Category: Armen Press

  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանա…

    Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի։
    Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
    Նրա խոսքով՝ հավաստագիր ստացած ընտանիքներում ներառված է 26 հազար 432 մարդ։ Այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը՝ շուրջ 13 հազար 400 մարդ, արդեն գնել է իր տունը կամ բնակարանը։

    «2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի, որոնցում ներառված է 26 հազար 432 մարդ։ Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13 հազար 400 մարդն արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը»,- ասաց Խաչատրյանը։

    Փոխվարչապետը նշեց, որ 2025 թվականին, ինչպես նախորդ տարիներին, Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական ինտեգրման միջավայրի բարելավումը շարունակել է մնալ Կառավարության հիմնական առաջնահերթություններից։
    Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր Կառավարության իրականացրած ծրագրերը թույլ են տվել ոչ միայն արդյունավետ կառավարել ճգնաժամը, այլև ստեղծել նախադրյալներ հրատապ աջակցությունից սոցիալ-տնտեսական ինտեգրման անցնելու համար։
    Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2025 թվականին փոփոխություններ են կատարվել բնակապահովման ծրագրում։ Եթե սկզբնական փուլում բնակարան ձեռք բերելու համար հավաստագրերի տրամադրումը նախատեսվում էր որոշակի հերթականությամբ, ապա 2025 թվականի հուլիսի 1-ից հավաստագիր ստանալու հնարավորությունը բացվել է ծրագրի պայմաններին բավարարող բոլոր ընտանիքների համար՝ անկախ ընտանիքի կազմից։
    Փոխվարչապետը նշեց նաև, որ ընդլայնվել է այն բնակավայրերի ցանկը, որտեղ բնակարան կամ տուն գնելու համար մեկ անձի հաշվով աջակցության չափը 3 միլիոն դրամից բարձրացվել է 4 միլիոն դրամի։
    Նրա խոսքով՝ մինչ այդ 4 միլիոն դրամի չափը նախատեսված էր 452 բնակավայրի համար, իսկ փոփոխություններից հետո այն սահմանվել է 611 բնակավայրի համար։
    Խաչատրյանը հավելեց, որ ծրագրի լավարկումները շարունակվել են նաև 2026 թվականի մարտին։ Երևանի սահմանակից մարզերի բնակավայրերում ևս մեկ անձի համար նախատեսված հավաստագրի չափը 3 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ։

    «Բարելավումը տարածվեց նաև նախկինում իրացված հավաստագրերի շահառուների վրա՝ թույլ տալով, որ ավելացող ֆինանսական միջոցներն օգտագործվեն աջակցության ծրագրով նախատեսված այլ ծախսային ուղղություններով»,- նշեց փոխվարչապետը։

    Խաչատրյանի խոսքով՝ Կառավարության աջակցության շրջանակում տեղահանված քաղաքացիների գնած բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։
    Նա ընդգծեց, որ եթե հաշվի առնվեն նաև ֆինանսավորող առևտրային բանկերի վարկերի վերադարձը և դրանց սպասարկման տոկոսային ծախսերը, որոնք առաջիկա տարիներին կատարվելու են բյուջետային միջոցներով, ապա ծրագրի շրջանակում կառավարության ստանձնած պարտավորությունների գումարն արդեն 85 միլիարդ դրամ է։

  • Հայաստանում 2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով…

    Հայաստանում 2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ
    Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
    Նախարարի խոսքով՝ 2025 թվականին աշխատավարձերի և վարձու աշխատողների աճ է գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։

    «2025 թվականին միջին ամսական աշխատավարձն աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ, իսկ վարձու աշխատողների թվաքանակը՝ 4.6 տոկոսով՝ կազմելով 795 հազար 212 մարդ»,- ասաց Հովհաննիսյանը։

    Ֆինանսների նախարարի խոսքով՝ աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են առևտրի, կրթության և մշակող արդյունաբերության ոլորտներում գրանցված աճերը։
    Նա նշեց, որ աշխատավարձի բարձր աճեր են արձանագրվել նաև գյուղատնտեսության, վարչական ծառայությունների և փոխադրումների ոլորտներում։
    Հովհաննիսյանի խոսքով՝ 2025 թվականին գործազրկությունը նվազել է 0.6 տոկոսային կետով՝ կազմելով 12.8 տոկոս։

    «2021 թվականի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 48.6 տոկոսով, վարձու աշխատողների թվաքանակը՝ 22.4 տոկոսով, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 2.7 տոկոսային կետով»,- նշեց նախարարը։

  • Ադրբեջանի պետական բյուջեից 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրեր…

    Ադրբեջանի պետական բյուջեից 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման համար հատկացվել է 4,866 մլրդ մանաթ (մոտ 2,86 մլրդ դոլար)։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    Ինչպես նշվում է Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» օրենքում, այդ նպատակով կատարված ծախսերը 2024 թվականի համեմատ աճել են 1,373 մլրդ մանաթով կամ 39,3 տոկոսով։
    Փաստաթղթի համաձայն՝ 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են 8,068 մլրդ մանաթ, ինչը 1,5 մլրդ մանաթով կամ 22,9 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։
    Նշվում է, որ 2025 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 20,9 տոկոսը, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը եղել է 17,4 տոկոս։
  • Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆ…

    Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները
    🇦🇲🇱🇻 Հայաստանն արդեն իսկ ծաղիկների մեկ խմբաքանակ՝ 5500 ծաղիկ է արտահանել Լատվիա։
    🇳🇱 Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հունիսի 7-ին հայտարարել էր, որ ծաղկաբուծական միջազգային ամենախոշոր շուկան բացում է իր դռները հայկական ծաղիկ արտադրողների համար՝ այդպիսով կապելով նրանց Եվրոպայի և Եվրոպայից դուրս գտնվող գնորդների հետ։
    🇳🇱🇪🇺 Նախարարը նաև նշել էր, որ Նիդեռլանդներն աջակցում են Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված աջակցության փաթեթին, որի մասին հունիսի 4-ին հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

    «Մենք ուսումնասիրել ենք, թե գործնականում ինչպես կարող ենք աջակցել տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղիկների արտադրությունը։ Արդյունքում Royal Flora Holland-ը այժմ բացում է իր շուկան հայկական ծաղիկ արտադրողների համար՝ նրանց կապելով Եվրոպայի և դրանից դուրս գտնվող գնորդների հետ», — գրել էր նա։

    🇦🇲🇺🇦 Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ էլ արդեն հասել է Ուկրաինա։
    🔺 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ։
    🔺 Առաջիկայում Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը, որտեղ ևս մոտավորապես նույնքան ծաղիկ կա։
    🔺 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է։
    🔺 Նրա տեղեկություններով՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե ամբողջությամբ իրացվել է։
    🔺 Սոցցանցերում արդեն իսկ տարածվում են տեսանյութեր, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են ստացած հայկական ծաղիկներն ու հայտնում դրանց վաճառքի մեկնարկի մասին։

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշ…

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հաջորդող բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը կկարողանան Հորմուզի նեղուցով անցնել առանց տուրքերի վճարման։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։

    «Համաձայնագրում ասվում է, որ 60 օրվա ընթացքում, մինչ մենք կբանակցենք վերջնական համաձայնագրի շուրջ, Հորմուզի նեղուցի մուտքն ու ելքը կլինի առանց տուրքերի», — ասել է նա։

    Փոխնախագահը նշել է, որ Հորմուզի նեղուցով անվճար անցման մակարդակն արդեն իսկ զգալիորեն ավելացել է, որ նեղուցով անցնում է մեծ քանակությամբ նավթ, և նավթի գինը 120 դոլարից հասել է 83 դոլարի։

  • «Ազնավուրի ձայնը». այսպես են անվանում երիտասարդ և խարիզմատիկ ֆրանսիացի երգիչ Տիտ…

    «Ազնավուրի ձայնը». այսպես են անվանում երիտասարդ և խարիզմատիկ ֆրանսիացի երգիչ Տիտիանոյին, որը, յուրովի մեկնաբանելով մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, գրավել է ոչ միայն օտար, այլև հայ երաժշտասերների ուշադրությունը։ 
    Երգիչը պարբերաբար համերգներով ներկայանում է Երևանում, իսկ այս անգամ կծանոթանա Հայաստանի մարզերի հանդիսատեսի հետ։ Արտիստը հունիսին համերգներով կլինի Վաղարշապատում, Իջևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Կապանում և Գորիսում։
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիտիանոյի արտիստիկ մենեջեր և համերգների կազմակերպիչ Մարիա Քոչարյանը պատմում է, որ սոցիալական հարթակներում է «հայտնաբերել» երգչին և զարմացել, թե որքան է նրա ձայնը նման Ազնավուրի ձայնին։ Քոչարյանի ընտանիքի անդամները, ընկերները ևս կարծել են, թե Ազնավուրն է երգում։
  • Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը կարծում է, որ Հայաստանի Հանրապետութ…

    🔴 Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ առավել հարուստ է, քան մի քանի տարի առաջ
    Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն ապագայում ավելի կծաղկեն։
    Բելգիայի դեսպանն այդպիսի կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակն ու Հայաստան-Եվրոպական միություն ռազմավարական գործընկերության ապագայի հեռանկարները։
    Դեսպանի բնորոշմամբ՝ Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսությունն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։ 

    «Մեր դեսպանությունը սկսել է գործել 2023 թվականի սեպտեմբերից, և ընդամենը մեկ ամիս առաջ մեր վարչապետ պարոն Բարտ դե Վևերն այստեղ էր՝ դեսպանության շենքի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար։ Եվ նրանից անմիջապես հետո մեզ այցելեց խորհրդարանի խոսնակ պարոն դե Ռովերը։ Այսպիսով, մենք ինտենսիվ երկխոսություն ունենք Հայաստանի և վերջինիս իշխանությունների հետ»,-շեշտել է Էրիկ Դե Մույնքը։

    Անդրադառնալով հայկական ապրանքների՝  ռուսական շուկա ներմուծումների համար տնտեսական սահմանափակումների կիրառմանն ու այդ ֆոնին Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը, այդ գործընթացում Բելգիայի դերակատարությանը՝ դեսպանն ընդգծել է, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում Երևանի ու Բրյուսելի միջև երկկողմ գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

    «Որպես դեսպանատուն՝ մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ։ Օրինակ, վերջերս մենք Բելգիայում ընդունեցինք «Enterprise Armenia» ընկերության գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանին։ Նա հնարավորություն ունեցավ այցելել կիսահաղորդիչներին նվիրված համաժողովին և հանդիպել այդ ոլորտի բելգիացի  գործիչների հետ։

    Մենք նաև ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանում տեխնոլոգիական բոլոր ոլորտներում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սնունդն ու խմիչքը։ Մենք աշխատում ենք Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի հետ՝ այդ կապերը հաստատելու և ապահովելու համար, որպեսզի կարողանանք ամրապնդել երկկողմ գործարար կապեր Բելգիայի և Հայաստանի միջև»,-նշել է դեսպան Դե Մույնքը։

    Կիսվելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարների շուրջ իր մոտեցումներով՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության եվրոպական օրակարգն այժմ ավելի հարուստ և ընդգրկուն է, քան մի քանի տարի առաջ։

    «Երբ ես եկա Հայաստան, Բելգիայի դեսպանատունը 14-րդ եվրոպական դեսպանատունն էր, որը բացվեց այստեղ՝ Երևանում։ Այդ ժամանակից ի վեր, կարծում եմ, որ մենք բացել ենք ևս երկու կամ երեք դեսպանատներ։ Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստանի եվրոպական օրակարգն ավելի հարուստ է, քան երեք տարի առաջ, և ես տեսնում եմ դրա ծաղկումն ապագայում, ես տեսնում եմ, որ Հայաստանի և Եվրամիության ապագան շատ պայծառ է»,-եզրափակել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանը։

  • Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում…

    🇦🇲🇺🇸🇫🇷🇬🇷Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։
    Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
    Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:
    «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:
    Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշ…

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերը Լյուքսենբուրգում կայացած  հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ։
    Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերով կյանքի կոչել ձևավորված հարուստ օրակարգը:
    Գերատեսչությունից նշում են, որ շնորհավորելով գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Միրզոյանը Տոնե Կայզերին մաղթել է հաջողություն պատասխանատու առաքելության մեջ:
  • Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից՝ 2026 թվականի փետրվ…

    Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից՝ 2026 թվականի փետրվարի 7-ից, առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ:
    Այս մասին հայտնում են Դատախազությունից՝ նշելով, որ  դրանցից 12 քրեական վարույթ՝ 51 անձի վերաբերյալ, դատարան է հանձնվել ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից: 
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ