Category: Armen Press

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների Թագավո…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենի հետ։ Վերջինս վարչապետ Փաշինյանին շնորհավորել է 2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու և ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով։
    Նիդեռլանդների Թագավորության վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին։
    Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և Կառավարության կողմից իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։
  • Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը շն…

    Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Շանհայի համագործակցության կազմակերպության անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առիթով։
    Ձեր երկիրը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում։ Գոհունակությամբ նշում եմ Հայաստանի ակտիվ գործունեությունը՝ որպես ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր։ Երևանի այսպիսի մոտեցումը լրացուցիչ խթան է հաղորդում Կազմակերպության լայն օրակարգին՝ բացելով նոր հեռանկարներ փոխշահավետ համագործակցության համար։
    Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և հետագա բարգավաճում»։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն անվճար կլինի ոչ միայն բանակցությունների 60 օրվա ընթացքում, այլև դրանից հետո։
  • Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդ…

    Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։

    «Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները ռազմարդյունաբերության, պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ։

  • 2017 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներ…

    2017 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 135 տոկոսով
    Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման համատեքստում կարելի է արձանագրել, որ Հայաստանը կարևոր շրջադարձային գիծ է անցել։

    «2017 թվականի համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 135 տոկոսով։ Սա նշանակում է, որ կարող ենք արդեն վստահ պնդել՝ հեղափոխությանը հաջորդած 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետը պարզաբանեց, որ 2017 թվականը համեմատության համար ընտրվել է որպես ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդած վերջին տարի։
    Նրա խոսքով՝ 2024 թվականին ևս ֆորմալ առումով կարելի էր խոսել հարկային եկամուտների կրկնապատկման մասին, քանի որ դրանք 2017 թվականի համեմատ ավելացել էին 106 տոկոսով, սակայն, ըստ վարչապետի, այդ գնահատման մեջ որոշակի ֆորմալություն կար, քանի որ հարկային եկամուտները դիտարկելիս՝ պետք է հաշվի առնել նաև գնաճի ազդեցությունը։

    «2017 թվականից հետո գրանցված գնաճի ամբողջ ցուցանիշը հանած՝ կարող ենք ասել, որ 2025 թվականն այն տարին է, երբ բոլոր պարամետրերով 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել ենք»,- նշեց վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ սա ոչ միայն թվային ցուցանիշ է, այլև ունի կարևոր տնտեսական բովանդակություն։ Նա ընդգծեց, որ հարկային եկամուտների աճի հիմքում առաջին հերթին տնտեսության աճն է։
    Վարչապետը նաև նշեց, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի համախառն ներքին արդյունքը ևս ավելի քան կրկնապատկվել է։

    «Սա շատ էական ցուցանիշ է և ցույց է տալիս մեր տնտեսության կշիռը»,- ասաց Փաշինյանը։

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին Ադրբեջանի հետ արձանագրված խաղաղու…

    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին Ադրբեջանի հետ արձանագրված խաղաղության փաստը 2026 թվականին լեգիտիմություն է ստացել խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ
    Այս մասին վարչապետն ասաց Ազգային ժողովում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը կունենա 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը, որը կունենա 12 մանդատ։ Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը խորհրդարանում ստացել է մեծամասնություն և կկարողանա ձևավորել կառավարություն։
    Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել են այն հիմքերը, որոնք թույլ են տալիս անցում կատարել դեպի նոր օրակարգ՝ նոր որակի պետության ձևավորման օրակարգ։

    «Էական եմ համարում, որ մենք 2025 թվականին արձանագրել ենք այն հիմքերը, որոնք մեզ թույլ են տալիս ասելու, որ մենք կարող ենք անցում կատարել դեպի նոր օրակարգ, որը մենք ձևակերպել ենք, այդ թվում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ որպես նոր որակի պետության ձևավորման օրակարգ»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ 2025 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտի և նախագծի համաձայնեցման մասին։
    Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ և նախաձեռնությամբ։

    «Մենք, ի վերջո, պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն և, ըստ էության, ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև»,- նշեց վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է խաղաղության օրակարգի նկատմամբ իր աջակցությունը։

    «Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ և քվեարկությամբ։ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը։

    Վարչապետը նշեց, որ 2025 թվականը կարելի է համարել հեղափոխական կառավարման լավագույն տարին, իսկ հաջորդող տարիներին Կառավարությունը պետք է ձգտի ամեն տարի արձանագրել հետհեղափոխական կառավարման լավագույն տարին։
    Փաշինյանը նաև անդրադարձավ 2026 թվականի պետական բյուջեի պարամետրերին՝ նշելով, որ դրանք լավատեսության հիմք են տալիս եկամուտների գերակատարման առումով։

    «2026 թվականի պետական բյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն, որ 2026 թվականին մեր պլանավորած եկամուտները մենք էականորեն գերակատարելու ենք։ Սա առաջին հերթին կապված է 2025 թվականին մեր արձանագրած տնտեսական ցուցանիշների հետ»,- ասաց վարչապետը։

  • Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ …

    Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
    ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.

    «Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և ճանաչում այն խիզախությունը, որով Դուք դիմակայել եք բացառիկ բարդության մարտահրավերներին:

    Իտալիան հետևում է Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին և հաստատակամորեն աջակցում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: 2025 թվականին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը՝ աջակցելու վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերին՝ այն գիտակցմամբ, որ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

    Մեր երկրների միջև հարաբերություններն ամուր են և շարունակաբար զարգանում են: Մեզ միավորում են ակտիվ տնտեսական կապերը, երկարամյա մշակութային և հնագիտական համագործակցությունը, ինչպես նաև համագործակցության շոշափելի հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները և պաշտպանությունը: Վստահ եմ, որ Ձեր նոր մանդատը հնարավորություն կընձեռի առավել ամրապնդելու այս գործընկերությունը»:

  • Հայաստանի Ազգային ժողովի  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ընտրակաշառք բաժ…

    Հայաստանի Ազգային ժողովի  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ընտրակաշառք բաժանելու հանգամանքով՝ ընտրական գործընթացում  ի սկզբանե պետք է չեղյալ  հայտարարվեին «Ուժեղ Հայաստանը»-ի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի գրանցումները։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
    Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, Ռուբինյանը պատասխանեց․
    «Ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք Կառավարություն»,-ընդգծեց նա։
  • Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օրենսդրական նախաձեռն…

    Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, որով շատ լուրջ խստացումներ են նախատեսվելու ընտրակաշառք բաժանելու համար։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

    «Մենք հիմա շատ կարևոր օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում ենք, հիմա այդ քննարկումներն են ընթանում, որ հետագայում ամեն ինչ շատ  ավելի հստակ լինի ընտրակաշառքի մասով։ Առնվազն այն, ինչ ես եմ հասկացել մեր իրավաբանների հետ խորհրդակցությունների արդյունքում, այն է, որ այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, և ընտրակաշառատու սրիկաները կարողանում են մանևրել։ Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում և քաղաքական դաշտի մաքրում ենք նախատեսում ընտրակաշառոտու սրիկաներից»,- ասել է Ալեքսանյանը։

  • Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի շուր…

    Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության գալն ինքնին ողջունելի է, բայց իրավիճակը դեռ փխրուն է և կայունությունը վերստին կարող է խաթարվել Իսրայելի կողմից ցանկացած սադրանքի արդյունքում։   
    «Արմենպրես»-ի հետ զրույցում  Էմմա Բեգիջանյանն անդրադարձավ իրանաամերիկյան հակամարտության ներկա փուլին և այդ համատեքստում Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցման շուրջ նախօրեին տեղի ունեցած բանակցություններին։