Category: Armen Press

  • Ամերիկյան Anthropic ընկերությունը ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է 65 մի…

    Ամերիկյան Anthropic ընկերությունը ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ իր արժեքը հասցնելով 965 միլիարդ դոլարի։
  • 16 միլիոն դրամ՝ սեփական տան համարՀՀ Կառավարությունը հնարավորություն է տալիս սահմ…

    16 միլիոն դրամ՝ սեփական տան համար
    ՀՀ Կառավարությունը հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։
    Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում`մինչև 2027 թվականի ավարտը 3,736 ընտանիք կունենա սեփական տուն։
    https://youtu.be/HVEUGfYhTgY?si=knvtHO3sl3Ykz6IZ

    3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի արդյունքները

    16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը կրկին հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։
    #news #armenia #armenpress…

  • Երևանում հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից …

    Երևանում հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 31-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունիսի 1 ժամը 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում: 
    «Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ սահմանափակվելու է երթևեկությունը Չավուշի հրապարակում, մասնավորապես, Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցներում:
  • Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցություն…

    Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար։
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության կայքը, ռուսական կողմի հայտարարության համաձայն՝ որոշումը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ քայլերով, որոնք, ըստ Մոսկվայի, վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը։
  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ…

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու կամ այլ ուղղությամբ շարժվելու որոշումը պետք է կայացվի՝ ելնելով հայ ժողովրդի շահերից, և այդ որոշումը չի կարող փչացնել հայ-ռուսական հարաբերությունները։
  • ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ապագայում չի…

    ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ապագայում չի անդամակցի Եվրամիությանը և կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ։
    «Եվրամիություն նրանք չեն գնա, դա մոտ ապագայում չի լինելու։ Ոչ, չեն գնա»,- Life-ի հետ զրույցում ասել է Լեբեդևը։
    Նա նաև դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ։
    «Եվ ԱՊՀ-ում կմնա։ Դա հաստատ է»,- ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
  • Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարությու…

    Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որով անհրաժեշտ են համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։
    Համատեղ հայտարարությունը հրապարակել է Կրեմլի պաշտոնական կայքէջը։
    Աստանայում մայիսի 29-ին ընդունված հայտարարությունում նշվում է, որ այդ դիրքորոշումը ձևավորվել է՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլերը, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և Հանրապետության նախագահի կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 5-ին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ԵՄ-ի կողմից Հայաստանի եվրոպական ձգտումների վերահաստատումը։
    «Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով»,- ասված է հայտարարության մեջ։
    Փաստաթղթում նաև նշվում է, որ «ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման գործընթացի հետ կապված տնտեսական անվտանգության էական ռիսկեր են տեսնում Միության անդամ պետությունների համար»։
    Այդ կապակցությամբ որոշվել է, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
  • Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մ…

    Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանի քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

    «Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:
    Նախաքննության ընթացքում Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը):
    Ներկայացված մեղադրանքում Ա.Խ․-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար` պատճառաբանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես՝ 2026 թվականի մայիսի 20-ին կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը: 
    Ա․Խ․–ն նշել է նաև, որ ավելի վաղ՝ 2026 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 8-ը, որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկի զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում»,– նշված է հաղորդագրության մեջ։

    Նախաքննությունը շարունակվում է:

  • Իսրայելի և Լիբանանի ռազմական պաշտոնյաները Պենտագոնում մայիսի 29-ին անվտանգության…

    Իսրայելի և Լիբանանի ռազմական պաշտոնյաները Պենտագոնում մայիսի 29-ին անվտանգության վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն՝ սահմանային իրավիճակի սրման և Լիբանանում Իսրայելի կողմից իրականացվող հարվածների սաստկացման ֆոնին։
    Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
    Միացյալ Նահանգների միջնորդությամբ անվտանգության վերաբերյալ կայանալիք բանակցությունները կլինեն երկու կողմերի միջև առաջին ուղղակի քննարկումներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության վերջին բռնկումից ի վեր։
    ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող ավելի լայն բանակցությունների չորրորդ փուլը սպասվում է հաջորդ շաբաթվա սկզբին։ Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով բանակցությունների երրորդ փուլը տեղի էր ունեցել Վաշինգտոնում մայիսի 14-ին։
  • Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միությա…

    Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա։
    Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    Ելույթի ընթացքում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հյուրընկալության և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման համար։
    «Կցանկանայի բոլոր ներկաներին մաղթել հաջողություններ, արդյունավետ և կառուցողական համատեղ աշխատանք, ինչպես նաև վստահություն հայտնել մեր պետությունների և քաղաքացիների շահերից բխող եվրասիական ինտեգրման հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը։
    Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ անդամ երկրների տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։
    «Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա»,- նշել է նա։
    Գրիգորյանը հատուկ կարևորել է նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին զուգահեռ ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի օրակարգում ընդգրկված արհեստական բանականության թեման՝ ընդգծելով, որ դրա զարգացումն ու ներդրումը դառնում են երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման կարևոր գործոններից։
    Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է՝ արհեստական բանականության ոլորտում անդամ պետությունների միջև համագործակցության համաձայնեցված մոտեցումների և արդյունավետ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։
    Փոխվարչապետը նշել է նաև, որ ծառայությունների և առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման խորացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։
    Միաժամանակ, նրա խոսքով, ազգային կարգավորումների որոշ ասպեկտներ դեռևս գործնական համաձայնեցման կարիք ունեն, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորման համար։
    Գրիգորյանն ընդգծել է նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման կարևորությունը։
    «Անհրաժեշտ է նշել գործող ազատ առևտրի համաձայնագրերի արդյունավետ և լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների առաջմղման առանձնահատուկ նշանակությունը»,- ասել է նա։
    Փոխվարչապետի խոսքով՝ այդ ուղղությամբ զարգացման կարևոր գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, որը զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։
    Գրիգորյանը կարևորել է նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացումը և ողջունել է ագրոարդյունաբերական ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների ընդլայնման վերաբերյալ արձանագրության ստորագրումը։
    Նրա համոզմամբ՝ այդ քայլը կնպաստի համագործակցության ընդլայնմանը և Միության շրջանակում պարենային անվտանգության ամրապնդմանը։

    ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԵԱՏՄ նիստին