Category: Armen Press

  • Շիրղոլամին հիշեցրեց, որ Իրանն ունի յոթհազարամյա պատմություն, և դարերի ընթացքում …

    Շիրղոլամին հիշեցրեց, որ Իրանն ունի յոթհազարամյա պատմություն, և դարերի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ հարձակումների, սակայն մշտապես ապացուցել է, որ նման դեպքերում պատրաստ է արյամբ պաշտպանել իր ինքնությունն ու ազատությունը։ Դեսպանը հավաստիացրեց, որ վերջին օրերին տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է։
    Վերջում Շիրղոլամին շնորհակալություն հայտնեց Հայաստանին և հայ ժողովրդին՝ սրտաբուխ ցավակցությունների համար։
  • Իրանում ոչ մի վակուում չի ձևավորվել, և պետության առաջնորդների խորհուրդը շարունակ…

    Իրանում ոչ մի վակուում չի ձևավորվել, և պետության առաջնորդների խորհուրդը շարունակում է կառավարել երկիրն այս ծանր անցումային շրջանում
    Մարտի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին։
    Իրանի դեսպանը, դիվանագիտական հաստատության աշխատակիցներն ու ասուլիսին ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և իրանցի մյուս նահատակների հիշատակը։
    Այնուհետև դեսպանն իր խոսքում նշեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, անտեսելով այն հանգամանքը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթանում էին բանակցություններ, փետրվարի 28-ի վաղ առավոտյան հարձակվեցին Իրանի Իսլամական Հանրապետության վրա։

    «Դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ իրանական կողմը բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմին ներկայացրել էր իրականանալու մեծ հնարավորություններ ունեցող առաջարկներ։ Դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Իրանը առավելագույն չափով դրսևորում էր բարի կամք, որպեսզի բանակցություններում գրանցվեր հաջողություն։ Մեզ համար շատ զարմանալի են այս աշխարհակարգում գոյություն ունեցող որոշ երևույթներ։ Այն կողմը, որը չի հետևում բանակցային գործընթացի տրամաբանությանը, ինչպե՞ս է առհասարակ մասնակցում այդ գործընթացին կամ ինչպե՞ս է որոշել մտնել բանակցությունների փուլ»,- ասաց Շիրղոլամին։

    Նա խորը ցավով հայտնեց, որ ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին, ով «իր ամբողջ կյանքն անցկացրել էր Իրանի ազատության ու անկախության համար մղվող պայքարի ճանապարհին»։

    «Նա շարունակում էր ծառայել հայրենիքին ու իր ժողովրդի ազնիվ ձգտումներին։ Նա Իրանի ժամանակակից պատմության մեջ իրապես բացառիկ կերպար էր և հարազատ երկրի պաշտպանության գործում նահատակվեց որպես քաջարի որդի։ Այաթոլա Ալի Խամենեին շատ դրական վերաբերմունք ուներ հայ ժողովրդի, Հայաստանի ու Իրանի հայկական համայնքի նկատմամբ։ Նրանից մնացել են աջակցության բազմաթիվ խոսքեր՝ ի պաշտպանություն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Կարելի է ասել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը վայելում էին Իրանի հոգևոր առաջնորդի աջակցությունը։ Նրա նահատակությունն իսկապես մեծ վիշտ է Իրանի պետականության ու ժողովրդի համար»,- նշեց դիվանագետը։

    Շիրղոլամիի խոսքով՝ Իրանի ժողովուրդն ունի ամուր կամք և պատրաստ է ավելի մեծ հաստատակամությամբ պաշտպանել իր երկրի անկախությունն ու ազատությունը, ավելի մեծ եռանդով հետամուտ լինել իր նվիրական ձգտումների իրականացմանը։ Ըստ դեսպանի՝ իրական գաղափարներն ի դերև չեն լինում մարդկանց մահվան արդյունքում, և նրա պնդմամբ՝ «այդ հանգամանքը չհասկացան ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Իսրայելում»։
    Նա հավելեց, որ Իրանի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվել են ոչ միայն հոգևոր առաջնորդն ու զինված ուժերի մի քանի հրամանատարներ, այլև բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ Մինաբի տարրական դպրոցի 153 աշակերտուհիները։

    «Այս ամենը ոչ մի արդարացում չունեցող հետք է թողնելու պատմության մեջ։ Հրեշտակների պես անմեղ երեխաներն արժանացան նման դաժան վերաբերմունքի։ Իրանի ողջ ժողովուրդը զգում է դառը իրականության և աննկարագրելի կորստի վիշտը»,- ասաց դեսպանը։

    Դիվանագետը հայտնեց, որ Իրանի դեմ իրականացված հարձակումից ի վեր՝ զոհերի թիվն այս պահին հասել է 565-ի։ Նա հավելեց, որ հարձակման նախանշաններն առկա էին ավելի վաղ, քանի որ տարածաշրջանում տեղի էին ունենում ամերիկյան զինված ուժերի ակտիվ տեղաշարժեր։

    «Նախապես հայտարարել էինք, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա ստանալու է համարժեք հակահարված։ Հայտարարել էինք նաև, որ ցանկացած երկրի տարածքում տեղակայված ռազմաբազա, որը կօգտագործվի հարձակման ժամանակ, մեզ համար կդառնա լեգիտիմ հակահարվածի թիրախ՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է գտնվում ամերիկյան ռազմաբազան։ Մենք արդեն ձեռնարկել ենք հակաքայլեր։ Իրանը գործողություններ չի իրականացնում հարևան երկրների դեմ, այլ պարզապես հակահարվածներ է հասցնում դրանցում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, որոնք տեխնիկապես աջակցել են Իրանի դեմ իրականացված հարձակմանը։ Մենք ունենք այդ ամենին հակադարձելու լեգիտիմ իրավունք, ինչն ամրագրված է ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներով»,- մանրամասնեց դիվանագետը։

  • Իրանում Հայաստանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է TRIPP նախագծի վերաբերյալ…

    Իրանում Հայաստանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, դեսպանն ընդգծել է՝ հայկական կողմի հետ քննարկումների ժամանակ իրենք միշտ ասել են, որ այդ ճանապարհը, որը, հնարավոր է, հաղորդակցային տեսանկյունից հնարավորություններ ստեղծի Հայաստանի համար, չպետք է որպես գործիք ծառայի օտարների կողմից Իրանի դեմ գործողությունների համար։

    «Նաև մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, եթե այն կարող է ապահովել Հայաստանի շահերը։ Հայաստանի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ ոչ մի դեպքում այս ճանապարհը ռազմական և անվտանգային իմաստ չի ստանա, և Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա կպահպանվի։ Մեր և Հայաստանի մեջ վստահություն գոյություն ունի»,- նշել է դեսպանը:

  • Իրանի նպատակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի…

    Իրանի նպատակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին։
    Երևանում մարտի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

    «Մեր ցանկությունն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հասնի սահմանված նպատակներին։ Եվ այնպես լինի, որ երկու կողմերի շահերն էլ այդ շրջանակներում հաստատվեն և պահպանվեն»,- ասել է դեսպանը։

    Անդրադառնալով հարցին, թե արդյոք այն պարագայում, երբ Իրանը պատերազմի մեջ է, շարունակո՞ւմ է պահպանվել երկրի այն կարմիր գիծը, որ Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունները, դեսպանն ընդգծեց. «Այն կարմիր գիծը, որ մեր կողմից հայտարարվել է, և դա տարածաշրջանում գեոպոլիտիկ փոփոխությունների բացառումն է, պահպանվում է, և դրանում որևէ փոփոխություն չի եղել։ Պատերազմի մեջ լինենք, թե չլինենք, այդ կարմիր գիծը իր տեղում է և պահպանվում է»։

  • Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջ…

    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև ցամաքային սահմանը բնականոն ռեժիմով աշխատում է, և Հայաստանի այն քաղաքացիները, որոնք գտնվում են Իրանում և ցանկանում են լքել երկիրը, կարող են դա անել ցամաքային սահմանով։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեսպանն ասել է Երևանում մարտի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

    «Հայաստանի քաղաքացիների պարագայում, որոնք գտնվում են Իրանում և ցանկանում են վերադառնալ Հայաստան, երկկողմ ցամաքային կապը բնականոն կերպով գործում է, և նրանք կարող են ցամաքային տեղաշարժման միջոցներով հատել սահմանը և հասնել Հայաստան»,- ասել է դեսպանը։

    Նա հավելել է, որ Իրանի ցամաքային բոլոր սահմանները համապատասխան տեխնիկական պատրաստվածության են բերվել, իսկ Իրանի օտարերկրյա բոլոր դեսպանատներին խնդրել են, որպեսզի վերջիններս Իրանում գտնվող իրենց քաղաքացիներին դուրս բերելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկեն։

  • Կատարի պետական նավթագազային QatarEnergy ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնո…

    Կատարի պետական նավթագազային QatarEnergy ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է հեղուկ բնական գազի արտադրությունը։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
    Ընկերությունը հայտարարել է, որ այս որոշման պատճառը Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն են։ QatarEnergy-ն չի նշել արտադրությունը վերականգնելու ժամկետները։
    Ըստ կատարական «Աշ-Շարկ» թերթի՝ ընկերությունը հայտնել է, որ գնահատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ իր հարաբերությունները և կշարունակի տրամադրել թարմացումներ, երբ դրանք հասանելի լինեն։
    Ավելի վաղ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանը երկու անօդաչու թռչող սարքով թիրախավորել է երկրի հարավում գտնվող Մեսայիդ քաղաքի էլեկտրակայանի ջրամբարը և Ռաս Լաֆֆան քաղաքում QatarEnergy-ի էներգետիկ օբյեկտը։
    Իր հերթին, ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Կատարում հեղուկ բնական գազի արտադրության դադարեցման ֆոնին Եվրոպական բորսայում գազի գինը գերազանցել է 500 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։
  • Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման հե…

    Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման հետախուզության շտաբի պետի ոչնչացումը։
    Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում:

    «ԻՊԲ-ն հիմա հաստատում է, որ գիշերը (կիրակի) Բեյրութում ճշգրիտ հարվածի հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչ Հուսեյն Մաքլեդը, որը զբաղեցնում էր «Հեզբոլլահ»-ի հետախուզության շտաբի պետի պաշտոնը», — ասվում է հաղորդագրության մեջ։

  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսի…

    Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասնակիցներին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա հայտարարությունը հրապարակվել է ԱԷՄԳ կայքում:

    «Դիվանագիտությունը բարդ է, բայց երբեք անհնար չէ։ Միջուկային դիվանագիտությունը շատ ավելի բարդ է, բայց երբեք անհնար չէ։ Հարցն այն չէ՝ արդյոք կհավաքվենք, այլ այն, թե երբ կհավաքվենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պարզապես պարտավոր ենք դա անել որքան հնարավոր է շուտ», — ասել է Գրոսին ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի հատուկ նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրադրությանը։

  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) քրդական խմբավորումներին նախա…

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) քրդական խմբավորումներին նախազգուշացրել է չմասնակցել տարածաշրջանում ընթացող հակամարտությանը:
    Այս մասին հաղորդել է Rudaw հեռուստաալիքը։
    Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ ԻՀՊԿ-ի «Համզա» հրամանատարությունը, որը պատասխանատու է Իրանի արևմուտքում գտնվող քրդերով բնակեցված տարածքների համար, նախազգուշացում է արել Իրաքյան Քրդստանում և Իրանում գործող խմբավորումներին։

    «Անջատողական տարրերի կողմից ամենափոքր գործողության դեպքում նրանց լիակատար ոչնչացումը կդրվի օրակարգում», — հեռուստաալիքը մեջբերում է հրամանատարության հայտարարությունը։

    Rudaw-ի աղբյուրների խոսքով այս տարածաշրջանի լեռնային շրջաններում բազավորված են տասնյակից ավելի քրդական ընդդիմադիր զինված կազմակերպություններ, նրանց շարքերում կան հազարավոր մարտիկներ։
    Հեռուստաալիքի տվյալների համաձայն
    մարտի 1-ին և մարտի 2-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի՝ քրդերով բնակեցված արևմտյան շրջանների տասնյակ թիրախների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների։

  • Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ի…

    🇦🇲🇮🇷 Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
    Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանն իր ցավակցությունն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին՝ ընդգծելով լարվածության թուլացման և խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարևորությունները։
    Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար բնույթի հարցերի:
    ՀՀ ԱԳՆ