Category: Armen Press

  • Մունդիալ-2026 | Քառորդ եզրափակիչ Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց Բելգիային և նվաճեց…

    ⚽️🌍 Մունդիալ-2026 | Քառորդ եզրափակիչ
    🇪🇸 Իսպանիան 2:1 հաշվով հաղթեց 🇧🇪 Բելգիային և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի 🇫🇷 Ֆրանսիայի հետ։
    Իսպանացիները խաղի մեծ մասում վերահսկում էին նախաձեռնությունը, իսկ առաջին գոլը 30-րդ րոպեին խփեց Ֆաբիան Ռուիսը։ Սակայն ընդամենը 11 րոպե անց Շառլ դե Կետելարեն հավասարեցրեց հաշիվը՝ խփելով Իսպանիայի առաջին բաց թողած գոլն այս աշխարհի առաջնությունում։
    71-րդ րոպեին Բելգիան ծանր կորուստ ունեցավ․ վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Տիբո Կուրտուան, իսկ նրա փոխարեն խաղադաշտ մտած Սեն Լամենսը չկարողացավ փրկել թիմին։ 88-րդ րոպեին Միկել Մերինոն, օգտվելով անդրադարձից, խփեց հաղթական գոլը և Իսպանիային դուրս բերեց կիսաեզրափակիչ։
  • Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  Հայաստանի կրթության, գիտության, մշ…

    Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդել Ազիզ Կոնսովայի հետ։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
    Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
    Կողմերը քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների միջև կրթական կապերի ընդլայնումն ու փորձի փոխանակումը։
    ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նշելով, որ առանձնակի կարևորություն է տրվում միջազգային գործընկերների ընդգրկմանը։
    Քննարկվել է մշակման փուլում գտնվող Հայաստան-Եգիպտոս ոլորտային համագործակցության ծրագիրը: Անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության և ավարտական կրթական փաստաթղթերի փոխադարձ ճանաչմանը:
    Կողմերը հետաքրքրություն են հայտնել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման, գիտական դրամաշնորհների համաֆինանսավորման, ինչպես նաև երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։
  • Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյ…

    🇦🇲🇫🇷 Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Առնո Էլլիին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
    Արման Սարգսյանը փոխգնդապետ Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը՝ շնորհակալություն հայտնելով նրան Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործակցության զարգացման գործում ավանդի ու համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
    Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
  • Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայ…

    Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին։
    Այցի մասին X-ի միկրոբլոգում արված գրառման միջոցով հայտնել է ԵՄ առաքելությունը։

    «Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ դիտորդական առաքելության մանդատին, խնդիրներին և Սյունիքի մարզում գործունեությանը: Նա նաև միացավ առաքելության պարեկախմբին՝ Կապանի տարածքում աշխատանքին անմիջականորեն ծանոթանալու համար»,-ասված է գրառման մեջ:

  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրա…

    Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։
    Այս մասին հայտնում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից՝ նշելով, որ կառույցը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը։
  • Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել…

    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու որոշման շուրջ քննարկումներին։
    «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ։

    «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:
    Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:
    Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»։

  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հեր…

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները։
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

    «Նախարարի հետ հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 59 96 00 հեռախոսահամարին։ Հանդիպումների լուսաբանումն իրականացվում է միայն մասնակիցների համաձայնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • ԵԱՀԿ-ն ընդունած՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով կորցնում է վստահությունը…

    ԵԱՀԿ-ն ընդունած՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով կորցնում է վստահությունը վրացական հասարակության աչքերում:
    Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

    «Նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջությամբ վերցված ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը շատ ցավալի է: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իջել է (ԱՄՆ կոնգրեսական) Ջո Ուիլսոնի մակարդակին: Դա շատ ողբերգական երևույթ է: Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», — ասել է Կոբախիձեն:

  • Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորո…

    Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ա.-ն, 2006-2016 թվականներին հանդիսանալով Աշոցք գյուղի գյուղապետը, 2016-2018 թվականներին՝ Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը, օրենքի խախտմամբ, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրում գտնվող՝ 5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրել է ֆիզիկական անձի:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2009 թվականի հուլիսի 24-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, Աշոցք գյուղում գտնվող՝ 4.73 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:
    Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականի հունիսի 15-ին, Աշոցք համայնքի ղեկավար Ա.Ա.-ի որոշմամբ, 5.9 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է իբրև աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձի, մինչդեռ ֆիզիկական անձը հայտնել է, որ վարելահողի տրամադրման ժամանակ որևէ աճուրդի չի մասնակցել:
    Վերոգրյալի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազության կողմից Աշոցք համայնքի գործող ղեկավարին միջնորդագիր է ներկայացվել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված վարելահողերն Աշոցք համայնքի հողային բալանս վերադարձնելու և ֆիզիկական անձանց կողմից դրանց ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:
    Միջնորդագրի արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք:
    Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է:
  • Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգիhttps://www.youtube.com/watch?v=g5Qqtv4…

    Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգի
    https://www.youtube.com/watch?v=g5Qqtv4nJRE

    Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգի

    ARMENPRESS NEWS AGENCY
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress…