Category: Armen Press

  • Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հա…

    Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Նա նշել է.
    «Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։
    Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
    Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։
  • Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստա…

    Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, մասնավորապես, նշելով՝
    «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
    Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ, և ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը»։
  • Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանու…

    Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

    «Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»,- նշել է Կանադայի վարչապետը:

  • Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդել է Եվրոպա…

    Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
    Այս մասին հաղորդել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
    Կենտրոնի տվյալներով՝ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 112 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախն ընկած է եղել է 10 կիլոմետր խորության վրա:
    Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:
  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գ…

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
    «Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին՝ խաղաղության հաստատման ջանքերում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրագործումը։ Մենք ակնկալում ենք համատեղ աշխատել՝ Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուբիոն։
  • Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը բացառիկության սկզբուն…

    ⚡️⚡️⚡️ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը բացառիկության սկզբունքով «Արմենպրես»-ին տրամադրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձը՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առնչությամբ։ 
    «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, 
    Ցանկանում եմ հղել Ձեզ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետութան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձերդ Գերազանցության գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
    Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարությանը վերահաստատված վստահությունը վկայում է ժողովրդի կամքի և ցանկության մասին՝ շարունակելու Կովկասում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական ուղղությունը: 
    Վստահ եմ, որ Ձեր կառավարման նոր շրջանում երկու երկրների միջև առավել ծավալուն և առավել կառուցողական համագործակցության շնորհիվ ավելի կուժեղանա և կամրապնդվի վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը. ընթացք, որ կնպաստի երկու երկրների շահերի ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման ամրապնդմանը։
    Ձերդ գերազանցությանը, Հայաստանի բարեկամ և հարևան պետության կառավարությանն ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, երջանկություն, փառք ու պանծանք»,- ասված է ուղերձում։
  • Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհավորել է Նիկոլ Փաշին…

    Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

    «Հունաստանը հույս ունի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները Եվրոպական Միության հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է  նա։

  • Եվրոպական խորհրդարանի նախագահության անդամ Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշ…

    Եվրոպական խորհրդարանի նախագահության անդամ Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ։
    «Այս արդյունքները դիտարկվում են որպես Հայաստանի  եվրոպական ուղու աջակցության արտահայտություն։ Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և հարևանների հետ հարաբերությունների բարելավումը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է  նա։
  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի…

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին Տաշիր համայնքի թիվ 25/28 ընտրատեղամասի դիմաց ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող Ա.Ս.-ն կատարել է խուլիգանություն և միջամտել պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։
    Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ մի խումբ անձինք միջամտել են՝ աջակցելով Ա.Ս.-ին, ինչի հետևանքով նա դիմել է փախուստի:
    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը):
    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել է:
  • Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հա…

    Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան
    Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կատարած իր ուղերձում։

    «Սիրելի՛ հայրենակիցներ,
    Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան։ Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման, հանրային պատասխանատվության և պետական ինստիտուտների կայացվածության համար։
    Քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ ձևավորված արդյունքներն այն իրավական ու բարոյական հիմքն են, որի վրա հենվում է պետական իշխանության լեգիտիմությունը։
    Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց մասնակցությամբ վերահաստատեցին, որ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է։
    Շնորհակալություն եմ հայտնում ընտրական գործընթացի կազմակերպման, օրինականության և թափանցիկության ապահովման գործում ներգրավված բոլոր անձանց և մարմիններին, տեղական և միջազգային դիտորդական առաքելություններին ու զանգվածային լրատվամիջոցներին։
    Ժողովրդավարական համակարգում ընտրությունները քաղաքական գործընթացի ավարտ չեն, այլ նոր և առավել մեծ պատասխանատվության սկիզբ։
    Գաղափարական ու ծրագրային մրցակցությունը ժողովրդավարության կենսատու ուժն է և ընտրություններից հետո բոլորիս գործունեության ուղեցույցը պետք է լինի մեկ գերակա նպատակ՝ Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը։
    Շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քաղաքացիների վստահությունն ու խորհրդարանական մեծամասնություն ստանալու կապակցությամբ։ Ընտրությունների արդյունքները նախորդ ժամանակահատվածում իրականացված գործունեության հանրային գնահատականն են, ինչպես նաև երկրի հետագա զարգացման, ներկայացված ծրագրերը կյանքի կոչելու համար տրված քաղաքական լիազորություն։
    Շնորհավորում եմ Ազգային ժողովում ներկայացված լինելու իրավունք ստացած քաղաքական ուժերին, որոնց ստացած մանդատը երկրի կառավարման պատասխանատվությանը մասնակից լինելու պատվիրակում է։
    Ազգային ժողովը պետական մտածողության, արգասաբեր երկխոսության և քաղաքական բարձր մշակույթի հարթակ է։ Մեր պետության առջև ծառացած արդի մարտահրավերները պահանջում են ռազմավարական հեռատեսություն և միասնականություն։ Մաղթում եմ անդուլ ու արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր ժողովրդի բարօրության»,– ասված է ՀՀ նախագահի ուղերձում։