձնակի կարևորություն է տրվում միջազգային գործընկերների ընդգրկմանը։
    Քննարկվել է մշակման փուլում գտնվող Հայաստան-Եգիպտոս ոլորտային համագործակցության ծրագիրը: Անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության և ավարտական կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:
    Կողմերը հետաքրքրություն են հայտնել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, գիտական դրամաշնորհների համաֆինանսավորման, ինչպես նաև երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։
  • Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյ…

    🇦🇲🇫🇷 Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
    Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
    Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
  • Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայ…

    Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին։
    Այցի մասին X-ի միկրոբլոգում արված գրառման միջոցով հայտնել է ԵՄ առաքելությունը։

    «Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ դիտորդական առաքելության մանդատին, խնդիրներին և Սյունիքի մարզում գործունեությանը: Նա նաև միացավ առաքելության պարեկախմբին՝ Կապանի տարածքում աշխատանքին անմիջականորեն ծանոթանալու համար»,-ասված է գրառման մեջ:

  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրա…

    Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։
    Այս մասին հայտնում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից՝ նշելով, որ կառույցը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։