Category: Armen Press

  • Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների թեմայի…

    Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների թեմայից
    Մայիսի 22-ի ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման և անկլավների թեմային՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

    «Իրավական պարտադիր ուժ ունեցող թուղթ կա, որ Ալմաթիի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման բազային հիմքն է»,- ասել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ անկախ Հայաստանը նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին։
    Փաշինյանը նշել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավների հարցից, քանի որ այդ դեպքում հրաժարում կլինի նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից։

    «Այսօր կան հարցեր, և անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել մեկ պարզ պատճառով, որովհետև մենք ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը։ Եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է։ Ոչ մեկ չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- ասել է նա։

    Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ այս պահին անկլավների հարցի լուծման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն կամ ռազմավարություն չկա։

    «Որևէ պայմանավորվածություն, որևէ հայեցակարգ, ռազմավարություն այդ հարցի լուծման հետ կապված չկա, բայց կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ հնարավոր է նաև նայվի, թե մենք այդ հարցին ոնց ենք մոտենում»,- նշել է Փաշինյանը։

    Վարչապետի խոսքով՝ սահմանազատման գործընթացում քննարկվելու են նաև ճանապարհների, ենթակառուցվածքների և հաղորդակցությունների հետ կապված հարցերը, իսկ հնարավոր որոշումները լինելու են բաց և հրապարակային։

    «Եթե սահմանազատման ընթացքում որոշ օպտիմալացումներ լինեն, դրանք կլինեն բաց, հրապարակային և թափանցիկ»,-ասել է նա։

    Փաշինյանը վերահաստատել է, որ սահմանազատման արդյունքներով Հայաստանի Հանրապետության տարածքը կլինի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր։

    «Սա երկաթյա տրամաբանություն է, ուրիշ տրամաբանություն չի կարող լինել»,- նշել է վարչապետը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակար…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը չի կարող թանկանալ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը դրա հետ կապված ունեն գործող պայմանագիր։
    Փաշինյանն այդ մասին ասել է մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի համար ռուսական գազի գնի հավանական թանկացման մասին հարցին։

    «Գազի գնի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է և փոխշահավետ է։ Այնտեղ պայմաններ կան, մենք իրականում գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել, և այդ պայմանավորվածությունները պետք է պահվեն»,- ասել է վարչապետը։

    Մամուլում մայիսի 21-ին տեղեկություններ էին շրջանառվում, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար կարող է թանկանալ, սակայն կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքել էր այդ լուրերը։

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ապրումներ  է ուն…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ապրումներ  է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից և Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, Փաշինյանն ասել է, որ իր գիտակցական կյանքում առաջին անգամը, երբ դադարել է ամեն օր աղոթել, եղել է 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո։

    «Դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, մեկ շաբաթ ո՛չ հաց եմ կերել, ո՛չ էլ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, դրանք են եղել իմ էմոցիաները։ Բայց հետո սկսել եմ մտածել՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ։ Եվ քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը ղարաբաղյան շարժմամբ դրվել է թակարդի մեջ, և այդ թակարդից պետք է դուրս գալ։ Ես ուրախ և հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։  Էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ այսօր որոշ մարդիկ, լրտեսական գործունեության տրամաբանության մեջ, Հայաստանն ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ»,- ասել է նա։

    Փաշինյանը հավելել է, որ ինքն էմոցիոնալ մարդ է, այդպիսին է եղել նաև լրագրող և ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ։
    «Այո, ես էմոցիոնալ մարդ եմ, նորությո՞ւն է ձեզ համար։ Ես ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ, լրագրող լինելու ժամանակ էմոցիոնալ չե՞մ եղել։ Ընդհանրապես մարդն էմոցիոնալ է, ես չեմ պատկերացնում մարդ՝ առանց էմոցիայի։ Առանց էմոցիայի մարդը կա՛մ տախտակ է, կա՛մ քյարփինջ է։ Ցավոք սրտի, մենք քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ, որոնք օգտագործվում են տարբեր ուժերի կողմից»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
    Նա նշել է, որ հետո վերականգնել է իր աղոթքները և նաև այդ առիթով է սկսել սաղմոսներ սովորել, որովհետև հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն է ունեցել։

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրա…

    Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային «KAN» հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր այլ երկրի՝ Ադրբեջանի դրոշը։ 
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, ի պատասխան՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։
    «Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»,- ասված է նամակում։
  • Պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ …

    Պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։
    Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
    ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի T…

    ‼️ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին
    Արձագանքելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյո՞ք Սյունիքում կամավորների տեղակայումը պայմանավորված է TRIPP նախագծի շրջանակում կատարվելիք աշխատանքներով՝ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

    «Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշեց ամերիկացի դիվանագետը։

    Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե կան արդյոք TRIPP նախագծին առնչվող նոր զարգացումներ, Ալենը նշեց, որ ամերիկյան կողմը և Հայաստանի կառավարությունը տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ բանակցություններ են ընթացել TRIPP-ին վերաբերող համաձայնագրերի շուրջ։

    «Այս պահին դեռևս նոր հայտարարություն չկա դրա վերաբերյալ անելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքները, առաջընթացը շարունակվում են»,- ասաց Ալենը։

  • ՀՀ ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվ…

    ՀՀ ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին ու առաջարկում որոշակի գործողություններ կատարել։
    Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հաղորդագրություններով, այդ թվում՝ առաջարկվում է վճարել իբր կատարված որոշակի խախտումների համար տուգանքներ։
    Գերատեսչությունը հորդորում է անտեսել այդ հաղորդագրությունները։
  • Գառնու տաճարում հայկական մշակութային շնչով մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր գի…

    Գառնու տաճարում հայկական մշակութային շնչով մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles)՝ Հայաստանում համախմբելով 65 երկրից շուրջ 400 միջազգային գինու փորձագետների, լրագրողների, սոմելիեների, ներմուծողների, գնորդների և ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչների։
    https://youtu.be/cWcGBa_ppfg?si=J-rlWpDiPidBXfHg

    Հայաստանը գինու համաշխարհային քարտեզի կենտրոնում. մեկնարկել է միջազգային համտես-մրցույթը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/