Category: Armen Press

  • Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամակա…

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:
    Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացումը՝ տնտեսական և հատկապես ենթակառուցվածքների ոլորտում առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։
    Նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ։
    Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար՝ նշելով հանդիպման նշանակությունը երկկողմ հարգանքի և համագործակցության տեսանկյունից։
    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։
  • Ռուսաստանի դեսպանությանն առընթեր պաշտպանության հարցերով կցորդի ապարատի աշխատակից…

    Ռուսաստանի դեսպանությանն առընթեր պաշտպանության հարցերով կցորդի ապարատի աշխատակիցները շնորհավորել են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Տիգրանի Ավետիսյանին՝ նրա 104-րդ տարեդարձի կապակցությամբ և փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխան գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը, ՌԴ դեսպանատան աշխատակիցներն անձամբ են այցելել Մեխակ Ավետիսյանին, զրուցել նրա հետ, կիսվել տպավորություններով, իսկ Մեխակ Ավետիսյանն էլ իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահին ու դեսպանատան աշխատակիցներին՝ իր հանդեպ ցուցաբերած հարգանքի ու գնահատանքի համար։
    Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մեխակ Ավետիսյանը պաշտպանել է Պսկովը, 242-րդ առանձին զենիթահրետանային դիվիզիոնի կազմում կռվել է Ստարայա Ռուսայի մոտ՝ հյուսիս-արևմտյան ճակատում։ Հետագայում 2-րդ Բալթյան ճակատի կազմում մասնակցել է Լատվիայի ազատագրմանը, որտեղ էլ դիմավորել է ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակը։ 1945 թվականի օգոստոս–սեպտեմբեր ամիսներին մասնակցել է հյուսիս-արևելյան Չինաստանի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանով, «Կարմիր Աստղի» շքանշանով, «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով և բազմաթիվ մեդալներով։ Զորացրվել է 1945 թվականի դեկտեմբերին, իսկ 1946 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի: Մեկ տարի դասավանդել է Գեղարքունիքի դպրոցում, իսկ հաջորդ տարվանից մինչեւ 2005 թվականը՝ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
    1975-1987 թվականներին աշխատել է նույն դպրոցի տնօրենի պաշտոնում: Թոշակի անցնելուց հետո նա գրել և հրատարակել է հայրենի եզերքին նվիրված գրքեր: Ունեցել է երեք զավակ, 27 թոռ և ծոռ:

    «Նա մոտ 100 տարեկանում հեղինակեց «Սարուխանի հերոս զավակը» գիրքը, որը պատմում է իր ծոռ, ղարաբաղյան վերջին պատերազմում հերոսի մահով ընկած Հակոբ Արայիկի Հարությունյանի կարճատև, բայց անմահացած կյանքի մասին: Մեխակ Ավետիսյանի կյանքը, իրոք, նման է լեգենդի։ Այս տարիքում էլ նա շարունակում է ապրել իր հայրենիքի, շրջապատի հոգսերով, մարդկանց լավատեսություն ներշնչելով։ Վերջերս էլ մեր դպրոցի մանկավարժական կոլեկտիվը սիրով ընդունեց Մեխակ Ավետիսյանին, ու այդ հանդիպումը վերածվեց շատ սպասված ու շքեղ միջոցառման, երախտագիտության անմոռաց դասի»,-ներկայացրեց Հայկ Մուդոյանը։

  • Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյան…

    Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «ԵՄ-ի մոտեցումն արհեստական բանականությանը» թեմայով աշխատաժողովի բացման արարողությունը։ Վերջինս կազմակերպվել է Եվրոպական Միության «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում։
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղա…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ:
    ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

    «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։
    Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:
    Համոզված եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը:
    Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների:
    Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։
    Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
    «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով:
    Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա:
    Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը:
    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

  • «Turkish Airlines» ավիաընկերությունը մարտի 11-ից կգործարկի չվերթներ դեպի Ստամբու…

    «Turkish Airlines» ավիաընկերությունը մարտի 11-ից կգործարկի չվերթներ դեպի Ստամբուլ, Թուրքիա:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնում են, որ Ստամբուլ — Երևան — Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթների հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:
  • Միջազգային լրատվամիջոցներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ …

    Միջազգային լրատվամիջոցներում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցից հետո կատարված առաջին գրառման հեռացումը X սոցիալական հարթակում նրա էջից
    Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը, փետրվարի 10-ին այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ էին դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, որից հետև X-ում Վենսի էջում հրապարակված գրառման մեջ նշվել էր, որ փոխնախագահը և ԱՄՆ Երկրորդ տիկինը ծաղկեպսակ են դրել

    «Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերին»։

    ԱՄՆ փոխնախագահն իր էջում այնուհետև կիսվել է իր խոսնակի կատարած հետևյալ գրառմամբ.

    «Փոխնախագահը և Երկրորդ տիկինը ծաղիկներ են դրել անմար կրակին և գրառում արել հուշամատյանում Հայաստան այցի վերջին օրը»։

    Գրառմանը կցվել են նաև լուսանկարներ և հուշամատյանում Վենսի գրառումը։
    CNN-ը գրում է, որ այս մասին հարց են ուղղել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին, որը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել։

    «Ինչ վերաբերում է ձեր նշած հայաստանյան թվիթին, կարող եք հղում կատարել Սպիտակ տան կողմից Հայերի հիշատակի օրը հրապարակված ուղերձին, և այս պահին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել», — ասել է Լևիթը փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

    Իր հերթին, Reuters-ը հաղորդում է, որ Վենսի օգնականը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ առաջին գրառումը հրապարակվել է սխալմամբ, անձնակազմի անդամներից մեկի կողմից, որն ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության մաս չէր կազմում Հայաստան այցի ընթացքում։

    «Սա օգտահաշիվ է, որը կառավարվում է անձնակազմի կողմից և հիմնականում փոխնախագահի գործունեությանն առնչվող լուսանկարներով և տեսանյութերով կիսվելու համար է», — ասել է Վենսի խոսնակը՝ հավելելով, որ նրա տեսակետները լավագույնս ներկայացվում են լրագրողներին հենց նրա կողմից տրված մեկնաբանություններում։

    Հայաստանից մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր այս հարցին ևս՝ նշելով, որ Ծիծեռնակաբերդ է այցելել հայկական կողմի առաջարկով։

    «Նրանք ասացին՝ «սա մեզ համար շատ կարևոր վայր է», և ակնհայտ է, որ ես առաջին (ԱՄՆ) փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայր։ Բնականաբար, շատ սարսափելի բան է տեղի ունեցել հարյուր տարուց մի փոքր ավելի առաջ, և դա շատ, շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով», — մեջբերում է Վենսի խոսքերը The Associated Press գործակալությունը, որը նույնպես հոդված է հրապարակել փոխնախագահի էջում գրառման հեռացման թեմայով։

    Բացի, CNN-ից, Reuters-ից, The Associated Press-ից, թեմային անդրադարձել են նաև The Wall Street Journal-ը, The New York Times-ը, Bloomberg-ը, The Washington Times-ը, բրիտանական The Independent-ը, իսրայելական The Times of Israel-ը, ռուսական ՌԲԿ, Լենտա պարբերականները և այլ լրատվամիջոցներ։

  • Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մ…

    Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը
    https://youtu.be/KSzK7yK7CO4

    Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանի, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանի ասուլիսը
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress…

  • Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներ…

    Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Զինված ուժերի պաշտպանական կառույցները
    Երկրորդ տեսանյութով պաշտպանության նախարարը ներկայացրել է ամրացված շրջանում զինվորների ննջասենյակը, զինանոցը, խոհանոցն ու ճաշարանը, կրակակետերը, տեսադիտարկման համակարգերով հագեցած սենյակը, որը միացված է ՀՀ պետական սահմանի պահպանություն իրականացնող բոլոր հենակետերին։

    «Տեսադիտարկման սենյակում զինծառայողները ամբողջ ամրացված շրջանը դիտարկելու հնարավորություն ունեն։ Նրանք հնարավորություն ունեն նաև տվյալ պահպանության շրջանի բոլոր հենակետերի հետ կապ ունենալ և հետևել դրանց տեսադիտարկման համակարգերի միջոցով»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանության նախարարը։

    Նախարարը նաև շեշտել է, որ ամրացված շրջանն ամբողջությամբ հագեցված է և պատրաստ է ցանկացած տեսակի զինատեսակից երկրի սահմանները պաշտպանելուն։

  • Երևանում Կատարի Պետության դեսպանությունը, համագործակցելով «Այբ» դպրոցի հետ, կազմ…

    Երևանում Կատարի Պետության դեսպանությունը, համագործակցելով «Այբ» դպրոցի հետ, կազմակերպել է սպորտային ծրագիր՝ նվիրված Կատարի Պետության Սպորտի օրվան, որի շրջանակներում անցկացվել է բասկետբոլային հանդիպում ավագ դասարանների աշակերտների միջև։ Միջոցառման ավարտին թիմերին հանձնվել են մեդալներ, իսկ հաղթող թիմին՝ հուշանվեր։
    Կատարը համարվում է աշխարհի այն առաջին երկրներից մեկը, որը պետական մակարդակով նշում է Սպորտի օրը՝ նպատակ ունենալով ամրապնդել սպորտային մշակույթը և խրախուսել բոլորին մասնակցելու սպորտային միջոցառումներին։
    Կատարի Պետության Սպորտի օրը նշվում է ամեն տարի փետրվար ամսի երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրը։
  • ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂhttps://yout…

    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
    https://youtu.be/mNfhcgOS_RY

    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ

    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
    #armenia #news #government
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/