Category: Armen Press

  • Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով Հայաստանի հետ՝ աջակցելով հայկական ընկերությո…

    Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով Հայաստանի հետ՝ աջակցելով հայկական ընկերություններին նոր շուկաների որոնման և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը դիվերսիֆիկացնելու գործընթացում։
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ պատասխանելով հայկական բիզնեսի համար նոր շուկաների որոնման վերաբերյալ հարցին։
    Նա նշեց, որ այդ ուղղությամբ արդեն գործնական քայլեր են իրականացվում։

    «Մենք գործնական սեմինար ենք մեկնարկել, որի նպատակն է աջակցել ընկերություններին՝ համաշխարհային շուկայում նոր հնարավորություններ բացահայտելու հարցում»,-ասաց նա։

    Ցահքնան ընդգծեց, որ Էստոնիան արդեն անցել է նման ճանապարհ՝ նվազեցնելով կախվածությունը ռուսական շուկայից։

    «Մենք շատ կախված էինք ռուսական շուկայից, բայց 1999 թվականի տնտեսական ճգնաժամից հետո հասկացանք, որ չի կարելի շատ մեծ կախվածություն ունենալ միայն մեկ շուկայից»,- նշեց նա։

    Նրա խոսքով՝ այդ փորձը ցույց է տվել, որ նման կախվածությունը կարող է լուրջ ռիսկեր առաջացնել բիզնեսի համար, ինչի արդյունքում էստոնական ընկերությունները սկսել են ակտիվորեն դուրս գալ գլոբալ շուկաներ։
    Էստոնիայի ԱԳ նախարարը նշեց, որ իր երկիրը պատրաստ է աջակցել հայկական բիզնեսին՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի համագործակցության միջոցով։

    «Մենք կարող ենք բացել դռներ ձեր բիզնեսների համար, բայց շատ կարևոր է նաև շարունակական աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասաց նա։

  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բազմաթիվ երկ…

    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ հետաքրքրված են հայ-ամերիկյան TRIPP նախագծով։
    Արարատ Միրզոյանն այդ մասին ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
    ԱՄՆ պետդեպարտամենտն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ TRIPP նախագծի իրականացումը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը, և որ Հայաստանն ԱՄՆ-ի ու համաձայնեցված երրորդ երկրների հետ շարունակում է աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ը, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասնել, թե որոնք են համաձայնեցված երրորդ երկրները, որոնց հետ Հայաստանն աշխատում է TRIPP-ի իրագործման ուղղությամբ։
    ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ չնայած աշխարհում և տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP-ի իրագործման ուղղությամբ շարունակվում են։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկխոսությունը Բաքվում պահվող հայ գերիների…

    Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ երկխոսությունը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով։
    Էստոնիայի ԱԳ նախարար Մարգու Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, սակայն դեռևս հասկանալիորեն կան չլուծված հարցեր, որոնց թվում ամենազգայունը հայ գերիների ու պահվող անձանց հարցն է։
    «Այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես նույնն է, իհարկե, մենք կարծում ենք, որ հաստատված խաղաղությունը հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի, խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, և միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, խնամքի, հոգատարության կարիք ունի։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումը կամ նույն երկկողմ առևտուրը, որն արդեն կա, և որը, կարծում ենք, որ կզարգանա։ Ցավոք սրտի և հասկանալիորեն, բոլոր հարցերը չէ, որ լուծված են, և հայ գերիների ու պահվող անձանց հարցը, իհարկե, այդ հարցերից ամենազգայունն է մեր հասարակության համար։ Այո, ցավոք սրտի, Բաքվում դեռ կան հայ գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, անշուշտ, սա մեր օրակարգի ամենաառաջնային հարցերից մեկն է, մենք շարունակում ենք այս մասին խոսել նաև մեր միջազգային գործընկերների հետ։
    Կարմիր խաչի գործունեության ավարտն Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակն այս առումով, մենք համաձայն ենք, որ խնդիր կա և շարունակում ենք մեր ջանքերն այս ուղղությամբ։ Այս հարցում նորություն դեռ չկա, սա այն հարցն է, որ երբ նորություն է լինում, ամբողջ հասարակությունն անմիջապես իմանում է դրա մասին։ Այստեղ նորություն միակը կարող է լինել՝ նոր խմբի ազատ արձակումը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքաց…

    «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 10-12-ը Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնից, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունն ու ուղիղ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով՝ անցնելով պաշտոնապես սահմանազատված և սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայ…

    Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից, մանրամասնելով, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություններ կատարելու համար մեղադրվող Գ.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:
  • Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Լիբանանի տ…

    Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 303-ի, իսկ վիրավորներինը՝ 1150-ի։
  • Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետ…

    Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Զ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:
  • Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները մեկնարկել են Խոր…

    Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները մեկնարկել են Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում:
    Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության նժույգ-թափերի վարժության եզրափակիչ են դուրս եկել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել Արթուր Ավետիսյանը:
    Ապրիլի 10-ին հենացատկի վարժությունում հանդես կգա Արթուր Դավթյանը:
  • Փաստաբան Նադին Կալամյանի պարագայում անունն արդեն ինքնին շատ բան է ասում։ Այն իր …

    Փաստաբան Նադին Կալամյանի պարագայում անունն արդեն ինքնին շատ բան է ասում։ Այն իր մեջ կրում է պատմություն, հիշողություն, պատկանելություն։ Կալամյան ազգանունը գալիս է արաբերեն «կալամ» բառից՝ խոսք, բառ, գիր, ասես, նախնիներից մեկը գրող է եղել և իր հետքն է թողել անգամ ազգանվան մեջ։ Սակայն այս բացատրությունից անդին, այդ անունը նախ և առաջ մարմնավորում է խորապես արմատավորված ինքնություն։ Ինչպես բազմաթիվ հայկական ազգանուններ, որոնք ավարտվում են «յան»-ով, այն մարդուն անմիջապես կապում է իր ծագման, տոհմի և արմատների հետ, և այդ արմատները նա հստակորեն ու հպարտությամբ կրում է իր մեջ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝…

    ❗️🔴 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
    «TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
    ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է՝ նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը և Նախիջևանը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, ինչպես նաև ապահովելով Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։
    «TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
    Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։
    ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ` TRIPP նախաձեռնության իրականացման ուղղությամբ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպի բացառիկ մեկնաբանությունը «Արմենպրես»-ին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP)…