Category: Armen Press

  • Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրա…

    Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային «KAN» հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր այլ երկրի՝ Ադրբեջանի դրոշը։ 
    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, ի պատասխան՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։
    «Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»,- ասված է նամակում։
  • Պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ …

    Պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։
    Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
    ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի T…

    ‼️ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին
    Արձագանքելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյո՞ք Սյունիքում կամավորների տեղակայումը պայմանավորված է TRIPP նախագծի շրջանակում կատարվելիք աշխատանքներով՝ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

    «Կամավորների տեղակայումը, թերևս, ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն նախորդ տարվա օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից և շրջանակային համաձայնագրի ձևավորումից հետո նպաստավոր պայմաններ եղան, որպեսզի մենք վստահաբար կարողանանք Սյունիքի մարզում տեղակայել մեր կամավորներին»,- նշեց ամերիկացի դիվանագետը։

    Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե կան արդյոք TRIPP նախագծին առնչվող նոր զարգացումներ, Ալենը նշեց, որ ամերիկյան կողմը և Հայաստանի կառավարությունը տեղեկացրել են, որ նախորդ շաբաթ բանակցություններ են ընթացել TRIPP-ին վերաբերող համաձայնագրերի շուրջ։

    «Այս պահին դեռևս նոր հայտարարություն չկա դրա վերաբերյալ անելու, բայց այդ ուղղությամբ աշխատանքները, առաջընթացը շարունակվում են»,- ասաց Ալենը։

  • ՀՀ ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվ…

    ՀՀ ներքին գործերի նախարարության և պետական այլ գերատեսչությունների անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին ու առաջարկում որոշակի գործողություններ կատարել։
    Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հաղորդագրություններով, այդ թվում՝ առաջարկվում է վճարել իբր կատարված որոշակի խախտումների համար տուգանքներ։
    Գերատեսչությունը հորդորում է անտեսել այդ հաղորդագրությունները։
  • Գառնու տաճարում հայկական մշակութային շնչով մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր գի…

    Գառնու տաճարում հայկական մշակութային շնչով մեկնարկեց աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles)՝ Հայաստանում համախմբելով 65 երկրից շուրջ 400 միջազգային գինու փորձագետների, լրագրողների, սոմելիեների, ներմուծողների, գնորդների և ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչների։
    https://youtu.be/cWcGBa_ppfg?si=J-rlWpDiPidBXfHg

    Հայաստանը գինու համաշխարհային քարտեզի կենտրոնում. մեկնարկել է միջազգային համտես-մրցույթը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախար…

    Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Համիդ Ղամբարիի հետ:

    «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին և ընդգծել դրանց արդյունավետ ու ժամանակին իրականացման կարևորությունը»,– նշված է Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային, էներգետիկ և սահմանային անցակետերի արդիականացման ոլորտներում իրականացվող նախագծերի շուրջ։
    Գրիգոր Հակոբյանը ողջունել է իրանական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ հաղորդակցային ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով ծրագիրը սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը։
    Համիդ Ղամբարին վերահաստատել է ԻԻՀ պատրաստակամությունը՝ խորացնելու Հայաստան-Իրան առևտրատնտեսական համագործակցությունը և ակտիվացնելու տարբեր ոլորտներում ձևավորված համատեղ աշխատանքային խմբերի գործունեությունը։

  • Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը: Այս մասին մայիսի 21-ին հա…

    Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը:
    Այս մասին մայիսի 21-ին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

    «Լատվիայի զինված ուժերը հաստատում են, որ առնվազն մեկ անօդաչու թռչող սարք գտնվում է երկրի օդային տարածքում», — ասվում է հաղորդագրության մեջ։

  • Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում մեկնարկ…

    ❗️Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում մեկնարկել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության համատեղ աշխատանքները՝ բուսական և կենդանական ծագման արտադրանք թողարկող հայկական մի շարք ձեռնարկություններում վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի շրջանակում առաջիկա օրերին կիրականացվեն ստուգումներ արտադրական օբյեկտներում գնահատելու արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության սահմանած սանիտարական և բուսասանիտարական պահանջներին։ 
    «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր կայացել է աշխատանքային քննարկում «Ռոսսելխոզնադզոր» պատվիրակության ներկայացուցիչների հետ։
    Քննարկման ընթացքում կողմերը համաձայնեցրել են առաջիկա ստուգումների օրակարգը, վերահսկողական գործողությունների ձևաչափը և համագործակցության հիմնական ուղղությունները։
    Նախատեսվում է, որ առաջիկա 7 օրերի ընթացքում ստուգումներ կիրականացվեն բուսաբուծական ութ արտադրավայրերում  և ձկնաբուծական չորս ձեռնարկություններում։ Վերահսկողության ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու բուսասանիտարական ռիսկերը:
    Կողմերի գնահատմամբ՝ գործընթացը նպատակ ունի ապահովելու Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսական, կենդանական և ձկնաբուծական արտադրանքի անվտանգությունը և համապատասխանությունը գործող  ԵԱՏՄ պահանջներին և նորմերին։
    Նշվում է, որ նախկինում ևս իրականացվել են համատեղ ստուգումներ և առցանց վերահսկողության ձևաչափեր, որոնք նպաստել են արտահանման գործընթացների կարգավորմանն ու համագործակցության խորացմանը։
    Վերահսկողական աշխատանքները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց, որը միտված է շուկաների կայունության և սննդամթերքի անվտանգության բարձրացմանը։
  • Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած մ…

    Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։

    «Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել»,– նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

    https://cdn4.telesco.pe/file/a08a74fdaf.mp4?token=CFA8kdAnGBHjLC5vGUGUiFots2Mudn6dS6IkLY7iHwz94z6VVhMjrHUC-rfFI_uR23s7QhGB65ID7ALGfkWbImRvzDrgRhVjaBpGyHoFRTc5c20aaWbGz2nPWDKPYVDksRcEq7WDmULIQ27bWpjV6A5oMK715o5g5zGgY0U33TPnq3OEKdnp7FCHLJPw9Zzg4_uqs60JBYwnqedXiLpmnzL73al3XzVQwqqRPmjjT9f44_o11FWL5k-dAv-XpuH21ikVL82vqDXqbYRIreBnnNNT-6pOBu1_2VfwuxW7bcRo3-cSXUv2G_Jyci7kTl5pHFycMWkDfiptVOIKCUOMsQ

  • Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապար…

    Հունաստանի դատարանը լրտեսության մեղադրանքով Ադրբեջանի 27-ամյա քաղաքացուն դատապարտել է ազատազրկման յոթ տարի և մեկ ամիս ժամկետով
    Այս մասին հայտնում է Reuters-ը։
    Ադրբեջանցին ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսին Հունաստանի ոստիկանության և հետախուզական ծառայության կողմից իրականացված գործողության արդյունքում։
    Այդ ժամանակ կար կասկած, որ նա մոնիթորինգի է ենթարկում Հունաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ համարվող Սուդայի ռազմածովային բազան։
    Հետաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից ի վեր մնացել է հյուրանոցի համարում, որտեղից տեսարան էր բացվում դեպի արևմտյան Կրետեի Խանիա շրջանում գտնվող ռազմածովային և ռազմաօդային բազան։
    Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ նա մեղադրվում է պետական ​​գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն հավաքելու և օտարերկրյա տերություններին փոխանցելու մեջ, այդ թվում՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր։
    Դատապարտյալի փաստաբանի խոսքով՝ նա լրտեսելու մտադրություն չի ունեցել, լուսանկարել է մի տեսարան, որտեղ բոլորը մուտք ունեն։
    Նրա սենյակից առգրավված իրերի թվում են եղել բարձր որակի նկարահանում անող տեսախցիկ, USB, ինչպես նաև տվյալների պահպանման կրիչներ:
    Աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը նրա համակարգչում նաև հայտնաբերել է կոդավորման ծրագիր։