Category: Armen Press

  • Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական …

    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ Ընկերակցային խմբի տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Անորոշության փոխակերպումը երկարաժամկետ հնարավորության» խորագրի ներքո։
    Հանդիպման նպատակն էր քննարկել համաշխարհային տնտեսությունում պահպանվող բարձր անորոշության, աշխարհաքաղաքական զարգացումների և շարունակվող կառուցվածքային վերափոխումների պայմաններում տնտեսական կայունության և երկարաժամկետ աճի ապահովմանն առնչվող հարցերը։
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական…

    Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։
    ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ աշխատանքներին ներգրավված են Փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր։
    Օգտագործվում են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։
  • Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ …

    Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

    «Նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն իրենից կախվածության մեջ գտնվող՝ փաստացի իր խնամքին հանձնված 1 տարեկան Ա․Մ․-ին մեղադրելով իր և Մ․Ռ․-ի ընտանիքում անհաշտ և անախորժ իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու մեջ, պարբերաբար՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ տարբեր օրերի, ինչպես նաև նույն թվականի մարտի 10-ին, ուղղակի դիտավորությամբ, ֆիզիկական ներգործություն է գործադրել անկողնում պառկած երեխայի նկատմամբ, այն է՝ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ:

    Բացի այդ, Ռ․Ե․-ն 2026 թվականի մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

    Ռ.Ե.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի սպանությունը) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
    Խորթ մայրը կալանավորվել է:

  • Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշ…

    Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով։
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է.

    «Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է։
    Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է այն բանի, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը, որոնք են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։
    Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նաև հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում Ձեր փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ։
    Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»։

  • «Յակիշիմե. երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահան…

    «Յակիշիմե. երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ, ժամանակավոր ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայում ձևավորված յակիշիմե կերամիկայի ավանդույթի պատմությունը՝ դրա սկզբնավորումից մինչև մեր օրերը ստեղծված աշխատանքների միջոցով։
  • Հայաստանի Ներքին գործերի նախարարության  Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայու…

    Հայաստանի Ներքին գործերի նախարարության  Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի
    Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։
    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
    Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում և Մեծ Մասրիկ, Գեղամասար, Նորակերտ, Սոթք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
  • Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվ…

    Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
  • Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակու…

    Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, թե ինքը խնդրել է լուսանկարվել նրա հետ։
    Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

    «Ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում»,- ասել է Մելոնին X-ում հրապարակված տեսանյութում։

    Իտալիայի վարչապետը նշել է, որ «զարմացած է» Թրամփի «լիովին հորինված» պնդումներից։

    «Ես չգիտեմ, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահն այսպես վարվում իր դաշնակիցների հետ. սա առաջին անգամ չէ։ Կարող եմ միայն ասել, որ հիասթափեցնող է, որ նա նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի և Միացյալ Նահանգների թշնամիների նկատմամբ, որոնց առաջնորդների հետ նա, ընդհակառակը, շատ ավելի ներողամիտ է վարվում», — հավելել է նա։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի հետ զրույցում նշել էր, որ վարչապետ Ջորջա Մելոնին «աղաչել է» իրեն լուսանկարվել Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։

    «Նա աղաչեց ինձ լուսանկարվել իր հետ։ Նա այնքան էր ցանկանում լուսանկարվել ինձ հետ։ Ես չէի լուսանկարվի, բայց խղճացի նրան», — ասել է Թրամփը։

    Ի պատասխան դրա՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է իր ծրագրված այցը Միացյալ Նահանգներ։

    «Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիային։ Այդ պատճառով ես որոշել եմ չեղարկել հունիսի 21-22-ը նախատեսված իմ այցը Միացյալ Նահանգներ», — նշել է նա X-ում գրառման մեջ։

  • Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ու…

    Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։
    Լսումներին կարող են դիմել ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։
    Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել նախընտրած երկու երգի քավր (cover) տարբերակ՝ կենդանի կատարմամբ։
    Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական և միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։
    Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am։
    «Մանկական Եվրատեսիլ»-ը ոչ միայն մրցույթ է, այլև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող և տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու միջազգային բեմ։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վե…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։
    Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։
    Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շինարարական աշխատանքների համար կառավարությունը հատկացրել է ավելի քան 2 մլրդ դրամ։
    Կրթահամալիրը հագեցվել է նաև ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներով, համակարգչային տեխնիկայով և սարքավորումներով։
    Մասնագիտական դպրոցում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաստատությունը կահավորվել է անհրաժեշտ գույքով՝ ներառյալ արվեստանոցների համար նախատեսված մոլբերտներ, կերպարվեստի դարակաշարեր, նատյուրմորտի սեղաններ և լուսամփոփեր, քանդակի հաստոցներ, դիզայնի սեղաններ և այլն։
    Ժամանակակից կրթության բոլոր պահանջներին համապատասխանող դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար։
    Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դպրոցի նորամուտի առիթով և հիշեցրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում առկա է հանրապետությունում արվեստի և սպորտի 100 դպրոցների կառուցման նախագիծը։
    Վարչապետը հանդես է եկել ելույթով Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացմանը https://youtu.be/XwOzzID8Y_Q?si=kK-52cCTrY7PXGt1